«Իրավասու մարմինը պահանջում է Հայկազ Բաղմանյանին տրամադրված շուրջ 10 միլիոն դրամի չափով փոխառության պահանջի իրավունքը բռնագանձել։ Հայկազ Բաղմանյանն իր տված հարցազրույցում հայտնել էր, որ նշված գումարի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի, չի ծանուցվել դատական գործընթացի վերաբերյալ, նշել է նաև, որ Սուրիկ Խաչատրյանը բազմաթիվ անգամներ դրամական օգնություն է ցուցաբերել ըստ էության բանակի կարիքների համար՝ Սիսիանի հրաձգարանի կառուցման համար։ Հարցազրույցում նա մանրամասն նշել է և չի բացառել, որ այդ գումարները տրամադրված լինեն հենց այդ նպատակով։ Եվ քանի որ դատախազությունը Հայկազ Բաղմանյանի փոխառության պահանջի իրավունքի բռնագանձման պահանջ է ներկայացրել, դատական ակտը շոշափելու է Հայկազ Բաղմանյանի իրավունքներն ու օրինական շահերը, այդ նպատակով միջնորդել ենք, որ նա ներգրավվի»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մարգարիտա Ղազարյանը։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ կայացած Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով հերթական դատական նիստին ներկա չէր Հայկազ Բաղմանյանը։
Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչը տեղեկացրեց՝ նախորդ դատական նիստին միջնորդել էին, որպեսզի Հայկազ Բաղմանյանին դատարանը ներգրավի՝որպես երրորդ անձ։ Միջնորդությունը բավարարվել էր։ Սակայն Հայկազ Բաղմանյանին ուղարկված ծանուցումները դատարան էին վերադարձվել չպահանջված նշագրմամբ․ դատարանը այլ եղանակով ծանուցում չէր իրականացրել։
Հիշեցնենք՝ այս գործով դատական նիստերի ընթացքում ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը թվարկել էր Սուրիկ Խաչատրյանի փոխառություններից օգտվող անձանց ցուցակը. ըստ այդմ՝ Աշոտ Մինասյանին տրվել է 40 միլիոն դրամի չափով փոխառություն,Հրայր Առաքելյանին՝ 40 միլիոն դրամի չափով, Առուշ Առուշանյանին՝ 3 միլիոն 350.000 դրամի չափով (խմբ. Գորիսի գործող քաղաքապետ), Էրիկ Համբարձումյանին՝ 56 միլիոն դրամի չափով, Հայկազ Բաղմանյանին՝ 10 միլիոն դրամի չափով (խմբ. Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ), Հովիկ Աբրահամյանին՝ 40 միլիոն դրամի չափով (խմբ․ ԱԺ նախկին նախագահ), Սպարտակ Սիմոնյանին՝ 7 միլիոն 297. 788 դրամի չափով, Գարեգին Լազարյանին՝ 1 միլիոն դրամի չափով:
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից ու նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել ապօրինի ծագման միլիարդների հասնող գույք ու ակտիվներ։
Կարդացեք նաև
Հայկազ Բաղմանյանի՝ չծանուցված լինելու պայմաններում Հայկազ Բաղմանյանի բացակայությունը դատախազության ներկայացուցիչ Գևորգ Քոչարյանը և Էրիկ Համբարձումյանի ներկայացուցիչ Նորայր Բալյանը խոչընդոտ չէին համարում, որպեսզի դատական նիստը շարունակվի։ Սակայն Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչը միջնորդեց, որպեսզի դատական նիստը հետաձգվի և դատարանն ապահովի Հայկազ Բաղմանյանի պատշաճ ծանուցումը։ Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ հաջորդը նշանակելով ապրիլի 23-ին՝ ժամը 14։00-ին, որպեսզի այս ընթացքում դատարանն ապահովի Հայկազ Բաղմանյանի պատշաճ ծանուցումը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ