Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այս տեմպերով շարունակենք, այն, ինչ ստացանք Արցախում, նույնը կլինի Հայաստանի տարածքում»․ Ստյոպա Սաֆարյան

Մարտ 28,2024 13:11

«2020 թվականի 44-օրյա պատերազմը, դրա ընթացքում ՀՀ այսպես կոչված ռազմավարական դաշնակցի պահվածքը եւ դրանից հետո Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների բացահայտ դրսեւորումները, ադրբեջանական ագրեսիան եւ Հայաստանի անպաշտպան լինելը, 2023 թվականին Արցախի վրա հարձակումը, եւ Արցախի էթնիկ զտման արդյունքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ միակողմանի անվտանգ տեղաշարժի ապահովումը, կարծում եմ, բոլորիս համար ակնհայտ են դարձրել, որ Հայաստանի անվտանգային քաղաքականության դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է գոնե ՀՀ պահպանման տեսանկյունից»,- այսօր «Հանուն Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրման» խորագրով համաժողովում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Նա նշեց, որ այսպիսի դասավորությամբ ու այսպիսի դաշնակիցներով մենք ոչ միայն չէինք կարող պահել ու պաշտպանել Արցախը, այլ նաեւ Հայաստանը չենք կարող պահել։ «2023 թվականի Արցախի էթնիկ զտումն ու հայաթափումը եղավ, հինգ տարի ժամկետով նախատեսված խաղաղապահություն կար, բայց լավագույն դեպքում դիտորդ են՝ այն պատճառաբանությամբ, թե Ալմա-Աթայի հռչակագրով մենք համարձակվել ենք ճանաչել այն սահմանները, որոնցով, մենք ուզենք թե չուզենք, Հայաստանն անդամակցել է միջազգային կառույցներին։ Ավելին ունենալը, ավելին հավակնելը ավելի շատ ռիսկերի ու պրոբլեմների հետ է կապված, բայց գոնե Հայաստանը եւ մենք բոլորս պարտավոր ենք պահել այն, ինչն ամրագրված է այդ փաստաթղթով»,- հավելեց Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ այսքանից հետո 4 տարի ժամանակ վատնել ու սպասել, որ մեր տարածքային խնդիրները լուծվելու են ՀԱՊԿ կողմից, ուղղակի միամտություն էր։ «Օրերս Տավուշում էի, եւ գիտե՞ք տեղի աղբյուրներն ինչ ասացին։ Պարզվեց, որ Տավուշում տեղակայված ռուսական բազայում մարդիկ նկատել են 7 կամ 8 մարդու՝ տաջիկներ ու ղրղզներ։ Կգուշակե՞ք, թե սա ինչ կազմ է, ՀԱՊԿ անդամ երկրների։ Մենք միամիտ չենք, որ չհասկանանք, թե ինչի են սպասում, մանավանդ Տավուշի գլխին։ Մենք բոլորս ենք հասկանում, որ սա 4 գյուղերի պահանջի խնդիր չէ, այլ այս իրավիճակում ուղղակի ուզում են ստեղծել իրավիճակ՝ վերջապես ընդունելու այն քաղաքական որոշումը, որին դիմադրում են ՀՀ իշխանությունները, այսինքն՝ ՀԱՊԿ տեղակայում։ Եթե այս տեմպերով շարունակենք, այն, ինչ մենք ստացանք Արցախում, նույնին արժանանալու ենք Հայաստանի տարածքում»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031