Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհրաժեշտ է օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը Հայաստանից հանելու մասին»․ Պահպանողական կուսակցություն

Մարտ 28,2024 12:50

«Հանուն Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրման» խորագրով համաժողովում  Պահպանողական կուսակցության նախագահ Հայկ Միրզոյանը հայտարարեց, որ մարտահրավերները չեզոքացնելու, հավանական պատերազմը կանխելու համար անհրաժեշտ է օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը Հայաստանից հանելու մասին։

«Հայաստանը Եվրոպա է, որովհետեւ Եվրոպան շանտաժի չի տրվում, Եվրոպան կեղծիքով պատմություն չի կերտում։ Հայաստանը Եվրոպա է, որովհետեւ հարձակման ժամանակ համախմբվում ու դիմադրում է»,- հայտարարեց նա։

Հայկ Միրզոյանն ասաց, որ մարտահրավերներից մեկը, որով փորձ է արվում զերծ պահել մեզ մեր պետության անկախությունն ամրապնդելու կտրուկ քայլերից, դասական շանտաժն է։ «Մեզ վախեցնում են տնտեսական պատերազմով, շրջափակմամբ եւ օկուպացիայով։ Ռուսաստանը՝ երբեմն Ադրբեջանի բերանով, երբեմն իր խոսափողների միջոցով ուղիղ սպառնալիքներ է հնչեցնում՝ զգուշացնելով պատժել մեզ մեր սկզբունքային քայլերի դիմաց։ Այդ դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան տեռորիստական շանտաժ։ Մեծ հաշվով նույն բանն անում են ահաբեկիչները՝ կորզում են մարդկանց ունեցվածքը ահաբեկելու միջոցով։ Այս մարտահրավերին դիմակայելու միակ ուղին շանտաժին չտրվելն ու ահաբեկչի պայմանները չնընդունելն է, հակառակ դեպքում ահաբեկիչը հող է նախապատրաստում նոր ավելի մեծ զիջումներ կորզելու համար։ Ինչպես ընդունված է ասել նման դեպքերում՝ ահաբեկչի հետ չեն բանակցում։

Մյուս ամենավտանգավոր մարտահրավերն անմիջական հարձակումն է։ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի անկախության կորստի գլխավոր շահառու, չունի Հայաստանի հետ ընդհանուր սահման, հետեւաբար, նաեւ անմիջական հարձակման հնարավորություն։ Նա այդ հնարավորությունը բազմիցս կիրառել է Ադրբեջանի միջոցով, սակայն նրանց բոլոր հաջողությունների հիմքում եղել է մեր սխալ դիրքորոշումը, երբ մենք միակողմանիորեն հույսներս դրել ենք ռուսական արդարության վրա՝ առանց գիտակցելու, որ ռուսական արդարության հիմքում ռուսական գերազդեցությունն է մեզ վրա՝ պետականության իսպառ բացակայության հեռանկարով։ Այսպիսով, այս մարտահրավերը չեզոքացնելու, հավանական պատերազմը կանխելու կամ դրա անխուսափելիության պարագայում լավագույն արդյունք գրանցելու համար անհրաժեշտ է օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը Հայաստանից հանելու մասին»,- ասաց Միրզոյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031