«Ինքնապաշտպանությունը պետական քաղաքականության ու հանրային ընկալման մեջ. ո՞րն է տարբերությունը» թեմայով «Մեդիա կենտրոնի» քննարկման ժամանակ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցն անդրադարձավ «Մարտական եղբայրության» անդամների նկատմամբ ոստիկանության գործողություններին։
Դեպի Վերին Ոսկեպար ճանապարհ բռնած «Մարտական եղբայրության» անդամներին օրեր առաջ ոստիկանությունը ձերբակալել էր, ապա ազատ արձակել։ Ձերբակալված 49 անդամների ոստիկանությունը բաժիններ էր տարել զենք-զինամթերք կրելու կասկածանքով, բայց «Մարտական Եղբայրություն» միությունը պնդում է, որ հիմնական պատճառը միության անդամների կողմից Վերին Ոսկեպար պլանավորած այցն է եղել։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Տավուշի մարզի 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին։
Անդրադառնալով ոստիկանության գործողությունների իրավաչափության վերաբերյալ հարցերին՝ Նինա Կարապետյանցն ասաց, որ ոստիկանության գործողություններն իրավաչափ չէին։ «Դա պարզ դարձավ մի քանի ժամ հետո, երբ բոլոր 49 անդամներին էլ բաց թողեցին ու ոչինչ չհայտնաբերեցին։ Այնպես որ, սա հին, ավանդական, ես կասեի՝ սովետական մեթոդաբանություն է, երբ հորինվում են պատճառներ, թե ինչու պետք է մարդկանց տեղաշարժը ժամանակավորապես կասեցնեն, որպեսզի կարողանան իրենց նպատակներին հասնել։ Փաստը, որ 49 հոգու մոտ ընդհանրապես որեւէ բան չեն գտել, խոսում է այն մասին, որ դա ինքնին եղել է կեղծ ու մտացածին։ Ամբողջ խնդիրը բնականաբար եղել է հենց Ոսկեպար այցելությունը խոչընդոտելը։
Թեպետ ես ավելի ուշ լսեցի խմբի անդամներից մեկի բացատրությունը, այն մարդիկ, որոնք պետք է հասնեին Ոսկեպար՝ ուսուցողական դասընթացներ անցկացնելու համար, հասել են տեղ։ Այսինքն՝ պետությունը պարտվել է այս դեպքում, անգամ անթույլատրելի գործիքակազմ օգտագործելով հանդերձ՝ պարտվել են, որովհետև մարդիկ ինչ նպատակ դրել են, հասել են իրենց նպատակին։ Դա շատ ցավալի է, որովհետեւ այդ ամբողջ գործընթացը, որը պետք է կազմակերպեր պետությունը՝ հասարակությանը նախապատրաստել, որոշակի հմտություններ, փորձ տալ, ինքնապաշտպանության հնարավորություններ ստեղծել, այդ ամենը մնացել է առանձին խմբերի ուսին»,- ասաց Կարապետյանցը։
Կարդացեք նաև
Ըստ իրավապաշտպանի՝ իշխանությունները «շան պես» վախենում են զինված մարդկանցից․ «Վախենում են, որովհետեւ կարող են գալ որեւէ գյուղի բնակչությանն ասել՝ ժողովուրդ ջան, ձեր գյուղի այս կտորները պիտի տանք, եւ այնտեղ զինված դիմադրության հանդիպեն։ Իրենք շան պես վախենում են, որ հանկարծ կարող է չկարողանան կառավարել այդ բոլոր պրոցեսները»։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ ոստիկանները «Մարտական եղբայրության» 49 անդամներին բերման են ենթարկել մտացածին հիմնավորմամբ, դա ոչ իրավաչափ էր։ «Նախքան նրանց տեղաշարժ կատարելը, մարդկանց հրավիրել են ոստիկանական բաժիններ եւ փորձել են համոզել, որ չմեկնեն Ոսկեպար։ Այսինքն՝ ոչ թե հրավիրել են ապօրինի զենք-զինամթերք կրելու հարցով, այլ փորձել են այսպես կոչված բացատրական աշխատանք կատարել, որպեսզի նրանք հրաժարվեն իրենց մտադրությունից։ Եվ տեսնելով, որ մարդիկ իրենց մտադրությունից չեն հրաժարվել, արդեն հորինված հիմք են ներկայացրել, թե իբր ապօրինի զենք-զինամթերք են փնտրում։ Բայց դա այդպես էլ չեն գտել, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը գործել է ապօրինի, առանց հիմքի։ Այսինքն՝ մենք գործ ունենք ոստիկանության բեզպրեդելի հետ, որով խախտել են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը»,- ասաց Սաքունցը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարները՝ «Մեդիա կենտրոնի»