Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, մնում ենք Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա եռանկյունում, որտեղ խնդիրները լուծվելու են մեր հաշվին»․ Արամ Սարգսյան

Մարտ 28,2024 11:48

«Հայաստանն իսկապես լուրջ ճամփաբաժնի վրա է։ Մենք պիտի կարողանանք մեր հանրությանը ներկայացնել այդ ճամփաբաժնի ճիշտ ուղղությամբ շարժվելու անհրաժեշտությունը»,- այս մասին այսօր հրավիրած «Հանուն Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրման» խորագրով համաժողովում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Կարո՞ղ ենք մենք մնալ նույն տեղում ու նույն դիրքում, համոզված եմ, որ ոչ, որովհետեւ մինչեւ 2020 թվականը մենք մտածում էինք՝ քանի որ ունենք Լեռնային Ղարաբաղի հարց, ՀՀ ինքնիշխանության հարց, մենք պետք է մնանք ռուսական ուղեծրում եւ դրանով պաշտպանենք մեր ինքնությունը։ Ոչինչ, որ տնտեսության առումով հետամնաց կլինենք, ոչինչ, որ որոշակի խնդիրներ կլինեն մարդու իրավունքների եւ այլնի առումով, ոչինչ, որ խնդիրներ կունենանք ՄԱԿ-ում եւ Արեւմուտքում, բայց գոնե Լեռնային Ղարաբաղի առումով մեր խնդիրները կլուծենք։ 2020 թվականից հետո պարզ դարձավ, որ մեր ու ՌԴ մոտեցումները տվյալ խնդրի առումով բացարձակ տարբեր են եւ չունեն իրար հետ զուգահեռվելու որեւէ հնարավորություն։ Եվ այսօր մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժնի առաջ, որովհետեւ մենք ունենք բանակը վերափոխելու խնդիր, ունենք լուրջ սպառազինություն գնելու խնդիր, ունենք տնտեսությունը ոտքի հանելու եւ զարգացնելու խնդիր, ունենք նաեւ հանրային կյանքում քաղաքացու, մարդու իրավունքների պաշտպանության խնդիր։ Այս բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միմիայն Արեւմուտքում։ Ռուսաստանը չի կարող այս խնդիրները լուծել եւ չի էլ ուզում»,- ասաց Արամ Սարգսյանը։

Ըստ նրա՝ տարածաշրջանում մնացել է Հայաստանը, որը պետք է կողմնորոշվի։ «Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, մնում ենք Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա եռանկյունում, որտեղ խնդիրները լուծվելու են մեր հաշվին, հետեւաբար, մենք այլընտրանք չունենք, հետեւաբար, այն, ինչ քննարկում ենք, մենք քննարկում ենք, որովհետեւ այլ տարբերակ գոյություն չունի։ Մենք պետք է կարողանան համատեղել ու համախմբել մեր ժողովրդին»,- հավելեց նա։

Արամ Սարգսյանը նաեւ ասաց, որ Եվրամիության անդամության հայտ ներկայացնելու ուղին ընտրելով՝ հնարավոր է նաեւ մեր անվտանգային խնդիրները լուծել։ Նա կոչ արեց գտնել համախոհներ եւ միասնական ուժերով հասնել այն հանգրվանին, ինչն այսօր պարտադրված է մեզ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031