Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրանեսթ ԽՎ-ն բանաձևով կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն ներգրավվել Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացում»

Մարտ 28,2024 15:59

«Մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ որում, շատ ավելի քիչ, քան վճարում ենք»,- խորհրդարանում ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հարցին, որ, ըստ լուրերի, ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու միասնական համաձայնության չկա ՔՊ խմբակցությունում․ հաշվի առնելով մտահոգությունները, որ Հայաստանի տնտեսությունը կապված է ՌԴ հետ, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։

Բաբկեն Թունյան

ՔՊ-ական պատգամավորը հավաստիացրեց, որ զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ են աշխատում․ «Այս պահին ինչ-որ առարկայական, կտրուկ գործողության մասին խոսք չկա»։

Խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները ներկայացրեցին 11-րդ լիագումար նիստի աշխատանքները։

Մարիա Կարապետյան

Պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը տեղեկացրեց, որ վեհաժողովի լիագումար նիստում ընդունած բանաձևով կոչ է արվում ԵՄ անդամ պետություններին՝ ուղղակի բյուջետային աջակցության և միջազգային կազմակերպությունների միջոցով մեծացնել Հայաստանին տրամադրվող անհրաժեշտ մարդասիրական և ֆինանսական օգնությունը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

Բանաձևով ողջունվել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու Հայաստանի կառավարության որոշումը, ԵՄ կառույցներին հորդորել են մշակել կոնկրետ առաջարկներ՝ ինչպե՞ս արձագանքել Հայաստանի եվրոպական ձգտումներին։

Բանաձևով խրախուսվում է նաեւ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտը․ «Եվրանեսթ ԽՎ-ն բանաձևով կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն ներգրավվել Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացում, ապահովել կայուն խաղաղության պայմանագիր, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար՝ ընդգծելով տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը»։

Վեհաժողովը նաև խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտը, ինչի շնորհիվ կհաստատվեն միջպետական հարաբերություններ՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, առաջին հերթին՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031