Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տրանսպորտի ավտոկայան մուտքից հետո եւ ելքից առաջ պետք է կատարեն համապատասխան զննումներ»

Մարտ 28,2024 13:00

Երեկ ֆեյսբուքյան իմ էջում տեղադրեցի 1 համարի տրոլեյբուսից մի կադր, որտեղ երեւում է անհասկանալի, գազի բալոնին նմանվող իրեր, հենց նստատեղիի տակ:

Սա առաջին անգամը չէ, երբ հանդիպում եմ տարատեսակ մեկնաբանությունների, թե գազի բալոն չէ, դրանից վտանգ չկա, իսկ մի օգտատեր էլ ուղղակի իմ հարցադրմանը, թե, այնուամենայնիվ, այս ահաբեկչությունների, քաղաքում վխտացող տարատեսակ անձանց ֆոնին տրանսպորտային միջոցներն ավտոկայաններից դուրս գալիս պետք է ստուգվեն, պատասխանեց հարցադրմամբ. «Ավտոկայանը պետք է ունենա անվտանգության աշխատակիցներ, որոնք տրանսպորտի ավտոկայան մուտքից հետո եւ ելքից առաջ պետք է կատարեն համապատասխան զննումներ: Ենթադրելի է, որ մերոնք նման ծառայություն չունեն, այդպես չէ՞»:

Սա առաջին անգամը չէ, որ հանրային տրանսպորտում անհասկանալի իրեր ենք նկատում, օրինակ, լուսանկարում պատկերված «ամրագոտի» շշերը, որի մեջ չգիտես՝ ինչ հեղուկ է: Իսկ գուցե վառելիք է, վարորդն ամեն բան հո չի նկատում, կամ թե նկատի էլ, ճիշտը չի ասի:

Ուղեւորներից մեկը, հենց տեսավ, որ նկարում էի, ասաց՝ ուղղակի բարձիթողի վիճակ է հատկապես 22, 53, 42 ավտոբուսներում եւ 1-ին, 10 համարի տրոլեյբուսներում: Եթե նկատեցիք, այս տրանսպորտային միջոցները սպասարկում են Մասիվից Կենտրոն, Շենգավիթ համայնք գնացող ուղեւորներին: 42 համարի մշտապես անմաքուր միկրոավտոբուսի պատռած կաշվե «առաստաղում» էլ վխտում են թախտաբիթիները, ոջիլները…

Հայաստանի Հանրապետությունն ունի օրենք «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», որն առիթ էր մեկ անգամ վերանայելու: Օրենքով սահմանված են, թե ինչով պետք է զբաղվեն ավտոկայանները՝ տրանսպորտային միջոցների զննման եւ սպասարկման համար: Ըստ օրենքի. «Փոխադրողը պարտավոր է ապահովել ուղեւորների բարեկիրթ եւ անվտանգ սպասարկումը», ինչը, սակայն, այդպես չէ: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը պետք է համապատասխանի ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար օրենքով սահմանվող պահանջներին, ընդհանուր օգտագործման ուղեւորափոխադրումներում օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեսրահի նստատեղերի խտացումը, այլ հարմարադասումը, տվյալ ավտոտրանսպորտային միջոցի համար չնախատեսված այլ նստոցների տեղադրումը, ինչպես նաեւ պատառոտված պաստառներով նստոցների առկայության դեպքում փոխադրումների իրականացումն արգելվում են…

Օրենքով սահմանված է. «Կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպություններին նախազգուշացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կողմից խախտումը հայտնաբերվելու օրվանից հետո` 5-օրյա ժամկետում: Նախազգուշացումը ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, խախտումը չվերացնելու, ինչպես նաեւ մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից: Որոշակի դեպքերում կազմակերպությունն առանց նախազգուշացման զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից խախտումը հայտնաբերվելու օրվանից հետո` 10-օրյա ժամկետում…»:

Օրենքը կա, բայց ում է պետք այն, եթե չի կիրառվում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031