«Չեմ կարող չնշել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա, թե ակամա անում է գործողություններ եւ քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների եւ այլնի մասին»,-այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Արցախի վտարանդի կառավարություն ստեղծելու մասին հայտարարություններին ու նախաձեռնություններին։
Նրա խոսքով․ «Ուզում եմ շատ հստակ հայտարարել՝ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն եւ այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք եւ անհրաժեշտության դեպքում պետք է արվեն նաեւ համապատասխան քայլեր եւ ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաեւ արտաքին ուժերը որոշ շրջանակներին ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն։ Նորից եմ ասում՝ կամա, թե ակամա, դա ուրիշ հարց է, բայց հարց է, որը պետք է պատասխան ստանա: Ես այսօր պատրաստ չեմ եզրակացություններ անել այդ թեմայով, բայց ուզում եմ հստակ հայտարարել՝ ՀՀ-ում, բացի ՀՀ կառավարությունից՝ որեւէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ։ Եթե որեւէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է եւ հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են։ Սա ուղղակի հայտարարություն չէ, որը պարզապես հնչում է բարձրախոսից, սա հստակ արձանագրում է եւ այդ արձանագրումը պետք է արտահայտվի իրական կյանքում»։
Փաշինյանն ասաց, որ նրանք, ովքեր նման ուղերձներով հանդես են գալիս, իրենք այդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունն ունեցել են․ «Տեսել ենք, թե ինչ են արել այդ հնարավորության հետ։ Կրկին ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում, բացի Հայաստանի Հանրապետության կառավարությունից՝ որեւէ այլ կառավարություն չկա, չի եղել եւ չի կարող լինել ընդհանրապես։ Ասենք՝ ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակը կպցնեն, ասեն՝ մենք էսինչի կառավարությունն ենք։ Կներեք, բայց էլի պետության նկատմամբ նման գործողությունները, որոնք արդեն զուտ հարգալից ու անհարգալիցի գիծն անցնում են եւ այդ տրամաբանությունն են ստանում, չեն կարող անարձագանք մնալ ՀՀ կողմից»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ