Լրահոս
Օրվա լրահոսը

«Ըստ Սահմանադրության՝ որեւէ վերպետական կառույցի անդամակցելու եւ ՀՀ տարածքի փոփոխության համար անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե»․ Խզմալյան

Մարտ 28,2024 12:08

«Եվրաինտեգրումը հնարավորություններից մեկը չէ, այլ այլընտրանք չունեցող ազգային քաղաքականություն է։ Այս ընտրությունը, որը հիմա մենք կատարում ենք միասին, այն պատմական որոշումը, որը մենք պետք է կայացնենք, դա ոչ թե Ռուսաստանի քաղաքական նենգության, ծավալապաշտության արդյունք է, դա ոչ թե Արցախի ժամանակավոր կորստի արգասիք է, ոչ, դա մեր ժողովրդավարական նկրտումների, ազգային ազատագրական պայքարի տրամաբանական շարունակությունն է»,- «Հանուն Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրման» խորագրով համաժողովում ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

«Հայաստանի Եվրոպական կուսակցության անունից երեք գործնական առաջարկ եմ անում մեր հասարակությանը եւ ժողովրդավարական ուժերին, ինչպես նաեւ կառավարությանը։ Առաջինը, ըստ ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի, որեւէ վերպետական կառույցի անդամակցելու համար, ինչպես նաեւ Հայաստանի տարածքի փոփոխության համար անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե։ Ուստի, մենք առաջարկում ենք սկսել աշխատանքները՝ հանրաքվե անցկացնելու ուղղությամբ։ Եվրոպական ընտրությունը ոչ թե մեկ մարդու, մեկ կուսակցության, այլ ողջ ժողովրդի ցանկությունն է ու ընտրությունը։ Համենայնդեպս մենք աշխարհին եւ ինքներս մեզ դա պետք է ապացուցենք։

Երկրորդ, ես կարծում եմ, որ ժողովրդավարական ուժերն այստեղ ունեն հատուկ առաքելություն եւ առաջակում եմ այդ յուրահատուկ ծրագիրը պայմանականորեն անվանելով եվրոքվե՝ օգնել այս գործընթացի սահուն եւ համոզիչ անցկացմանը՝ կազմակերպելով համապատասխան աշխատանք հասարակության հետ։

Եվ երրորդը, որպես խիստ անհրաժեշտ միջոց՝ մեր կուսակցությունն արդեն սկսել է, եւ հիմա մենք առաջարկում ենք մեր գործընկերներին ու իշխանությանը, օգնել՝ միասին անցկացնելու հետեւյալ մի ծրագիր։ Երեւանում եւ բոլոր մարզերում պետք է հիմնվեն Եվրոպայի տներ՝ մշակութային, տնտեսական, քաղաքական, գաղափարական, ժամանցային հատուկ կենտրոններ, որպեսզի եվրաինգեգրման գաղափարը վերացական ծրագրից դառնա գործնական ու ամենօրյա մեր կենցաղային իրականություն»,- ասաց Խզմալյանը։

Նա հավելեց․ «Մեզ փորձում են համոզել, որ Արցախը դա ժողովրդավարացման գինն է։ Մենք երբեք չենք ընդունի այս կեղծ գաղափարը եւ պայքարելու ենք ոչ միայն փախստական դարձած արցախցիների իրավունքների, այլ նաեւ նրանց վերադարձի իրավունքի համար՝ համաձայն միջազգային օրենքի, որը շատ հստակ ձեւավորվեց Հաագային, այսինքն՝ ՄԱԿ-ի գլխավոր քրեական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի դատավճռում»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031