Հարկերի և տուրքերի դրույքաչափերի բարձրացումը նպատակ ունի բյուջեի հավելյալ մուտքեր ապահովել այն պարագայում, երբ իշխանություններն ասում էին, որ իրենք «փողի խնդիր չունեն»: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասում է՝ ունենք մի երկիր, որը ռեսուրսներով հարուստ չէ, քաղաքական առումով շատ դժվար իրավիճակում է, աշխարհաքաղաքական բարդ դիրքում է գտնվում:
«Ու այս իրավիճակում իշխանության մեջ գտնվող մարդիկ իրականացնում են ճոխ ծախսեր: Ամենապարզ օրինակը՝ իրենց ամառանոցների խնամքի համար, ասենք, կարող են տարեկան 3 մլն դոլարի չափով գումար ծախսել: Փոքր ժամանակ հարևանի հեծանիվը ջարդած, հեծանիվի համար նախանձող, բարդույթավորված մարդիկ այսօր մեքենաներով գնում-գալիս են: Սա չպետք է բնորոշ լինի փոքր հնարավորություններ ունեցող երկրի համար: Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ: Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի տնտեսության ահավոր կառուցվածք, և դրա կտրվածքով արդյունաբերությունը, որպես այդպիսին, ընդհանրապես գոյություն չունի, բայց պետք է հիշենք, որ կենտրոնացված կառավարման՝ մասնավորաբար խորհրդային տարիներին մեր ժողովրդատնտեսական համալիրի մեջ ունեցել ենք ռադիոէլեկտրոնային, նավիգացիոն, էլեկտրատեխնիկական արդյունաբերություն, հանքարդյունաբերություն, քիմիական արդյունաբերություն:
Ունեցել ենք բազմաթիվ հնարավորություններ և շնորհք: Անցած երեսուն տարվա ընթացքում բոլոր հնարավորությունները ձեռքից բաց ենք թողել, և գնալով կառավարումն ավելի ու ավելի վատացել է: Հարկային ճնշումների տակ դու երբևիցե ի զորու չես լինելու տնտեսության կառուցվածքը արդիականացնել՝ այն դարձնելով ժամանակակից: Փաստորեն, «տուգանքի մատերիալ» կտրվածքով մուտքեր են ձևավորվում, որոնք իշխանության կրողների կողմից օգտագործվում են անխնա ու ողորմելի ձևով: Պետական կառավարման անարդյունավետ, երկիրը կործանող քաղաքականություն են վարում: Իրենք երկիր պահելու խնդիր ունեն, ամենակարևորը՝ կառավարելու խնդիր ունեն, ինչից գլուխ չեն հանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տնտեսագետը:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։