Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծրագիրը հավակնոտ է և գրավիչ». ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաք

Մարտ 28,2024 16:13

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել են ակադեմիական քաղաքի հիմնական տեղամաս՝ Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածք՝ ծանոթանալու տեղանքին և մշակվող նախագծի  մանրամասներին:

Ակադեմիական քաղաքի տարածք են այցելել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին և այլք:

ԿԳՄՍ նախարարն «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակում կարևորել է միջպետական բուհերի ակտիվ մասնակցությունը՝ դրանց կարիքները, առաջարկությունները, գաղափարները դիտարկելու և մշակվող նախագծում հաշվի առնելու նպատակով:

Ժաննա Անդրեասյանը դեսպանին է ներկայացրել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախնական տարբերակի մանրամասները, անդրադարձել դրա ենթակառուցվածքների տեղադիրքին: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ առաջիկա ամիսներին պատրաստ կլինի ակադեմիական քաղաքի ամբողջական հատակագիծը, որն այժմ գտնվում է  մշակման և նախագծման փուլում:  Նախագծի հայեցակարգի շրջանակում զուգահեռաբար աշխատանքներ են իրականացնվում նաև լանդշաֆտային դիզայնի, ճանապարհային ցանցի ու անհրաժեշտ ենթակառուցվածքների նախագծման ուղղությամբ, ինչից հետո ծրագրի իրականացումը լինելու է փուլային սկզբունքով։ Ընդ որում՝ առաջին փուլի հիմնական կետերից մեկը լինելու է երկաթուղու գործարկման ուղղությամբ աշխատանքների մեկնարկը։

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին բարձր են գնահատել նախագծի շուրջ իրականացվող մեծածավալ աշխատանքները՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարելով համարձակ, հավակնոտ և գրավիչ: Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության զարգացման ու ընդլայնման օրակարգը դիտարկելու «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում: Նախագծի իրականացումը կարևորվել է նաև օտարերկրյա ուսանողների ներգրավվածության տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ ակադեմիական քաղաքում միջազգային չափանիշներին համապատասխան ուսանողական հանրակացարաններ և այլ կարևոր ենթակառուցվածքներ են լինելու: Դեսպան Օլիվիե Դըկոտինյին հետաքրքրվել է նախագծվող քաղաքի հանրակացարանային, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքներից՝  շեշտելով, որ դրանք առաջնային անհրաժեշտություն են:

Նշենք՝ միջպետական բուհերի կարիքներն ու պահանջներն ակադեմիական քաղաքի ստեղծման գործընթացում հնարավորինս հաշվի առնելու, մշտական իրազեկման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու, նախատեսվող լուծումների քննարկումներն առավել մասնակցային դարձնելու նպատակով դիտարկվում է առանձին աշխատանքային խումբ ձևավորելու հնարավորությունը: Ակադեմիական քաղաքի նախագծման և հայեցակարգի ձևավորման արդյունավետության նպատակով համագործակցությունը միջազգային գործընկեր կառույցների հետ կրելու է շարունակական բնույթ:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031