Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ մեկը երաշխավորո՞ւմ է

Մարտ 28,2024 10:00

Իր՝ Ադրբեջանին ամեն ինչ զիջելու մոլուցքի մեջ ՀՀ ներկայիս իշխանությունը կիրառում է «խորամանկ» մի հնարք. իբր Տավուշի սահմանին գտնվող մեր դիրքերն իրականում Ադրբեջանի ինքնիշխան տարածք են, հետեւաբար, այդ դիրքերը պետք է հանձնել:

Չխորանանք քարտեզագիտության եւ, այսպես կոչված, «սահմանազատման» բարդ խնդիրների մեջ: Հարցին նայենք այլ կողմից: Ըստ Հայաստանի նույն իշխանության՝ Ադրբեջանը մեր ինքնիշխան տարածքից զավթել է 130 քառակուսի կիլոմետր: Արդյոք Տավուշի սահմանից հետ քաշվելու դեպքում՝ որպես պատասխան քայլ, հակառակորդի զինուժը նո՞ւյնն է անելու: Որքան հասկանում եմ, Ադրբեջանը նման մտադրություն բացարձակապես չունի:

Եթե չունի, գուցե ինչ-որ մի հեղինակավոր գործիչ, օրինակ Բորելը, Միշելը, վան դեր Լեյենը կամ Բլինկենը մեզ խոստացել են, երաշխավորել են, որ Հայաստանի այդ հերթական միակողմանի զիջումն անելուց հետո Ադրբեջանի նոր հարձակումը բացառվա՞ծ է: Եթե կա նման «անվտանգության եվրոպական գործիք», ուրեմն՝ զիջումն արդարացված է: Բայց հիշյալ գործիչներից որեւէ մեկից ես նման հավաստիացում չեմ լսել:

Փաշինյանը սովորություն ունի հայ հասարակությանը փոխանցելու Ադրբեջանի պահանջները՝ համոզելով մեզ, որ դրանց կատարումը հանգեցնելու է խաղաղության: Օրինակ, եթե մենք հրաժարվենք Անկախության հռչակագրից, փոխենք զինանշանը եւ օրհներգը, ինչպես նաեւ Սահմանադրությունը, ապա այդ ամենը կդադարի Թուրքիայի եւ Ադրբեջանի համար «կարմիր կտորի» դեր խաղաղ, եւ դրանից հետո կբացվի «խաղաղության դարաշրջանի» դուռը:

Որեւէ ապացույց կա՞, որ այդ քայլերի հերթականությունը բերելու է նման հետեւանքի: Որեւէ մեկը նման երաշխիք տվե՞լ է: Թե՞ դա զուտ ենթադրություն է: Եթե ենթադրություն է, ապա ես ավելի հիմնավոր ենթադրություն ունեմ, որ մեր այդ երկու հարեւանների համար «կարմիր կտոր» է այս տարածաշրջանում հայկական պետականության առկայությունը:

Կամ՝ ավելի վաղ փաստացի ասվում էր, որ եթե մենք իջեցնենք Արցախի հարցում մեր հավակնությունների նշաձողը, ապա մեզ կհաջողվի պաշտպանել արցախահայության անվտանգությունն ու իրավունքները: Նշաձողն իջեցրեցինք կամ, ավելի ճիշտ՝ ընդհանրապես վերացրեցինք: Իրավունքներն ու ազատությունը հաջողվե՞ց պաշտպանել:

Մեր միջազգային գործընկերները, որոնք իբր «իջեցնելու» հորդորներով էին դիմում, մեզ ինչ-որ բա՞ն էին խոստացել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    Ինչու՞ է Հնդկաստանում 4 կաստաների բաժանումը դեռևս տարածված, և կա կաստաների միջև խառնվելու խիստ արգելք:
    Ինչպե՞ս են Հայկական լեռնաշխարհի տարածքում բուծել ընտելացված Աստծո գառների: Ամրոցների փոխարեն եկեղեցիներ են կառուցվել։
    100 տարի առաջ՝ վկա Արևմտյան Հայաստանը:
    Երեկ՝ Արցախը:
    Վաղը՝ Սյունիքն ու Տավուշը:
    Համեմատե՛ք Փաշինյանի ԴՆԹ-ն Էլչիբեյի ԴՆԹ-ի հետ: Եվ բոլոր նրանք, ովքեր ոչինչ չգիտեն, թող մի քիչ զարմանան։
    Ոչ ոք ոչինչ չի երաշխավորում:

  2. Հ.Շ. says:

    Փաշինյանի ըսածները, ժամանակէ մը ի վեր, այլեւս այն չէ՛, որ՝ յաւելեալ յանձնումները պիտի բերեն խաղաղութիւն:

    Այլ, թէ յաւելեալ յանձնումներով, թերեւս հնարաւոր կը լինի կանխելը – կամ գոնէ ուշացնելը – ՝ թուրքերի ռազմական յարձակումին յաջորդ հանգրուանը: Թերեւս:

    Արդարեւ, նոյնիսկ ինք կասկած է յայտնում, որ այդ ազդեցութիւնը իսկ տեղի կ’ունենայ, բայց ասում է՝ դեհ, փորձենք, տենանք… բա ուրիշ ի՞նչ կարող ենք անել…

    Պարտութենէն ետք անգամ՝ զիս է որ վերընտրեցիք 2021ին, դարձեալ ինծի յանձնեցիք ու վստահեցաք ձեր ճակատագիրը, ուրեմն ես ալ հիմա անում եմ, ինչ որ կարող եմ անել:

  3. Լավատես says:

    Մի քիչ էլ խոսենք ապագայի մասին: Անգլոսաքսոնական և ռոմանո-գերմանական իրավունքի համակարգերը մեր պարագայում երկուսն էլ անհրաժեշտ են, առաջինը նոր պայմաններում նոր օրենքների արարման լաբորատորիա է, որը հիմնված է հին ամրագրված օրենքների վրա, իսկ երկրորդը ամրագրում է նոր պայմաններում լաբորատորիայի առավել հաջողվաց օրենքները եւ զանգվածային ՝արդյունաբերական՝ կիրառություն ստանում՝ ապագայում դառնալով նոր օրենքների համար հիմք: Երկու սուբյեկտների՝ երեխաների միջեւ, ընտանիքների, համայնքների, պետությունների, գլոբալ վերպետական կառույցների միջեւ ցանկացած հակասություն լուծվում է մի եղանակով՝ ստեղծելով վերսուբյեկտային կառույց, որն ունի իր օրենքներն ու դատարանները եւ ուժային համակարգը, որը արդարացիորեն լուծում է տալիս այդ հակասություններին, որ երկու հակամարտող կողմերն էլ կամավոր կերպով համաձայնվում են ընդունել եւ կիրառել՝ վերջինս պետք է լինի դատավարության իմաստը (այլ ոչ թե պատիժը): Բոլոր սուբյեկտները պետք է ծառայեն երեխային՝ ճիշտ դաստիարակված ու կրթված երեխաների թիվը պետք է աճի ընտանիքներում, ճիշտ դաստիարակված ու կրթված ընտանիքների թիվը պետք է աճի համայնքներում, ճիշտ դաստիարակված ու կրթված համայնքների թիվը պետք է աճի պետություններում, ճիշտ դաստիարակված ու կրթված պետությունների թիվը պետք է աճի գլոբալ կառույցներում, ճ… մարդկությունում: Մեր լոկալ խնդիրները կազմում են համաշխարհային օրակարգերի մի մասը, որոնց կառավարում են գլոբալ ուժերը, ուզում ենք լուծել մեր տարածաշրջանային խնդիրները, ուրեմն մեզ նմանների հետ միասին պետք է դառնանք մրցակից գլոբալ ուժ, որ կարողանանք մեր օրակարգերը պարտադրենք մյուս գլոբալ ուժերին: Բարդ խնդիրները լուծելուց սկզբից լավ կլիներ, որ փիլիսոփաները հայեցակարգային լուծում առաջարկեն: Փիլիսոփաներ բոլոր ժողովուրդների, միացե՛ք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031