Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում խոսել ապագայից, չեմ ուզում Աստծուն ծիծաղեցնել»

Մարտ 28,2024 12:30

Երգչուհի Կարոլինա Խառատյանը «փակագծեր» է բացում տեւական դադարից հետո իր վերադարձի, անձնականի եւ ծրագրերի մասին

Կարոլինա Խառատյանը տեւական դադարից հետո նկարել է իր նոր՝ «Կարոտել եմ քեզ» երգի տեսահոլովակը, որը կարճ ժամանակահատվածում 11 հազարից ավելի դիտում ունի յութուբում: Երաժշտությունը գրել է Գուրո Գասպարյանը, բառերը Գրիգոր Կյոկչյանը, պրոդյուսերը Արման Փահլեւանյանն է: Երաժշտի ընտանիքում ծնված Կարոլինան դասական կրթություն է ստացել, Երեւանի պետկոնսերվատորիայում սովորել է նախ Գոհար Գալաչյանի դասարանում, ապա Սուսաննա Մարտիրոսյանի մոտ: Ասում է՝ աշխատելու հնարավորություն է ունեցել մեր երկրի լավագույն երաժիշտների հետ, հանդես է եկել Մալխաս ջազ ակումբում: Վազգեն Ասատրյանի հրավերով աշխատել է Երեւանի հայտնի ակումբներից մեկում, ելույթ է ունեցել Գեորգի Մանգասարյանի հետ: «Շնորհակալ եմ բոլորից, ում հետ երբեւէ պատիվ եմ ունեցել աշխատելու»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է երգչուհին:

Հավելում է, որ ելույթներ է ունեցել նախագահական, կառավարական միջոցառումներում, երգել ծննդյան տոների, հարսանիքների ժամանակ, քանի որ, ինչպես ինքն է ձեւակերպում, երաժշտությունն էլ երաժիշտների եկամտի աղբյուրն է, բացի սիրելի աշխատանք լինելուց:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ տարիներ առաջ նկարված նրա «20 տարեկան» երգի տեսահոլովակին, որի խոսքերի հեղինակը դարձյալ Գրիգոր Կյոկչյանն էր, երաժշտության հեղինակը՝ Ռիչարդ Մադլենյանը, տեսահոլովակը նկարել էր Ժոր Մելոյանը, գործիքավորում կատարել Էդգար Հայրապետյանը:

Երգչուհու ձեւակերպմամբ, դա այդ տարիների համար գրված գեղեցիկ երգ էր, որը կարելի էր կատարել ժամանցի, ծննդյան տարեդարձի ժամանակ: Դրանից հետո նա 6 տարի դադար է ունեցել՝ անձնական պատճառներով: Տեսահոլովակներ չի նկարել, բայց երբեք չի դադարել երգել, որն իր հիմնական եւ միակ աշխատանքն է:

Սիրելի մայրիկի մահվանից հետո Կարոլինան աշխատանքային պայմանագրով մեկնել է Դուբայ, Քաթար, Բեյրութ, երգել է անգլերեն, արաբերեն, քանի որ տիրապետում է մի քանի լեզվի: Կարոլինան Հայաստան է վերադարձել անցյալ տարի՝ նոր ծրագրերով, նոր գաղափարներով: Ասում է՝ երբ լսել է «Կարոտել եմ քեզ» երգի մեղեդին, որը գրել է հիթերի հեղինակ Գուրո Գասպարյանը, հասկացել է, որ երգը հենց իր համար է ստեղծված եւ այն պետք է դառնա տեսահոլովակ, որը նկարվել է Բեյրութում:

Կարոլինա Խառատյանը նշում է, որ առաջիկայում ցանկանում է հանդես գալ մի ստեղծագործությամբ, որով կներկայանա որպես երգչուհի եւ դաշնակահարուհի: «Առանձնապես չեմ ուզում խոսել ապագայից, չեմ ուզում Աստծուն ծիծաղեցնել, նպատակները կան, ու ես ամեն ինչ թողնում եմ Աստծո վրա»,-ասում է մեր զրուցակիցը: Իր ոճի մասին խոսելիս՝ երկնային կյանքով ապրող մայրիկին է հիշում, որը նրա ձեւակերպմամբ՝ ամուր թիկունք էր իր համար. «Մայրս ֆանտաստիկ նրբաճաշակ կին էր, ես շատ նման եմ իրեն… Մայրս ինձ համար կնոջ իդեալ էր, շոշափելի եւ տեսանելի Աստված էր երկրի վրա: Նա ամեն հարցում իմ կողքին է եղել: Մինչեւ հիմա, երբ անորոշ վիճակում եմ հայտնվում ու պետք է որոշում կայացնեմ, մայրիկիս խնդրում եմ, որ երազիս գա եւ ասի՝ արդյոք տվյալ քայլը ճիշտ եմ անում: Ու պատկերացրեք՝ ինքը գալիս է… «Կարոտել եմ քեզ» երգի տեսահոլովակում հագուստների ոճի, մազերի, դիմահարդարման հեղինակը ես եմ: Հարգում եմ բոլոր դիզայներներին, որոնք իմ լավագույն ընկերներն են, բայց ե՛ս գիտեմ, թե ինչն է ինձ սազում: Հարգում եմ նորաձեւության բոլոր կանոնները, բայց կարծում եմ՝ ամեն մարդ պետք է հարմարավետ եւ ներդաշնակ լինի ինքն իր հետ, հասկանա, թե ինչն է իր դեմքին, մաշկին, մազերին համահունչ: Ես ինձ չեմ համարում համարձակ, բայց ողջունում եմ իմ համարձակ ընկեր երաժիշտներին, երգիչներին»:

Կարոլինա Խառատյանին հարցրինք՝ ի վերջո ո՞րն է իր ձեռագիրը՝ ժանրային, ոճային առումով: «Եթե հանդիսատեսը գալիս է քեզ լսելու, պետք է հասկանա՝ գալիս է ջա՞զ լսելու, էստրադա՞, թե՞ մի ուրիշ բան: Իմ երաժշտական պրոդյուսեր Արման Փահլեւանյանն ինձ ասում է՝ մի կողմից շատ լավ է, որ դու ամեն ինչ երգում ես, բայց մյուս կողմից էլ վատ է, որովհետեւ այդ պարագայում դժվարանում է կոնկրետ ուղղվածության ընտրությունը: Քանի որ նա փայլուն երաժիշտներից մեկն է, կարծում եմ, որ մեր երկրորդ, երրորդ ստեղծագործությունից, տեսահոլովակից պարզ կդառնա, թե ի վերջո որ ուղղությամբ ենք գնալու… Ամեն դեպքում, ես շատ եմ ցանկանում, որ գա մի օր, ու ես կարողանամ երգ գրել, որը կնվիրվի մայրիկիս: Եվ Կարոլինայի վերադարձը կլինի մոր մասին երգով»,- ասաց երգչուհին:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ ԱՄՆ-ում Սուրբ Պետրոս եկեղեցում իր՝ շարականներ երգելուն: Երգչուհին վստահ է, որ մի օր կրկին նման անակնկալ կանի հանդիսատեսին մեծ բեմից: Իսկ ընդհանրապես պատրաստվում է նոր տեսահոլովակներ նկարել, որոնցում յուրովի կմատուցի լեգենդար արտիստների հայտնի ստեղծագործությունները, որոշ ջազային գործեր: Ի դեպ, Կարոլինա Խառատյանը հովանավոր չունի, ասում է՝ իր նախագծերի ամբողջ ֆինանսական պատասխանատվությունն իր վրա է, ու ինքն իրեն կարող է նման բան թույլ տալ՝ տարիներ շարունակ արտասահմանում աշխատելու շնորհիվ: Նա չի ընդունում հայկական չափանիշներով հովանավոր ասվածը, իր համար ընդունելի է գործընկերը, որն իր մեջ ամփոփում է ոչ միան գործնական ճիշտ հարաբերությունները, այլեւ ընկերությունը:

Կարոլինան նաեւ դեմ է արվեստում, շոու-բիզնեսում մրցակցությանը, ասում է, որ ոչ թե գեղեցկությունը, այլ բարությունն ու սերն են փրկում աշխարհը, իսկ մրցակցությունը խանգարում է ինքդ քեզ իրացնելուն. «Դու պիտի անես այն, ինչ ուզում ես, սիրես արածդ գործը, հագնվես այն ոճով, որը սազում է քեզ»: Հունվար ամսից երգչուհին հրաժարվել է տարբեր միջոցառումների մասնակցելուց, փոքրիկ դադար է վերցրել, որպեսզի ողջ ժամանակը, էներգիան եւ ստեղծագործական հույզերը ծախսի ստուդիայում երգեր ձայնագրելու վրա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031