Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մարտ 28,2024 23:55

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Ինչպես փոխանցում է Լուրերը, միջազգային գիտաժողովի նպատակն է քննարկել Հայաստանի առնչությունները հարևան պետությունների և ժողովուրդների հետ, Հայոց պետականության խաղացած դերը տարածաշրջանում։ «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» խորագրով գիտաժողովին ելույթ է ունեցել նաև Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն Ֆորջին: Նա անդրադարձել է ցեղասպանությունների կանխարգելմանը և այդ հարցում Հայաստանի դերին:

Ստորև ներկայացնում ենք ֆոն Յոդեն Ֆորջիի ելույթը:

«Շնորհակալություն կազմակերպիչներին, որ հրավիրել են ինձ այսօր ելույթ ունենալ, և այն ջանքերի համար, որ գործադրել եք: Գիտեմ, որ դժվարություններ կան: Ողջունում եմ Հայաստանին՝ որպես ցեղասպանության կանխարգելման ջանքերի առաջատար: Ես կխոսեմ որպես Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն, այլ ոչ թե որպես պատմաբան: Չնայած՝ այն, ինչ անում է մեր կազմակերպությունը, հիմնավորված է պատմությամբ և պատմագիտական ուսումնասիրությունների վրա:

Ես իմ կոչումների միջև տարբերակումն անում եմ, որովհետև օգտագործելու եմ անցյալը, որպեսզի հիմնավոր և ապացուցված հայտարարություն անեմ Հայաստանի մասին՝ որպես 21-րդ դարում պայքարի առաջատար:

Գիտակցում եմ, որ այսօր խոսում եմ Հայաստանի և հայերի համար շատ դժվար ժամանակաշրջանում՝ աշխարհաքաղաքական և գոյաբանական իմաստով: Դժվար է Հայաստանի մասին խոսել՝ որպես ցեղասպանության կանխարգելման առաջատար, երբ երկիրն ընդամենը 6 ամիս առաջ է վերապրել այն, ինչ շատերն անվանում են Երկրորդ Հայոց ցեղասպանություն Արցախում կամ Լեռնային Ղարաբաղում:

Լեմկինի ինստիտուտն Արցախում ցեղասպանությունը համարում է պատմության ամենազանգվածային և «արդյունավետ» դեպքերից մեկը, երբ Ադրբեջանը հաշված օրերի ընթացքում իր նախնիների հողից վերացրեց Արցախի ամբողջ հայ համայնքը: 4000 տարվա բնիկ քաղաքակրթությունը ջնջվեց: Լեմկինի ինստիտուտը խորապես ափսոսում է այս համաշխարհային սխալի կապակցությամբ: Մենք հանձնառու ենք՝ պայքարելու արդարության համար:

Փաստացի, գոյաբանական խնդիրներ կան, որոնց այսօր առնչվում են Հայաստանը և ամբողջ աշխարհի հայկական սփյուռքը, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմի համայնքը, ինչպես նաև այն համայնքները, որոնք ավելի ու ավելի հաճախ են հայտնվում «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության թիրախում: Այս գոյաբանական խնդիրները պետք է դասեր լինեն համաշխարհային հանրության համար՝ ցեղասպանության կանխարգելման երկարաժամկետ պայքարի համատեքստում: Օրինակ՝ եթե Արևմտյան աշխարհը հետևողական լիներ 1915-1923 թթ. հայերի ցեղասպանությունից հետո և շարունակեր Թուրքիայից պատասխանատվություն պահանջել, Հայաստանը չէր հայտնվի այն իրավիճակում, ինչ այսօր է: Եթե Արևմուտքը և Ռուսաստանն Ադրբեջանում տասնամյակներ շարունակվող հայատյացության ցեղասպանական դրսևորման վրա ուշադրություն հրավիրեին, Հայաստանը չէր հայտնվի այն իրավիճակում, ինչ այսօր է:

Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս ամբողջությամբ չօգտագործված զորություն՝ ազդելու տարածաշրջանային երկրների և նրանց բնիկ ու հնագույն ժողովուրդների հանդեպ աշխարհի վերաբերմունքի վրա:

Նախ մի քանի խոսքով ներկայացնեմ, թե ինչ է նշանակում ցեղասպանության կանխարգելումն այսօր: Մենք ապրում ենք մի ժամանակում, երբ ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ մեծ քայլեր են արվել: Սակայն ինքնին այդ նախաձեռնությունը, ըստ էության, ամբողջությամբ տապալվել է: Դա հասկանալու համար միայն պետք է նայել Արցախին, Գազային, Դարֆուրին, Մյանմային և Եթովպիային, ինչպես նաև Ուկրաինային և Չինաստանի Սինծյան նահանգին՝ այդ ձախողումն ընկալելու համար:

Անցած աշնանը մենք տեսանք, թե ինչպես ԵՄ-ն և ԱՄՆ-ը անամոթաբար հանցակից եղան երկու ցեղասպանություններին՝ մեկը՝ Արցախում, մյուսը՝ Գազայում՝ աշխարհաքաղաքական մտավախությունների պատճառով: Միաժամանակ, այդ մեղսակցությունը նոր չէ: Ես նոր եմ վերադարձել Բանգլադեշից՝ իրենց ցեղասպանության օրվա կապակցությամբ ունեցած ելույթիցս հետո: Այն հիշատակում է 1971 թ. Պակիստանի իրականացրած ցեղասպանությունը, որն իրագործվել է ԱՄՆ ամբողջական սատարմամբ և մեղսակցությամբ:

Չնայած՝ այդ մեղսակցությունը նոր չէ, այդ ամենի ակներևությունն ու ակնբախությունը նոր երևույթ են: Այսօր այստեղ եմ՝ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի, ինչպես նաև ցեղասպանության ձևակերպման և ճանաչման գործընթացների հանդեպ համաշխարհային հուսալքության օրերին: Մենք հիշում ենք ցեղասպանության կանխարգելման արձանագրությունները, մեխանիզմները և գործիքակազմը, սակայն դրանք հիմա չեն կիրառվում՝ չնայած 21-րդ դարի անգութ իրողություններին:

Չնայած ցեղասպանության կանխարգելման ձախողմանը, հատկապես անցած մեկ տարվա ընթացքում, կանխարգելման գործընթացում կա իրական առաջընթաց: Այսօր ստեղծվել են ինստիտուտներ, կան գիտելիք, հմտություններ, արձանագրություններ և գործիքներ, որոնք նախկինում երբևէ չենք ունեցել: Մենք պարզապես չենք կիրառում այդ ամենը: Ստեղծվել են նախադեպային օրենքներ, հատուկ իրավական տրիբունալներ, հիմնվել է Միջազգային քրեական դատարանը, ցեղասպանության կանխարգելման՝ ՄԱԿ-ի 5-կետանոց գործողությունների պլանը, պաշտպանելու պատասխանատվության դոկտրինը: Այդ ամենը, չնայած քիչ, սակայն օգնել են ցեղասպանության կանխարգելման կայացմանը՝ որպես նախկինում գոյություն չունեցած օրակարգ:

ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման համակարգում Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանության պատասխանատվության հարցերով հատուկ խորհրդականների պաշտոնների հիմնումը, ակադեմիական ծրագրերը, թանգարանները, մասնագիտացված կրթաթոշակները, մասնագիտական վերապատրաստումները, որոնք ուղղված են ցեղասպանության կանխարգելմանը: Բոլոր այդ քայլերը նպաստել են այդ հանցանքի մասին ավելի շատ իրազեկված աշխարհի կայացմանը: Ինչպես նաև աճող տեմպով միավորել ցեղասպանության կանխարգելման նպատակի շուրջ:

2014 թ. ՄԱԿ-ի հատուկ խորհրդականի հիմնած բռնության հանցանքների վերլուծության շրջանակի շնորհիվ, որոշակի հստակություն մտցվեց մեր ընդհանուր տերմինաբանության մեջ: Պատմության մեջ առաջին անգամ երրորդ երկիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել ցեղասպանության մեղադրանքով գործ՝ ընդդեմ ցեղասպանական պետություն Իսրայելի, երբ ցեղասպանությունը դեռ շարունակվում է: Դա մեծ քայլ է դեպի առաջ:

Թերևս առաջընթացի լավագույն օրինակներից է նաև միջազգային քաղաքացիական հասարակության և շահերի պաշտպանության կազմակերպությունների արձագանքը Գազայում Իսրայելի իրականացրած ցեղասպանությանը: Այսօր մարդիկ ամբողջ աշխարհում ավելի իրազեկ են ցեղասպանության մասին և ավելի լավ են կարողանում այն ճանաչել, քան նախկին տասնամյակների ընթացքում էր: Նրանք սոցիալական ցանցերի, միգրացիայի և միջազգային ճամփորդությունների շնորհիվ ավելի ներգրավված են այդ խնդիրների մասին իրազեկության մեջ: Իմ զգացողությունն այն է, որ ստեղծվում է համաշխարհային կոնսենսուս՝ ցեղասպանության վերաբերյալ, և այն ունի առավել մեծ ներուժ, քանի նախկինում, որպեսզի դառնա համակարգված և կայուն համաշխարհային բարոյական ուժ: Սակայն մենք պետք է աջակցենք նրան և փայփայենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031