ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել ու ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում իրականացված ծրագրերը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ընդգծելով, որ ՀՀ կրթության` մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրով սահմանվել է կրթական ծառայությունների հասանելիության եւ նվազագույն որակական շեմի բարձրացման թիրախ` նախարարը շեշտել է, որ հանրակրթության բովանդակային բարեփոխումները միտված են այդ թիրախների ապահովմանը:
Զեկուցողը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերից հանրակրթական բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում ներդրվել է հանրակրթության նոր չափորոշիչը, որը մինչ այդ փորձարկվել էր ՀՀ Տավուշի մարզում: Նախարարի խոսքով Համաշխարհային բանկը վերջերս զեկույց է հրապարակել նոր չափորոշչի` Տավուշի մարզում փորձարկման վերաբերյալ: «Արտաքին անկախ գնահատման արդյունքներով չափորոշչի ներդրումն ապահովել է կրթական արդյունքի՝ առնվազն վեց ամսով ավելացում: Այսպես, եթե 2015 թվականի ուսումնասիրությունների համաձայն՝ երեխաները 12 տարվա ընթացքում ապահովում էին շուրջ 8 տարվա կրթական արդյունք, ապա նոր չափորոշչի ներդրումից հետո այդ տարբերությունը կրճատվել է շուրջ 6 ամսով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Կարդացեք նաև
Ըստ նախարարի՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը: Արդյունքում՝ տարրական եւ միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20, որը դրական ազդեցություն կունենա նաեւ կրթության որակի վրա:
«Մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցներում, հաշվի առնելով այն, որ դասարանների խտության խնդիրն արդիական չէ, այլ լուծումներ են տրվել. սեպտեմբերից ներդրվել է հավելավճարի նոր կարգ, որի շահառու է 3000-ից ավելի ուսուցիչ, որոնց ամենամսյա աշխատավարձը միջինում մինչեւ 40.000 դրամով աճել է»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը շեշտել է, որ կամավոր ատեստավորման շրջանակում 2023 թվականին ատեստավորման դրական արդյունք է ապահովել 2976 ուսուցիչ, որոնք վարձատրվում են բարձրացված դրույքաչափով, ինչպես նաեւ ստանում են հավելավճար՝ ըստ հավաքած միավորների:
Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
Հանրակրթական ծրագրերից նախարարն առանձնացրել է նաեւ դպրոցների ենթակառուցվածքների բարելավումը, ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծումը, դպրոցական սննդի ծրագիրը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մեր երկիրը եւս միացել է Դպրոցական սննդի համաշխարհային կոալիցիային, ըստ որի` նոր չափորոշիչներով նախատեսվում է առողջ սննդի եւ առողջ ապրելակերպի ներառումը դպրոցներում:
Հաջորդ կարեւոր բարեփոխումը կրթական հաստատություններում մշակութային եւ սպորտային ծրագրերի իրականացումն է; Կարեւորվել է նաեւ նախորդ տարի դեկտեմբերին Կառավարության կողմից ընդունված Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման ռազմավարության ընդունումը, որի նպատակն է սպորտով զբաղվելու հնարավորությունը մեծացնել նաեւ մարզային բնակավայրերում: Նախարարը ներկայացրել է նաեւ մշակույթի ոլորտում իրականացված ծրագրերը՝ ընդգծելով, որ ներդրվել է նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության էլեկտրոնային մատյան:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտներում իրականացված աշխատանքները: Նախարարը նշել է, որ կատարված աշխատանքների արդյունքում հասել են ռազմավարության ավարտական փուլին: Նա ընդգծել է, որ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի արդյունավետությունը բարձր է, այն ներառում է 3 բաղադրիչ: ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային մատչելիության ծրագիրը 16 մլն դրամ է հատկացրել այն անձանց, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն եւ գրանցված ամուսնություն:
Անդրադառնալով կենսաթոշակներին՝ նախարարը նշել է, որ դրանց չափը մինչեւ 2026 թվականը կհամապատասխանեցվի պարենային զամբյուղին: Նարեկ Մկրտչյանը հիշեցրել է, որ 2023 թվականի հուլիսի 1-ից բարձարացվել է նվազագույն թոշակի չափը. 31,600 դրամի փոխարեն դարձել է 36,000 դրամ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը` ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար` 50,600 ՀՀ դրամ` 46,000 ՀՀ դրամի փոխարեն, ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար` 41,400 ՀՀ դրամ` 36,000 ՀՀ դրամի փոխարեն, ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար` 38,000 ՀՀ դրամ` 33,000 ՀՀ դրամի փոխարեն: Ծերության նպաստի չափը դարձել է 36,000 դրամ՝ 31,400 դրամի փոխարեն:
Ներդրվել է կենսաթոշակային անկանխիկ եղանակով համակարգ շուրջ 1000 կամ ավելի գյուղական բնակավայրերում, որից օգտվել է 220,000 թոշակառու:
2023 թվականին դրամաշնորհների շնորհիվ հկ-ների միջոցով իրականացվել է 35,000 երեխայի ցերեկային խնամք:
Նախարարի խոսքով անապահովության գնահատման միջոցով հանրավորություն է ընձեռվում վերապատրաստումների նոր համակարգ ներդնել, որը թույլ կտա նոր կադրեր ներգրավել եւ որակավորումը բարձրացնել: Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է կոռուպցիոն ռիսկերի առկայությունը՝ նշելով, որ դրանց գերակշիռ մասը բացահայտվել է Միասնական սոցիալական ծառայության եւ ուժային կառույցների սերտ համագործակցության օգնությամբ:
Արդարադատության նախարարության ոլորտին վերաբերելի զեկույցը ներկայացրել է նախարար Գրիգոր Մինասյանը:
«Ընդունվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների ծրագիրը: Նախատեսվում է կատարալեգործել օրենսդրությունը բռնության, ատելության խոսքի, թշնամական դեպքերը կանխելու համար: Այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են վերապատրաստման ուղղված ծրագրեր»,- տեղեկացրել է նախարարը:
Բարեփոխումների մեջ նա կարեւորել է «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը, որտեղ ներառվել են մի շարք նոր կարգավորումներ:
Նոր բարեփոխումներ են եղել դատական համակարգում, մասնավորապես, մինչեւ 2 մլն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման որոշ գործեր վերապահվել են նոտարին, ինչը, ըստ նախարարի, հնարավորություն կտա բեռնաթափել դատարանները:
Դատավորների սոցիալական երաշխիքների բարելավման քայլերի մեջ Գրիգոր Մինասյանն ընդգծել է նախորդ հաշվետու տարում Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձերի բարձրացումը:
Նախարարն ընդգծել է նաեւ նոր հակակոռուպցիոն ռազմավարության կարեւորությունը:
Քննարկման ընթացքում զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցերին:
ՀՀ Ազգային ժողով