Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին՝ ցնծության մեջ․ 6 մրցանակ բերած թատրոնը, «ջիգյարով» հանդիսատեսն ու շնորհավորանքներից պայթող համացանցը

Մարտ 28,2024 21:35

Երեկ թատրոնի միջազգային օրը ՀՀ Թատերական գործիչների միության 23-րդ ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ Գյումրու պետական դրամատիկական թատրոնն արժանացավ միանգամից 6 մրցանակի։

Միայն 5 մրցանակի արժանացավ Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհի» պատմական պիեսի հիման վրա արված ներկայացումը։

‘Artavazd’ annual theater awards ceremony (this year it is dedicated to the memory of the renowned Armenian actor Armen Jigarkhanyan) took place at the State Theater of Musical Comedy named after H. Paronyan in Yerevan, Armenia

‘Artavazd’ annual theater awards ceremony (this year it is dedicated to the memory of the renowned Armenian actor Armen Jigarkhanyan) took place at the State Theater of Musical Comedy named after H. Paronyan in Yerevan, Armenia

Այն ճանաչվեց տարվա «Լավագույն ներկայացում» »։ Այս մրցանակից բացի Լյուդվիգ Հարությունյանն արժանացավ նաև «Լավագույն ռեժիսուրա» մրցանակին։

Վասիլ իշխանի դերակատար Տիգրան Գաբոյանին շնորհվեց՝ «Լավագույն տղամարդ դերակատար», Նառա Սանթոյանին՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», Հակոբ Պողոսյանին` «Լավագույն լուսային նկարիչ» մրցանակները:

Նույն թատրոնից ևս մեկ մրցանակ հանձնվեց Արտուշ Միքայելյանին՝ «Տունը սահմանին» բեմադրության համար։

Այն ճանաչվեց տարվա «Լավագույն երիտասարդական ներկայացումը»։

Երեկվանից գյումրեցիները ցնծության մեջ են, կարելի է ասել՝ համացանցը պայթում է շնորհավորանքներից, ամենուր թատրոնի անձնակազմին ուղղված դրվատանքի, երախտիքի խոսքեր են, երբեմն էլ գյումրեցուն հատուկ հումորներ։

Գյումրեցիները կատակում են, թե սաղ «Արտավազդները» հավաքեցիք, բերեցիք Գյումրի, մի քիչ էլ մյուսներին թողնեիք։

Նրանք նաև նշում են, թե « Մեկ քաղաքի չեմպիոնները մեդալ կբերեն, մեկ էլ աճեմյանցիները»։

«Ախր, ինչխ չհպարտանանք. շատ զիլ են մերոնք, ու էդ մենակ մենք չենք ըսե:

Մեր հզոր թատրոնի, հզոր մարտիկներն են: Վերից վար ապրիք ու շատ լավ ապրիք» -գրել է ԵՆԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը՝ իր էջում տեղադրելով մրցանակակիրների լուսանկարները։

«Շնորհավորում եմ, տաղանդավոր թիմ, բացառիկ դերասանական կազմ, միշտ կանչող ու հոգեպես հարստացնող իմ Ամենաթատրոն, միշտ մնաք բարձունքում», -մաղթել է թատրոնի ջերմ երկրպագուհի Արփինե Խաչատրյանը։

«Չեմպիոնների մեդալների չափ մեկ էլ աճեմյանցիները կռնան Գյումրի մրցանակներ բերեն։

Շնորհավոր, մեր թատրոնը միշտ երիտասարդ, թարմ ու փառահեղ պահողներ»,- գրել է լրագրող Հրաչ Սահակյանը։

ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանն էլ կիսվել է իր զգացողություններով․ «Երեկ հերթական հպարտությունն ու ոգևորությունն ապրեցինք»։

Թվարկելով թատրոնի մրցանակները՝ պատգամավորը իր շնորհակալական խոսքն է հղել․

«Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել թատրոնի ողջ կազմին՝ թատրոն ասվածի իսկական ու վեհ նշանակությունն արժևորելու ու միշտ բարձունքին կանգնած լինելու համար։

Լավագույն ներկայացումներն՝ արդիական թեմաներով, բացառիկ ու զգացմունքային ձեր խաղը մեզ ամեն անգամ ստիպում է զգալ, հավատալ, սովորել։

Դուք հաղթահարել եք շատ դժվար ժամանակներ, հիմա պահն է վայելելու մեծ սեր, լեցուն դահլիճներ, ու ծափահարություններ»։

Aravot.am-ը Գյումրու թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանից հետաքրքրվեց, թե սպասո՞ւմ էին վեց մրցանակի, 11 մրցանակից 6-ին Գյումրու թատրոնն է արժանացել։

«Երբ լինում է մրցանակաբաշխություն, յուրաքանչյուր թատրոն մասնակցում է ու սրտի թրթիռով սպասում, որ մի մրցանակի կարժանանա։ Մրցանակաբաշխությունը շատ կարևոր է։ Գիտեք Հայաստանում «Արտավազդ» մրցանակաբաշխությունը միակն է ու խորհրդանշանական է, որ տեղի է ունենում մարտի 27-ին։

Թատերական աշխարհի մարդիկ հավաքվում են ու փորձում են տոնի վերածել, թեև մրցանակաբաշխություն է ու փոքր-ինչ լարված ես։ Իհարկե, կա մրցակցություն, բայց առողջ մրցակցություն է։

Մենք մեծ խմբով մասնակցում էինք, անցած տարի նույնպես մասնակցել ենք, սպասելիքներ ունեինք, բայց որ միանգամից վեց մրցանակի արժանանայինք, դրան չէինք սպասում։

Անակնկալ էր, ինձ համար համենայնդեպս շատ մեծ անակնկալ է եղել, այս ամենը ոգևորում է ինձ, իհարկե, նաև շատ պարտավորեցնում։

Ու վստահ եմ՝ այն մարդիկ, որոնք արժանացել են «Արտավազդ» մրցանակի, նրանց համար էլ որքան լավ զգացողություն է, այդքան էլ պարտավորեցնող է, որ ավելի շատ աշխատեն»,- ասում է Լյուդվիգ Հարությունյանը։

Տարվա լավագույն ռեժիսորը նշում է՝ ճիշտ է՝ մրցանակները ոգևորում են, բայց պիտի հասկանաս, որ անելիքներ շատ ունես։

«Անելիքս հետևյալն է․ կարողանամ պահպանելով մեր թատրոնի ակունքները՝ այնպես անել, որ ժամանակին համահունչ քայլի, մերը դասական թատրոն է, ավանդույթ ունեցող թատրոն է։ Այստեղ լինեն տարբեր ժանրերի ներկայացումներ։

Երբ վերլուծեցինք, հասկացանք, որ բացթողումներից մեկն այն էր, որ թատրոնը չուներ պատմական գործ, ես որոշեցի անդրադառնալ Լևոն Շանթին։ Յուրաքանչյուր թատրոնի համար մեծ պատիվ է իր խաղացանկում ունենալ հայ դասական հեղինակ ու Լևոն Շանթ՝ նրա լեզվամտածողությունը, ասելիքը․․․

Ամեն տարի վերլուծում ենք՝ ինչ չենք արել, ես կարծում եմ՝ շատ բան չենք արել, շատ անելիքներ ունենք ու կարծում եմ, որ փորձի փոխանակումը պիտի շարունակվի միանշանակ։

Թատրոնն այս տարի համագործակցելու է Կապանի թատրոնի հետ, շատ հետաքրքիր ծրագիր ենք մտածել։

Մտածում ենք առաջիկայում Հայաստանի սահմաններից դուրս մի քանի թատերական փառատոների մասնակցելու մասին։ Եթե ամեն ինչ բարեհաջող լինի, մայիս ամսվա վերջ թատրոնը կմեկնի փառատոնի։ Հետաքրքիր ներկայացումներ ունենալու ենք»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Մեր հարցին՝ հասցրե՞լ է հետևել գյումրեցիների գրառումներին, ընթերցե՞լ է նրանց մաղթանքները, Լյուդվիգ Հարությունյանը պատասխանեց․ «Շատ կարևոր մարդկանցից եմ շնորհավորանքներ ստացել, բայց ինձ համար շատ ավելի կարևոր մի բան կա, որը մեր քաղաքին է բնորոշ․ քաղաքի ժողովուրդը, հանդիսատեսը թատրոնը համարում է իրենը։

Եթե դժվարություններ կան, ինքը թատրոնի կողքին է, եթե թատրոնն ունի մրցանակ, ինքը համարում է իր մրցանակը։

Իրենք գիտեն յուրահատուկ ձևով սիրել, յուրահատուկ ձևով գնահատել։ Սա ամբողջ Հայաստանն է ասում, ես չեմ ասում՝ գյումրեցի հանդիսատեսը լրիվ ուրիշ է՝ ջիգյարով է, էմոցիոնալ է, կարողանում է քեզ ուժ տալ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031