Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԳՄ կիսատ շենքը կառուցվել է նաեւ Իսահակյանի միջոցներով, գրողների հոնորարների եւ գրքերի գումարներով». Էդվարդ Միլիտոնյան

Մարտ 28,2024 12:19

Հայաստանի ստեղծագործական միություններն անհանգստացած են, մտավախություն ունեն, որ նույն ուղտը, որն այժմ չոքել է Հայաստանի նկարիչների ու Գրողների միությունների դռների առաջ, իրենց էլ կհասնի: Հայաստանի գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել ստեղծագործական միությունների շենքերը, ու համապատասխան գրություններ են ուղարկվել Նկարիչների եւ Գրողների միություններին։ ՀՀ դատախազությունը դատական հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ եւ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Գրողների միությանը տրված 2001թ․ օգոստոսի 9-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը եւ որպես անվավերության հետեւանք՝ վերացնել 2013թ․ հունիսի 3-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Նման մի ծանուցում էլ Հայաստանի նկարիչների միությունն է ստացել։

Էդվարդ Միլիտոնյան

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշում է, որ թեեւ հայցվորը Կադաստրի կոմիտեն է, սակայն հասցեատերը ստեղծագործական միություններն են: Ընդգծում է՝ այս տարի լրանում է Հայաստանի գրողների միության հիմնադրման 90-ամյակը, ու այդ առիթով որոշել են իրենց հրաշալի «նվեր» մատուցել:

«Այն փաթեթում, որ ուղարկվել է մեզ, հեռագնա նշմարվում է այս գաղափարը, թե հասարակական կազմակերպություններին ու միավորումներին 1961 եւ 1990թ ինչ-որ մի օրենքով (փաստաբաններն են հիմա դրանով զբաղվում) իրավունք չէր տրվում տարածք սեփականաշնորհելու: Նման գաղափար կա, որը հետո կտարածվի շատ ավելի ընդարձակ ցանցի վրա, որ ինչ սեփականաշնորհել են, հետ են բերելու, դարձնեն պետական: Հետ բերելու համար ամեն կազմակերպության վերաբերյալ ինչ-որ բան պիտի գտնեն, որ ճիշտ չեք արել, Կադաստրի կոմիտեն ճիշտ չի եղել; Օրինակ մեր պարագայում 1999թ մարտի 12-ին սեփականության իրավունք է հաստատել, իսկ կրկնակի 2001թվին է հաստատվել: Հիմա կադաստրին բերելու են դատարան, որ խոստովանի, որ մեր դեպքում ճիշտ չի եղել»,-ասաց Հայաստանի գրողների միության նախագահը:

Էդվարդ Միլիտոնյանը հավելեց, որ ամբողջ աշխարհում ունեն ՀԳՄ անդամներ, բոլորն են մտահոգված. «Սփյուռքի գրողները մեր անդամներն են, նաեւ ունենք արտասահմանյան անդամներ, որոնք թարգմանիչներ են, բոլորն անհանգստացած են, համարում են, որ սա դիտավորություն է ստեղծագործական միությունների, մշակութային կազմակերպությունների հանդեպ…Մեր միության շենքը գրողների միության անդամներից ամեն մեկինն է, իրենց տունն է, գալիս են այդտեղ, հանդիպումներ, շնորհանդեսներ ենք անում, աշխատանքային կյանքն է ապահովում, հազար ու մի հարց կա: Հիմա մարդիկ հո հեշտ ու հանգիստ չե՞ն ասի՝ եկեք վաղը պետականացրեք:

Հետո ի՞նչը պետականացնեն, ախր փաստեր կան, Ավետիք Իսահակյանը գրողների միության կիսատ-պռատ շենքի վրա է իր անձնական միջոցներից ներդրումներ արել, որ շենքը գործի, ինքն այդ ժամանակ գրողների միության նախագահն է եղել, մեր գրողների գրքերից եւ տպագրված նյութերից հոնորարներ է գնացել գրական ֆոնդ, որի գումարներով ենք կառուցել մեր շենքերը: Ամեն մեկի ներդրումը կա այդտեղ, այնպես չի, որ սա իմ շենքն է, կամ խնամուս սեփականությունը, դրա համար եմ այսպես ասում…Մենք ընդլայնված նախագահության նիստ ենք արել, բոլորը տեղյակ են խնդրին, անգամ հեռակա մասնակցում են իրենց զանգերով, սա մի երեք կազմակերպության հարց չէ, հարյուրավոր մարդկանց շահեր կան այստեղ՝ մտավորական շահեր…

Ճիշտ է, մենք որպես երրորդ կողմ ենք ներգրավված, բայց ստացվում է, որ երկու պետական մարմին որոշելու են մեր ճակատագիրը, շատ տարօրինակ վիճակ է… Հակակոռուպցիոն դատարան էլ են դիմել, ստացվում է մեր նախորդ բոլոր նախագահները՝ Վահագն Դավթյանից սկսած՝ Ռազմիկ Դավոյան, Հրանտ Մաթեւոսյան, Լեւոն Անանյան, բոլորը կոռուպցիոներ են դուրս գալիս, որ Հայաստանի գրողների միության շենքը մասնավորեցրել, դարձրել են գրողների միության շենք, զբաղված են եղել կոռուպցիայով…»:

Հայաստանի Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքով, Գլխավոր Դատախազությունից հայտնել են, որ միությունների շենքերի սեփականաշնորհման ընթացքում խախտումներ են եղել:

Սուրեն Սաֆարյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

«Պատճառաբանում են, թե այն ժամանակ Կադաստրի կոմիտեն իրավունք չուներ այդ գործարքներն իրականացնելու: Անհանգստություն, այո՛, կա, անորոշությունից ավելի է շատանում անհանգստությունը: Մեր միության անդամները մեզ հարցադրումներ են անում, բայց մենք այս պահին պատասխաններ չունենք»,-news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031