Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար: «Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի՝ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք: Անհրաժեշտության դեպքում պետք է արվեն նաև համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն: Կրկին ասում եմ՝ կամա թե ակամա, դա ուրիշ հարց է, բայց հարց է, որ պետք է նաև պատասխան ստանա: Ես այսօր պատրաստ չեմ եզրակացություններ անել այս թեմայով, բայց և ուզում եմ հստակ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում բացի Հայաստանի Հանրապետության կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ: Եթե որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է, և հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են: Ես ուզում եմ, որ այս ուղերձը հստակ լինի բոլորի համար, և սա ուղղակի հայտարարություն չէ, որը պարզապես հնչում է բարձրախոսից: Սա հստակ արձանագրում է, և այդ արձանագրումը պետք է արտահայտվի իրական կյանքում: Ուզում եմ՝ սա բոլորիս համար հասկանալի լինի: Նրանք, ովքեր այս ուղերձներով հադես են գալիս, իրենք այդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունն ունեցել են, և տեսել ենք, թե ինչ են արել այդ հնարավորության հետ: Կրկին ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում բացի Հայաստանի Հանրապետության կառավարությունից, որևէ այլ կառավարություն չկա, չի եղել և չի կարող լինել ընդհանրապես: Ասենք՝ ամեն մեկը գնա, մի բնակարան վարձի ու ցուցանակը կպցնի, ասի՝ մենք այսինչի կառավարությունն ենք: Կներե՛ք, բայց կրկին պետության նկատմամբ նման գործողությունները, որոնք արդեն զուտ հարգալից-անհարգալիցի գիծն անցնում են, և այդ տրամաբանությունն են ստանում, չեն կարող անարձագանք մնալ Հայաստանի Հանրապետության կողմից»:
Կառավարությունը երկարաձգել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը և ընդլայնել շահառուների շրջանակը
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ «40 հազար+10 հազար դրամի» ծրագրի հիման վրա ևս 9 ամսով շարունակել սոցիալական աջակցության միջոցառումը, այսինքն՝ կեցության և այլ ծախսերը հոգալու համար տրամադրվող աջակցությունը շարունակել 2024 թ. ապրիլից մինչև դեկտեմբեր ներառյալ: Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, վճարումը կիրականացվի նույն տրամաբանությամբ՝ աջակցել ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ և՛ անչափահասներին, և՛ չափահասներին. «Առաջարկվող նախագծով պահպանվում են «40 հազար +10 հազար» միջոցառման հիմնական պայմանները: Միաժամանակ մենք այս նոր նախագծով ընդլայնում ենք շահառուների շրջանակը, մասնավորապես որպես շահառու ենք դիտարկում 2020 թ.-ից հետո տեղահանված ընտանիքի անդամներին: Այսօր նախագծով շահառու կդառնան նաև բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները կամ բոլոր այն՝ մինչև 18 տարեկան երեխաները, որոնց դրամական աջակցություն նշանակելու դիմում ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն միջոցառման շահառու է»:
Կարդացեք նաև
Ըստ նախարարի՝ որոշմամբ նախատեսված միջոցառմանը չեն կարող մասնակցել ՀՀ-ում բնակարանային ծրագրի՝ 2022 թ. 169-Լ որոշման շահառուները: «Սրանք վերաբերում են բնակարան հավաստագրի իրավունք ունեցող՝ ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին: Նույն նախագծի շրջանակում նաև ժամկետների փոփոխություն ենք իրականացնում 100 հազարների և 50 հազարների միջոցառումներում՝ հնարավորություն տալով շուրջ 350 հոգու դառնալ 100 հազարների և մյուս միջոցառումների շահառու, եթե նրանց տեղահանված ճանաչելու ուղղությամբ ընթացիկ դիմումների հիման վրա մենք Միգրացիոն ծառայությունից կստանանք հաստատում տեղահանված լինելու փաստի մասով: Հստակեցվում և լավարկվում են նաև որոշ իրավակարգավորումներ: Դիմումներն ընդունվելու են ապրիլի 15-ից: «40 հազար+10 հազար» միջոցառման համակարգում դիմում ունեցող չափահասները կրկին դիմելու կարիք չեն ունենալու»,- նշել է Նարեկ Մկրտչյանը:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև տարվա վերջ: «Տարվա վերջին տվյալ պահի դրությունը կուսումնասիրենք և կդիտարկենք ծրագրի շարունակման նպատակահարմարությունը: Դրան զուգահեռ՝ մենք այս երկարացումը դիտարկում ենք որպես հնարավորություն, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարողանան ավելի կայունանան, իրենց ծախսերը հոգալու հնարավորություն ունենան, միևնույն ժամանակ հնարավորություն ունենան ձեռք բերել աշխատանք: Մենք նաև զուգահեռ ունենք զբաղվածության ծրագիր, որն արդեն դրվել է շրջանառության, որի շրջանակում արդեն հաստատվել է ավելի քան 370 դեպք: Այն նախատեսված է 1000 հոգու համար»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:
Ի պատասխան վարչապետի հարցին՝ նախարարը տեղեկացրել է, որ որոշմամբ ընդլայնվում է աջակցության շրջանակը, որի արդյունքում 2020 թ.-ից հետո տեղահանված ընտանիքներն էլ են դառնում շահառու. «Դրանց թիվը շուրջ 6000 է, ինչպես նաև տեղահանումից հետո մենք դեպքեր ունենք, երբ ընտանիքներում նոր երեխաներ են ծնվել, և հարց է առաջանում՝ երեխաները շահառո՞ւ են, թե՞ չէ»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այն տեղեկատվությանը, որի համաձայն ավելի քան 11 800 ԼՂ-ից բռնի տեղահանված աշխատանքի է ընդունվել ՀՀ-ում և ընդգծել, որ այդ գործընթացը պետք է քաջալերել:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ տեղեկացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 17 հազարը, կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում. «Մենք նաև անհրաժեշտ ճշտումներ ենք արել, որպեսզի հասկանանք այն երեխաների շրջանակը, որ դեռևս կարող է կրթության կազմակերպման խնդիր ունենալ։ Մենք ամբողջությամբ հոգացել ենք նաև բուհերի ու քոլեջների ուսանողների կրթության կազմակերպման հարցը և արդեն իսկ փոխհատուցել նրանց այս ուսումնական տարվա առաջին կիսամյակի վարձը»: Նախարարը նշել է նաև, որ ՀՀ կառավարության ուսուցիչներին մարզային դպրոցներ գործուղելու և այնտեղ արտամրցութային կարգով աշխատանքի ապահովելու ծրագրով ԼՂ-ից բռնի տեղահանված արդեն ավելի քան 320 ուսուցիչ է աշխատում մարզերում, իսկ ընդհանուր առմամբ, այդ ծրագրից դուրս, աշխատանքի է տեղավորվել ԼՂ շուրջ 500 ուսուցիչ։
Թեմայի առնչությամբ՝ վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու տարբեր ծրագրերը: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է նաև նրանց համար բնակարանային ապահովման ծրագրից:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ և նշել. «Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, թե՛ մասնակից նախարարությունների, թե՛ նաև հասարակական կազմակերպությունների հետ: Մարզային քննարկումներ ենք կազմակերպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված համայնքների առավել ակտիվ անձանց հետ, որպեսզի այդ ծրագրի հետ կապված բոլոր հարցերը, որտեղ հնարավոր է դեռևս վերջնականացման փուլում ուղղումներ կատարել, բերենք այնպիսի տեսքի, որպեսզի դրա իրականացումը լինի սահուն ու հարթ: Կարծում ենք, որ ապրիլ ամսվա ընթացքում արդեն ծրագիրը կարող ենք ներկայացնել: Շատ բան չի մնացել, հիմնական հարցերը պարզ են, նաև դժվարություններ են պարզ: Շատ մեծածավալ ծրագիր է: Գիտեք, առիթ ունեցել եմ զեկուցելու, որ խոսքը վերաբերում է 25-30 հազար ընտանիքների բնակարանով ապահովելուն: Այս ծավալը, թե՛ երկրորդային շուկայում եղած առաջարկի տեսանկյունից, թե՛ կառուցման մեջ գտնվող շինարարության ծավալի տեսանկյունից բավական էական փոփոխություն է, և մենք այնտեղ պետք է հատկապես ուշադրություն դարձնենք հերթականությանը»:
Փոխվարչապետի խոսքով՝ առաջին փուլով ոչ բոլոր ընտանիքներին կկարողանան առաջարկել բնակարան կամ տուն, ուստի ստիպված կլինեն որոշակի փուլային հաջորդականություն սահմանել. «Հունվար ամսից մենք նախատեսում ենք նաև բնակարանային կեցության ծախսերի որոշակիորեն ձևափոխված ծրագրային շարունակություն ունենալ: Ես ուզում եմ պարզաբանել նաև, թե ինչպես է դա կապված այս բնակարանային ապահովության նախաձեռնության հետ՝ հաշվի առնելով, որ առաջին փուլում մենք ոչ բոլոր ընտանիքներին կկարողանանք առաջարկել բնակարան կամ տուն կամ գնել կամ կառուցելու հնարավորությունը, ստիպված կլինենք որոշակի փուլային հաջորդականություն սահմանել: Աջակցության ծրագիրը կշարունակենք այն ընտանիքների համար, որոնք ավելի ուշ հերթում կլինեն: Այսինքն՝ մենք դիտում ենք այն որպես կամուրջ մինչ բնակարանային հարցերի վերջնական լուծումը: Մենք, իհարկե, առաջիկայում առիթ կունենանք մանրամասները վերջնականացնելու և ավելի պարզաբանելու, բայց այնպիսի ընթացքի մեջ է, որ մենք կարծում ենք, որ ապրիլ ամսվա ընթացքում կառավարությունը կարող է արդեն քննարկել»:
Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել
Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր, համայնքային մասհանումներ իրականացնել, այն է՝ ռոյալթիների 2 տոկոսի մասով: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հիշեցրել է, որ նախկինում իրավական կարգավորումներ էին իրականացրել, որի արդյունքում 2023 թ. գործընթացը բյուջետավորվել է, արվել են հաշվարկներ, ներկայացվել են համապատասխան ծրագրերն, և այժմ հատկացումների փուլն է: «Հատկացումը տեղի է ունենում հետևյալ կերպ. նախ հաշվարկվում է ամբողջ գումարը, որն այս տարվա համար կազմում է 1 միլիարդ 51 միլիոն դրամ, որի 50 տոկոսը բաշխվում է բոլոր ազդակիր բնակավայրերին, իսկ մյուս 50 տոկոսը՝ բոլոր այդ 6 համայնքներին: Այս որոշմամբ փորձում ենք այդ բաշխումն իրականացնել, որի արդյունքում Մեղրի համայնքը կստանա 93 միլիոն դրամ, Քաջարան համայնքը՝ 190 միլիոն դրամ, Կապանը՝ 251 միլիոն դրամ, Վարդենիսը՝ 185 միլիոն, Ալավերդին՝ 246 միլիոն, Ծաղկաձորը՝ 85 միլիոն դրամ: Սահմանված են առաջնահերթություններ, թե այս գումարներով ինչ ծրագրեր կարող են իրականացվել»,- ասել է ՏԿԵ նախարարը:
Հատկացումները նախատեսված են տարբեր ոլորտների համար՝ գյուղատնտեսություն, կրթություն, գիտություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ, սպորտ, երիտասարդության զբաղվածություն, քաղաքաշինություն, ջրամատակարարում, ջրահեռացում, տրանսպորտ և ճանապարհաշինություն, զբոսաշրջություն: Ըստ նախարարի՝ առավելությունը տրվելու է ազդակիր համայնքներին:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ գումարներ են և ինչպե՞ս են դրանք ձևավորվում, այսինքն՝ դրանք 2023 թվականին արդեն իսկ վճարված ռոյալթիների գումա՞րն է: Ի պատասխան Գնել Սանոսյանը նշել է՝ կարգավորումն այնպես է, որ 3 տարի պետք է հետ գնալ և հաշվարկել գումարն այդ տարվանից, այսինքն՝ ամեն տարի վճարվելու է 3 տարի առաջ վճարվածը. «Սա 2021 թ, վճարված ռոյալթիների գումարն է: 2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ անգամ մենք 2022-ի վճարածը կվճարենք, հետո՝ 2023-ի»:
Նախարարը ներկայացրել է նաև այն աշխատանքները, որոնք կատարվելու են հատկացված գումարով: Մասնավորապես՝ Մեղրիում նախատեսվում է մարզադաշտի վերանորոգում, Կապանում՝ Արծվանիկ բնակավայրի խմելու ջրամատակարարման ապահովման ծրագիր, Սոթքում՝ ոռոգման ներքին ցանց, Տրետուքում՝ ճանապարհի ասֆալտապատում և ամենագնացի ձեռքբերում, Կուտականում՝ ոռոգման արտաքին ցանց, Կախակնում՝ ճանապարհի ասֆալտապատում, Ալավերդիում՝ Շնող, Թեղուտ, Ճոճկան բնակավայրերի ճանապարհային ցանցի բարելավում, Ծաղկաձորում՝ Մեղրաձոր բնակավայրի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնի կապիտալ վերանորոգման, գույքի ձեռքբերման, բակի տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։
Կառավարությունը 19 մլն դրամ կհատկացնի Գազայից տեղահանված 1,5 մլն անձի մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար
Կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից կհատկացվի 19 միլիոն դրամ՝ Գազայի հատվածում վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված՝ ծանրագույն սոցիալ-տնտեսական պայմաններում գտնվող շուրջ 1,5 միլիոն անձի մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես նշել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մարդասիրական օգնություն՝ մթերք և դեղեր՝ հասցեագրելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները: Հումանիտար բեռում լինելու են պահածոյացված մթերք, չոր սնունդ, դեղեր, այդ թվում՝ բժշկական լուծույթներ և հակաբիոտիկներ: «Ընդհանուր առմամբ մարդասիրական օգնությունը կազմում է 29,94 տոննա: Զուգահեռաբար, քանի որ մարդասիրական օգնության տեղափոխումն ապահովում է Պաշտպանության նախարարությունը, առաջարկվում է նաև ՊՆ-ին հատկացնել համապատասխան միջոցներ՝ աերոնավիգացիոն ծառայությունների, ավիացիոն վառելիքի և մնացյալ պրոցեսների կազմակերպման նպատակով»,- ասել է ՆԳ փոխնախարարը:
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը հիշեցրել է, որ հումանիտար բեռի առաքման վերաբերյալ հայտարարել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում: Ըստ վարչապետի՝ հարցեր էին ծագել լոգիստիկայի հետ կապված, և հումանիտար աջակցությունը հենց Գազայի բնակիչներին հասցնելու հարցում Եգիպտոսի կառավարության աջակցության անհրաժեշտությունն էր առաջացել. «Այցի ընթացքում այդ պայմանավորվածությունը ձեռք բերեցինք, որովհետև մենք չեն կարող իրադրության պատճառով բեռն ուղիղ հասցնել հենց Գազայի գոտի և հենց շահառուներին հասցնել: Այդ պատճառով մենք նաև աշխատանքային մակարդակով Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներկայացուցիչների հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն»:
Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները
Գործադիրն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով: Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է, մասնավորապես, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակի նշանակման ժամկետների հաշվարկը կատարել 2024 թ. մարտի 11-ից, եթե դիմումը ներկայացվել է 2024 թ. մարտի 11-ից հետո: Նախատեսվում է բռնի տեղահանված անձին կենսաթոշակ նշանակելը մերժելու հիմքերից հանել նրա տվյալները Ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալներում չգնվելու հիմքը: Բացի այդ, եթե բռնի տեղահանված անձը (ով չի ճանաչվել փախստական) կենսաթոշակի իրավունքը ձեռք է բերել 2023 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թ. մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում, ապա նրան կենսաթոշակ նշանակել փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար սահմանված ժամկետներում և կարգով: Առաջարկվում է հստակեցնել, որ կենսաթոշակի նշանակման գործընթացում ԼՂ-ի պետական եկամուտների տեղեկատվական բազայում առկա տվյալները հիմք են ընդունվում 2023 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ: Սահմանվել է, որ եթե անձը մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը մահացել է և չի հասցրել ՀՀ-ում դիմել կենսաթոշակի նշանակման համար և նրա կենսաթոշակի էլեկտրոնային գործն առկա է ԼՂ կենսաթոշակային բազայում, ապա ՀՀ-ում հուղարկավորվելու դեպքում նրա հուղարկավորությունը կատարած անձին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում նշանակվում է թաղման նպաստ: Մինչև 2023 թ. հոկտեմբերի 1-ը ԼՂ-ում աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում կարող է հաշվառվել նաև աշխատանքային ստաժը սահմանող` ԼՂ հանձնաժողովի տեղեկանքով, ինչպես նաև ԼՂ կենսաթոշակային բազայում առկա փաստաթղթերի լուսապատճենների հիման վրա, եթե այդ փաստաթղթերի բնօրինակները քաղաքացին չի կարող ներկայացնել:
Առաջարկվում է նաև կենսաթոշակների համար սահմանված կարգավորումներին համարժեք կարգավորումներ սահմանել նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների համար, մասնավորապես՝ նպաստների նշանակման ժամկետները համապատասխանեցնել կենսաթոշակների համար՝ նախագծով առաջարկվող փոփոխություններին՝ հնարավորություն տալով օրենսդրությամբ սահմանված ժամկետները կիրառել 2024 թ. մարտի 11-ից հետո ներկայացված դիմումների համար: Նախատեսվում է ԼՂ-ի կենսաթոշակային բազայում զոհված զինծառայողի ընտանիքին պարգևավճար նշանակված լինելու դեպքում ընտանիքի՝ օրենսդրությամբ սահմանված յուրաքանչյուր այլ անդամին պարգևավճար նշանակել՝ առանց զինծառայողի զոհվելու մասին փաստաթղթերի: Հստակեցվում են նաև մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ սահմանող փաստաթղթերը։
2024 թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա
Կառավարությունն ընդունել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման նպատակով սուբսիդիա տրամադրելու մասին» որոշում: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023թ. նոյեմբերի 29-ին կայացած նիստում համապատասխան որոշմամբ հաստատել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման 2024 թ. սակագները, որի համաձայն՝ սոցիալապես անապահով բաժանորդների համար 2024 թ. սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 205.992 դրամ: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի սակագնի ավելացումը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայություններից բաժանորդների համար։ Արդյունքում՝ 2024 թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա: 2024 թ. պետբյուջեի միջոցներից ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ 2024 թ. համար յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց՝ գումարային 205 992 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 5.522 դրամի (ԱԱՀ-ով) չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 175.093 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 4.693 դրամի (ԱԱՀ-ով) չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 30.899 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 0.829 դրամի (ԱԱՀ-ով) չափով:
Հիմնավորման համաձայն՝ 2024 թ. պետբյուջեով հատկացվել է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա 2023 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2024 թ. նոյեմբերի 30-ը ներառյալ՝ ընկած ժամանակահատվածում մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների դիմաց։ Քանի որ 2024թ. դեկտեմբերի մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման ծավալի և նույն ժամանակահատվածի ձևավորված հասույթի վերաբերյալ տեղեկանքը կտրամադրվի մինչև 2025թ. հունվարի 15-ը, հետևաբար, 2024 թ. դեկտեմբերի համար նախատեսված փոխհատուցման գումարները և ճշտված գումարները պետք է ներառվեն ՀՀ 2025 թ. պետբյուջեի նախագծում:
Կապահովվի քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից ԼՂ-ից ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Ըստ կարգի՝ այդ ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը՝ ամսական 300 000 դրամ, ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2024 թ. փետրվարի 10-ը։ Սակայն մինչ այսօր քաղաքացիական անձանց շրջանում կան անհայտ կորածներ, ինչպես նաև գերեվարվածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Այսպիսով, ըստ նախնական կանխատեսման և առկա տեղեկատվության, միջոցառման շրջանակում սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի 11 շահառուի՝ մարտ և ապրիլ ամիսների համար:
Ընկերություններին տրամադրվել է «Էկոս» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու թույլտվություն
Գործադիրը բավարարել է «էդվանստ այթի տեքնոլոջիս» ՍՊԸ-ի և «Քորասոֆթ Սոլուշնս» ՓԲԸ-ի ներկայացրած հայտերը՝ «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վերաբերյալ: Մասնավորապես, «էդվանստ այթի տեքնոլոջիս» ընկերությունը նախատեսում է իրականացնել «Էկոս» ազատ տնտեսական գոտում գործունեություն՝ ծրագրային ապահովման մշակման ոլորտում։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 441,000 հազար դրամ: Արդյունքում՝ կստեղծվի 24 նոր աշխատատեղ։ Արտադրության տարեկան ծավալները նախատեսվում է 2,394,000 հազար դրամից (1-ին տարի) հասցնել մինչև 3,505,055 հազար դրամի։
Միջազգային համագործակցություն
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամից»: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2024 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից: Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը: Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է՝ կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում, հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում, հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։
Օրենսդրական նախաձեռնություն
Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագիծը մշակվել է հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում դրանց լրացման կարգով սահմանված` հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող՝ տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ (ոչ հավաստի) լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարցի կանոնակարգման նպատակով: Միաժամանակ, նախագծով նախատեսվում է հստակեցնել նաև մաքսային և հարկային մարմինների քննությանը ենթակա գործերի շրջանակը: Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ (ոչ հավաստի) լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարցը և դրանով իսկ կապահովվի հարկ վճարողների կողմից համապատասխան տեղեկատվության ամբողջական և ճշգրիտ ներկայացումը, միաժամանակ, կհստակեցվի մաքսային և հարկային մարմինների քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը:
Կառավարության հավանությանն է արժանացել «Հանրակրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծի ընդունմամբ հանրակրթության ոլորտում ՀՀ պետբյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցների և նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի ՀՀ կառավարությանը, որը թույլ կտա խուսափել պետական բյուջեի համար լրացուցիչ նոր պարտավորությունների ստանձնումից:
Գործադիրն ընդունել է «Պետական գույք հետ վերցնելու և օտարելու մասին» որոշում
Գործադիրն ընդունել է «Պետական գույք հետ վերցնելու և օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Շենգավիթ, Արարատյան փողոց 4 հասցեում գտնվող գույքը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվին՝ հանրակրթական գործունեության ընդլայնման նպատակով՝ համաձայն ներկայացված գործարար ներդրումային ծրագրի։ Ուղղակի վաճառքով օտարման ենթակա գույքի վաճառքի գին է սահմանվել 123 000 000 դրամը։ Որոշմամբ սահմանվել է նաև, որ գույքի հանձնման-ընդունման պահից սկսած գնորդը պարտավորվում է համաձայն ներկայացված ներդրումային ծրագրի 5 տարվա ընթացքում իրականացնել 250 000 000 դրամի ներդրում։ «Քվանտ»-ը նախատեսում է ընդլայնել հանրակրթական գործունեությունը, մասնավորապես՝ ուսումնական տարածքների ընդլայնում, դասարանների ավելացում, ուսանողական-ուսուցչական հանրակացարանի հիմնում։
Այլ որոշումներ
Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով առաջարկվում է ՀՀ կառավարության որոշումներով 2022 թ. սեպտեմբերի 1-ից բարձրացված կենսաթոշակների, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, ինչպես նաև կենսաթոշակի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ վճարվող դրամական աջակցության, պարգևավճարների չափերի հնարավոր բարձրացումներն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի ամբողջական եկամտի կազմում մինչև 2024 թ. հուլիսի 1-ը չհաշվարկել։ Ըստ այդմ՝ նպաստների, դրամական աջակցության, պարգևավճարների չափերի բարձրացման արդյունքում կպահպանվի անապահով ընտանիքների ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը՝ մինչև ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը։
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է, գումար հատկացնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: Ըստ հիմնավորման՝Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է Ճապոնիայում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին, որ Ճապոնիայի Իշիկավա պրեֆեկտուրան և Ճապոնական Կարմիր խաչի ընկերակցությունը մինչև 2024թ.-ի դեկտեմբերի 27-ը նվիրատվություններ կընդունեն՝ 2024թ.-ի հունվարի 1-ին Նոտո թերակղզում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար: 2011թ.-ին Ֆուկուշիմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից և ցունամիից տուժածների համար ՀՀ-ն նվիրաբերել էր 500 հազար ԱՄՆ դոլար և, հաշվի առնելով Նոտո թերակղզում տեղի ունեցած երկրաշարժի ավերածությունների չափը և ընդհանուր վնասը, առաջարկվում է այս անգամ ևս ՀՀ կողմից նվիրատվություն իրականացնել՝ ճապոնական կողմին փոխանցելով 300 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ