Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակվարձի աջակցության ծրագիրը կշարունակվի. Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության պայքարի առաջին շոշափելի հաջողությունը. Բեգլարյան

Մարտ 28,2024 13:42

Արցախի պետական նախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը

Քիչ առաջ ՀՀ կառավարությունը հաստատեց մի որոշում, որով շարունակվելու է բռնի տեղահանված արցախցիներին տրվել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար 50,000 դրամ ամսական աջակցությունը՝ առայժմ մինչև տարեվերջ: Լավ է, որ այս ծրագրում վերջապես ներառվել են նաև 2020թ. տեղահանված անձինք՝ բացառությամբ 2022թ. ընդունված բնակարանային ծրագրի շահառուների:

Ողջունելի է այս որոշումը, որին բոլոր տեղահանվածներն են սպասել՝ որպես առկա կարիքների մասնակի բավարարման միջանկյալ ու կարևոր միջոց: Այս որոշման արդյունքում որոշակիորեն նվազելու է նոր թափ առած արտագաղթի ալիքը:

Սա հերթական օրինակն է, թե ինչպես հանրության համախմբումն ու հավաքական ձայնի արդարացի բարձրացումը կարող է հաջողություն ապահովել: Այս որոշումն ակնհայտորեն Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության մեկնարկած պայքարի արագ արդյունքներից է, քանի որ նախքան մեր պայքարի մեկնարկը ՀՀ իշխանությունները քանիցս հայտարարել էին, որ ապրիլից նշանակալիորեն կրճատելու են ծրագիրը՝ աջակցություն տրամադրելով միայն երեխաներին: Այնինչ երբ զգացին հանրային հիմնավոր ու լայն ճնշումը, լրիվությամբ վերանայեցին իրենց մտադրությունները և ընդունեցին ավելի ներառական ու արդար ծրագիր, քան նույնիսկ այս վեց ամսվա ընթացքում գործող ծրագիրն է:

Թեև մեր պայքարի ու հանրային ճնշման արդյունքում որոշակի դրական միտումներ են նկատվում նաև բնակարանային սպասվող ծրագրի կանխավ հայտարարված մոտեցումների վերանայման հարցում, սակայն դեռ մի շարք սկզբունքային խնդիրներ լուծման կարիք ունեն: Դրանց և մեր հիմնարար դիրքորոշումներին կարելի է ծանոթանալ մարտի 20-ի հանրահավաքում ընդունված մեր հայտարարության տեքստում (հղումը՝ մեկնաբանությամբ): Սակայն ամենակարևորն այն է, որ բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի: Վերջիվերջո, բուն խնդիրը քաղաքական է՝ բխելով մեր հավաքական իրավունքներից ու շահերից, սակայն ոչ զուտ մարդասիրական կարիքներից:

Իսկ ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում՝ հաճախակի կա՛մ ընդհանրապես չապահովելով ներառականություն, կա՛մ կեղծ ու ձևական ներառականություն խաղալով: Ինչո՞ւ պետք է սխալ ու թերի որոշումներ կայացվեն առանց մեր հանրության ու Արցախի պետական մարմինների կարծիքներն ու առաջարկները հաշվի առնելու, հետո բախվեն լայնածավալ բացասական հետևանքների ու հանրային դժգոհության՝ ստիպված մտածելով սխալները սրբագրելու մասին…

Նախաձեռնությունն էլ, վստահ եմ, շարունակելու է իր պայքարը Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության համար՝ չնայած տարաբնույթ ու բազմաղբյուր շահարկումներին, դժվարություններին ու ճնշումներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031