ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին Վանաձորի 20-ամյա բնակչուհի Մ.Գ.-ի մահվան էական հանգամանքներ:
2022 թվականի օգոստոսի 25-ին «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ արձանագրվել է նույն օրն իրենց մոտ տեղափոխված հղի կնոջ մահը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Նախաքննության ընթացքում իրականացված առաջնային անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում նաև նշանակված հանձնաժողավային դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Վանաձորի՝ հղիություն ունեցող 20-ամյա կինը, վատ ինքնազգացողությամբ պայմանավորված, դիմել է «Վանաձորի բժշկական կենտրոն» և հետազոտվել:
Կարդացեք նաև
Իրականացված հետազոտության արդյունքում համապատասխան մասնագետի կողմից տրվել է «Աջակողմյան լյումբոիշալգիա» թերի կլինիկական ախտորոշումը և դրան համապատասխան նշանակված դեղորայքային բուժումով հղի կինն ուղարկվել է տուն:
Սակայն ժամեր անց վերջինս դարձյալ դիմել է նույն բժշկական կենտրոն և ստացիոնար բուժում ստանալու նպատակով ընդունվել մանկաբարձական բաժանմունք:
Դրանից հետո, տրված թերի կլինիկական ախտորոշմանը համապատասխան, շարունակվել է դեղորայքային բուժումը, սակայն հղիի վիճակը վատթարացել է։
Երկու համապատասխան մասնագետ բժիշկների կողմից իրականացվել է հիվանդի համատեղ զննում, որը սակայն, ինչպես քննությամբ է պարզվել, իրականացվել է ոչ պատշաճ. մասնավորապես՝ կրկին տրվել է նույն թերի կլինիկական ախտորոշումը, չեն արձանագրվել հղիի թոքերի հետազոտություն իրականացված լինելու վերաբերյալ տվյալները, չի ախտորոշվել հիմնական ախտաբանությունը և չեն իրականացվել տվյալ ախտաբանությանը համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ:
Այնուհետև, հիվանդի վիճակի դինամիկայում վատացման պայմաններում նշանակվել է թերապևտի կոնսուլտացիա, որը ևս իրականացվել է ոչ պատշաճ, անգամ արձանագրելով «վեզիկուլյար շնչառություն»՝ չի ախտորոշվել հղիի մոտ նշված հիմնական ախտաբանությունը, չեն իրականացվել դրան համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ:
Ստացված փորձագիտական եզրակացության համաձայն՝ անհրաժեշտ կլինիկա-լաբորատոր և գործիքային հետազոտությունների պատշաճ իրականացումը հնարավորություն կտար կնոջ մոտ ժամանակին ախտորոշել առկա երկկողմանի թարախա-ֆիբրինային միաձուլվող ինտերստիցիալ թոքաբորբը և, ձեռնամուխ լինելով անհրաժեշտ ծավալներով համապատասխան բուժմիջոցառումների իրականացմանը, հնարավոր կլիներ փրկել հիվանդի կյանքը՝ հղիության պահպանումով, որոնց իրականացման համար բժշկական կենտրոնում օբյեկտիվ խոչընդոտող պատճառներ չեն եղել:
Նշված բացթողումների հետևանքով 2022թ․ օգոստոսի 25-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ուլտրաձայնային հետազոտման արդյունքում հղիի մոտ ախտորոշվել է պտղի ներարգանդային մահ։ Կինը նույն օրը ծայրահեղ ծանր՝ կոմատոզ վիճակում տեղափոխվել է «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ը։ Չնայած այստեղ ժամանակին և բավարար ծավալով իրականացված վերակենդանացման միջոցառումներին, 20-ամյա կնոջ կյանքը փրկել հնարավոր չի եղել:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի բժշկական գործունեություն ծավալող երեք անձանց, մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար (որն անզգուշությամբ առաջացրել է Վանաձոր քաղաքի 20-ամյա բնակչուհու մահը), ներկայացվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե