Որոշ ընդդիմադիր ուժերի անհրաժեշտ է սանձել իրենց իշխանության գալու հիվանդագին ցանկությունները՝ ժողովրդին նոր արկածախնդրությունների չտանելու համար։ Ոմանց թվում է թէ քաղաքականությամբ զբաղվել նշանակում է քննադատել իշխանություններին և ինչքան սուր ու անտակտ՝ այնքան հաջողված կլինեն։ Այժմ այդ մեթոդը չի աշխատում, դա պետք է հասկանալ ու ոտատակ չընկնել։
Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ․ «Ամենեցուն ժամանակ է` եւ ժամ ամենայն իրաց ի ներքոյ երկնից»:
2018 թվականին ատելության խոսքը լիցքավորում էր հային ու մղում պայքարի, որովհետև ժողովուրդը առողջ էր, լի պայքարելու էներգիայով, հաղթանակած ու իրապես, բառի լավ իմաստով, հպարտ էր իր հաղթանակների համար։ Անհերքելի է, որ կար նաև, մեղմ ասած, դժգոհություն սոցիալական բնագավառում։ Մենք տեսանք, թե ինչպես կարող է ժոովուրդը արձագանքել, երբ նրա ֆինանսական եկամուտներին վտանգ է սպառնում, նկատի ունեմ վերջերս արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներին Հայաստանում ևս հարկելու իշխանությունների մտադրությունները, և տեսանք նաև, թե ինչպես արագ հետ քաշվեցին «օրենսդիրները»: Իսկ այն ժամանակ, պետք է խոստովանենք, որ ժողովրդի մեծ մասի եկամուտներն էին վտանգված ու պարզապես հնարավորություն չուներ ժողովուրդը օրինական ճանապարհով քիչ թե շատ բարեկեցիկ կյանք ապահովեր իր ընտանիքի համար։ Իսկ դա հայ տղամարդու համար ավելի քան օրինական առիթ է ոտքի կանգնելու ու պայքարելու համար, ինչը և արեց ու հաջողեց։
Հիմա, բնականաբար, խաբված ու հիասթափված է ժողովուրդը, որովհետև ավելի վատ վիճակում հայտնվեց թե ֆինանսապես, թե, որ շատ ավելի կարևոր է՝ բարոյապես ու հոգեպես։ Հայ Առաքելական Եկեղեցին ու ազգային ուժերը ամեն ջանք գործադրում են այդ հոգեվիճակից դուրս բերելու համար մեր ժողովրդին ու վստահ եմ, որ Տիրոջ կամքով հաջողելու ենք։
Կարդացեք նաև
Մեր ժողովուրդը նորից ոտքի կկանգնի, իր մեջքը կուղղի, բայց ո՛չ այնպես ինչպես 2018 թվականին։ Նույն մեթոդով, այսինքն` ատելության խոսքով, նրան ոտքի հանել չի հաջողվի։ Առանց անուններ հնչեցնելու, կրկնեմ, որ ոտատակ մի՛ ընկեք, սիրելի որոշ ընդդիմադիրներ, ժամանակից առաջ մի՛ ընկեք, ժողովուրդը ատելու ուժ չունի, ուրիշ բան մտածեցեք։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ