Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ նպաստել աշխարհի տարբեր երկրներում մշակութային նախագծերի իրագործմանը. շարունակվում են Կոնստանտին Օրբելյանի հյուրախաղերը աշխարհի հեղինակավոր բեմերում

Մարտ 28,2024 15:20

Հարցազրույց Նյու-Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, հայազգի մեծանուն երաժիշտ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻ հետ:

– Սիրելի մաեստրո, մենք ուրախությամբ հետևում ենք Ձեր ելույթներին աշխարհի տարբեր բեմերում և այնպիսի տպավորություն է, որ այս տարվա Ձեր հյուրախաղերն, իսկապես, շատ են և բազմազան։

– Այո, դուք իրավացի եք. այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ նպաստել աշխարհի տարբեր երկրներում մշակութային նախագծերի իրագործմանը։ Հյուրախաղերն իրականացվում են Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնում և Կաունասի սիմֆոնիկ նվագախմբում իմ հիմնական աշխատանքին զուգընթաց։ Նաև ձայնագրություններն են կարևոր տեղ զբաղեցնում իմ գործունեության ընթացքում։

– Ի դեպ, անցյալ տարի մեր հայ արտիստների մասնակցությամբ շքեղ ալբոմներ ձայնագրեցիք, իսկ այս տարին մեկնարկեցիք «Delos Music» աշխարհահռչակ ընկերությունում նոր ձայնագրությամբ՝ ինչի առթիվ շնորհավորում ենք։

– Շնորհակալություն գնահատանքի և իմ գործունեության նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրության համար։ Անցյալ տարի մեր տաղանդաշատ արտիստներ Լիպարիտ Ավետիսյանի և Գևորգ Հակոբյանի մաանակցությամբ ունեցանք ձայնագրություններ, իսկ այս տարեսկզբին Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի և շնորհալի թավջութակահարուհի Քրիստինա Ռեյկո Կուպերի  մասնակցությամբ «Delos Music»-ում ունեցանք նոր ձայնագրություն։ Հուսամ հայ արտիստների մասնակցությամբ առաջիկայում դարձյալ կունենանք նոր ալբոմների ձայնագրություններ։

– Որքանով հետևում ենք Ձեր գործունեությանը մշտապես ակտիվ ստեղծագործական կապի մեջ եք հայ արտիստների հետ։

– Ես բոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների, բարեկամների հետ։ Մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում, քննարկում տարատեսակ ստեղծագործական ծրագրեր։ Սա անդադար և շարունակական պրոցես է։

– Պարոն Օրբելյան, օրերս Ձեր ղեկավարությամբ Ռումինիայում շքեղ համերգային տոն կայացավ։ Մենք առիթ ունեցանք այդ ելույթը վայելելու հեռուստատեսային հեռարձակմամբ։ Իսկապես շքեղ էր։

– Այո, Ռումինիայի Կլուժ Նապոկայում կայացավ ամենամյա Մեծ Օպերային պարահանդեսը, որը կազմակերպվում էր արդեն 29-րդ անգամ։ Հանդես եկան տենոր Սթիվեն Կոստելլոն, սոպրանո Եկատերինա Սյուրինան և սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին՝ մասնակցությամբ Ռումինիայի օպերայի և բալետի թատրոնի նվագախմբի։ Ի դեպ, Սթիվեն Կոստելլոն և Ֆեդերիկո Մոնդելչին իմ հրավերով հանդես են եկել նաև Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում նույնպես։ Անչափ հետաքրքիր ձևաչափ էր. հանդիսատեսին նույնպես հնարավորություն է տրվում անմիջական մասնակցություն ունենալ այս համերգային ներկայացմանը։ Հանդիսատեսի հետ միասին մենք նույնպես շատ վառ տպավորություններ ստացանք։

– Այնքան հագեցած ստեղծագործական տարի է, որ կարծում եմ մենք անսպառ զրույցի նյութ ունենք, սակայն ուզում եմ անպայման անդրադառնանք այս տարի Ձեր ղեկավարությամբ Բուխարեստում տեղի ունեցած համերգին։

– Փետրվարի 22-ին և 23-ին Բուխարեստի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ վիրտուոզ ջութակահարուհի Միխաելա Մարտինի հետ միասին ներկայացրինք Հարությունյանի, Խաչատրյանի ստեղծագործություններից և Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան։ Ռումինիայի Ազգային թատրոնում էլ տեղի ունեցավ շնորհաշատ սոպրանո Լալի Խաբալովայի դեբյուտը։ Կարծում եմ գեղեցիկ համերգային երեկո էր։

-Սիրելի մաեստրո, մենք, իսկապես, հպարտանում ենք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներով և ուրախ կլինենք պարբերաբար մեր հայ լսարանին իրազեկել Ձեր ընթացիկ ծրագրերին։ Մինչ նոր հանդիպում։

– Ես նույնպես ուրախ եմ, որ առիթ եղավ զրուցելու և խնդրում եմ փոխանցել ջերմագին ողջույններս իմ հայրենակիցներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031