Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի՝ Հայաստանում ծայրահեղ ու միջին աղքատությունը շարունակել է նվազել

Մարտ 28,2024 17:34

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի` համապատասխան ոլորտներին վերաբերող մասերը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասն ներկայացրել է 2023 թվականին աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտներում իրականացված աշխատանքները` մասնավորապես նշելով, որ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված է կենսաթոշակի նվազագույն չափը մինչեւ 2026 թվականը համապատասխանեցնել պարենային զամբյուղին, իսկ միջին կենսաթոշակը` նվազագույն սպառողական զամբյուղին:

Պարենային զամբյուղի համար նախանշված թիրախը 2023 թվականին գերազանցվել է: 2023 թվականի 4-րդ եռամսյակի ցուցանիշով` նվազագույն կենսաթոշակը պարենային զամբյուղը գերազանցել է 11 տոկոսով:

Հուլիսի 1-ից բարձրացել են` նվազագույն կենսաթոշակը` 36,000 ՀՀ դրամ 31,600 ՀՀ դրամի փոխարեն, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը` 1750 ՀՀ դրամ` 1600 ՀՀ դրամի փոխարեն, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը` ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար` 50,600 ՀՀ դրամ` 46,000 ՀՀ դրամի փոխարեն, ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար` 41,400 ՀՀ դրամ` 36,000 ՀՀ դրամի փոխարեն, ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար` 38,000 ՀՀ դրամ՝ 33,000 ՀՀ դրամի փոխարեն եւ այլն:

Նախարարի խոսքով ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության (16 մլն դրամի) ծրագրի շրջանակում սահմանամերձ 80 գյուղական բնակավայրում բազմաթիվ ընտանիքներ սկսել են կառուցել իրենց սեփական տունը: Տարեվերջի դրությամբ հաստատված հայտերի թիվը կազմել է 280, փաստացի մեկնարկել են 153 տան կառուցման աշխատանքները, մասնավորապես, Տավուշում` 152, Սյունիքում` 41, Արարատում` 34, Վայոց ձորում` 32, Գեղարքունիքում` 21:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում տարեվերջի դրությամբ սուբսիդավորվել է շուրջ 9 070 վարկ, ընդհանուր շուրջ 6,4 մլրդ ՀՀ դրամ ծավալով:

Անդրադառնալով աղքատության ցուցանիշներին` Նարեկ Մկրտչյանը նշել է, որ միջին աղքատությունը շարունակել է նվազել: Մասնավորապես, 2022 թվականի ցուցանիշը 2021 թվականի նկատմամբ նվազել է 1,7 տոկոսային կետով, 2021 թվականի ցուցանիշը 2020 թվականի նկատմամբ` 0,5 տոկոսային կետով:

Նվազել է նաեւ ծայրահեղ աղքատությունը, մասնավորապես, 2022 թվականի ցուցանիշը 2021 թվականի նկատմամբ նվազել է 0,3 տոկոսային կետով` կազմելով 1,2 տոկոս:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ դիտարկումներին, տվել պարզաբանումներ: Պատգամավորներն ընդգծել են Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների վերապատրաստման կարեւորությունը, անհրաժեշտ համարել, որպեսզի վերջինները քաղաքացիներին պարզ եւ մատչելի բացատրեն կայացված որոշումների պատճառները:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031