«Դուք հաճախ ներկայացնում եք, որ լավ բան եք անում, բայց կոնկրետ «Գոյ» թատրոնի դեպքում ունենք դժգոհություններ, դերասանական կազմը եւ ղեկավարությունը չի ընդունում ձեր որոշումը, իրենք իրենց բացատրություններն ունեն, թե ինչու են դեմ: Օրերս էլ նրանց անգամ թույլ չէին տվել թատրոն մտնել … Միգուցե նման դեպքերում վերանայե՞ք ձեր որոշումը՝ ընդունելով, որ լավ բան չեք անում, եւ շահառուները չեն օգտվում դրանից»,- ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
Ժաննա Անդրեասյանն ի պատասխան ասաց, որ քանիցս հանդիպել են «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմի հետ եւ մի քանի տարբերակներ առաջարկել՝ հարգելով իրենց որոշումներն ու կարծիքները:
«Իրենք կարող էին ներկայացնել բոլոր փոփոխությունները, որոնց կարիքը զգում էին կանոնադրության մակարդակում, որպեսզի իրենց ապահովագրված զգային ֆինանսական, խաղացանկի ազատության եւ մնացած բոլոր հարցերում: Մենք Սունդուկյան թատրոնում 20-ից ավել հաստիքացուցակ ունեինք եւ առանձին միավորով «Գոյ» թատերական խմբին դիտարկում էինք, առաջարկում, որ իրենք ասեն, թե կանոնադրության որ կետում ինչ փոփոխության կարիք են տեսնում…
Առաջարկում էինք նաեւ, որ եթե իրենք ուզում են որպես առանձին թատրոն գործել, դիտարկեն մասնավոր թատրոն դառնալու տարբերակը: Նշում էինք, որ պետության կողմից պատրաստ ենք աջակցել նրանց անցումային փուլում»,-ասաց ԿԳՄՍ նախարարը:
Կարդացեք նաև
Նա այլ մասնավոր թատրոնի օրինակը բերեց. «Երեկ Թատրոնի միջազգային օրն էր, եւ ես երեկոյան այցելել էի մեր մասնավոր թատրոններից մեկը, որը կոչվում է «Թատրոն տանիքում»: Այդ թատրոնը գործում է արդեն ավելի քան 7 տարի՝ առանց որեւէ պետական աջակցության, անընդհատ հրավիրելով տարբեր ռեժիսորների, ստեղծելով տարբեր բովանդակություն եւ ունենալով բավականին մեծ հանդիսատես
Ժամանակակից աշխարհում պետական թատրոնների գաղափարը էական փոփոխություն է ապրում, եւ հատկապես փորձարարական թատրոնների պարագայում մասնավոր լինելը նաեւ տալիս է հնարավորություններ: Մենք պատրաստ էինք պետական աջակցությամբ «Գոյ» թատրոնի մասնավոր դառնալու հեռանկարն էլ հասկանալ, բայց մարդիկ իրենց կարծիքն ունեն, ինչը հարգում եմ, իրենց դիրքորոշումն ունեն, դատական հայցեր են ներկայացրել, մենք իրավական պետություն ենք, արդեն այդ հարթության մեջ որեւէ մեկնաբանություն չեմ տա, որովհետեւ իրավական գործընթացներն իրենք իրենց հունով կգնան»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ