Կառավարությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 40+10 հազար դրամ աջակցությանը ծրագիրը։ Ծրագիրը երկարացվեց մինչեւ այս տարեվերջ։ Այս մասին որոշումը հաստատվեց այսօր կառավարության նիստում։
Այս որոշմամբ ընդլայնվում է ծրագրի շահառուների շրջանակը․ 2020 թվականից հետո տեղահանված անձինք եւ բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված եւ ծնվող երեխաները նույնպես կդառնան ծրագրի շահառուներ։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը (լուսանկարում) զեկուցեց, որ 2020 թվականից հետո տեղահանվածների թիվը 6 հազար է:
Նախարարի ներկայացմամբ՝ նախկին 100 հազար դրամ աջակցության ծրագրի կար 350 դիմում, որը դեռ քննարկման փուլում էր, խնդրահարույց դեպքեր էին, հիմա այսօրվա որոշմամբ նաեւ այս անձանց կտրամադրվի աջակցություն։
Կարդացեք նաև
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ 11800-ից ավելի բռնի տեղահանված մարդ աշխատանքի է ընդունվել, պետք է քաջալերել այս գործընթացը։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ասաց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 17 հազար երեխաներ դպրոցներում են՝ ճնշող մեծամասնությունը։
Անդրեասյանի վստահեցմամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված բուհերի եւ քոլեջների ուսանողների այս տարվա առաջին կիսամյակի ուսման վարձն էլ արդեն փոխհատուցվել է։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ