Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք ձեռքերի սառնություն առաջացնող առողջական խնդիրներին, և հետաքրքիր է այն, որ ինչպես և ձեռքերի սառնությունը, այնպես էլ տաքությունը կարող է հուշել, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ, հատկապես երբ տաքությանը զուգահեռ առաջանում է նաև այրոցի զգացողություն։
Դիտարկենք առողջական այն վիճակները, որոնց դեպքերում ձեռքերի անսովոր տաքություն և այրոց կարող է նկատվել։
Ափային (պալմար) էրիթեմա
Երկու ձեռքերում տաքության և այրոցի զգացումը կարող է պայմանավորված լինել մաշկային հազվադեպ հիվանդություն համարվող ափային էրիթեմայով։ Այդ հիվանդությունը նաև ափերի, երբեմն էլ մատների շրջանում համաչափ կարմիր բծեր է առաջացնում։ Ափային մակերեսների սեղմման դեպքում դրանք գունատվում են և բաց թողնելիս՝ կրկին կարմրում:
Կարդացեք նաև
Ափային էրիթեմայի առաջացման պատճառները որոշ դեպքերում անհայտ են կամ ունեն ժառանգական բնույթ։ Սակայն կան մի շարք վիճակներ, որոնք կապվում են հիվանդության զարգացման հետ, դրանք են՝
- լյարդի քրոնիկ հիվանդությունները,
- հղիությունը,
- որոշ դեղամիջոցները,
- մաշկային հիվանդությունները
- շաքարային դիաբետը
- աուտոիմունային հիվանդությունները
- ՁԻԱՀ-ը և այլն,
- վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները և այլն։
Եթե ափային էրիթեմայի պատճառներն անհայտ են կամ խնդիրը փոխանցվել է ժառանգաբար, ապա հատուկ բուժում չի պահանջվում, իսկ եթե ափային էրիթեման մեկ այլ հիվանդության հետևանք է, ապա հիմնական խնդրի բուժումը նպաստում է ախտանշանների վերացմանը։
Ֆիբրոմիալգիա
Ֆիբրոմիալգիան սովորաբար բնութագրվում է որպես մարմնի տարբեր հատվածներում ցավ և ընդհանուր հոգնածություն առաջացնող վիճակ։ Որոշ դեպքերում ֆիբրոմիալգիայով տառապող մարդիկ ունենում են տաքության, այրոցի զգացողություն ձեռքերում և ոտքերում։
Ֆիբրոմիալգիան կարող է առաջացնել նաև այս տհաճ ախտանշանները՝
- քնի որակի վատթարացում,
- գլխացավեր,
- դեպրեսիա,
- անհանգստություն
- կենտրոնանալու հետ կապված դժվարություններ,
- գրգռված աղու համախտանիշի զարգացում կամ նվացող ցավեր որովայնի ստորին հատվածում։
Ֆիբրոմիալգիան սովորաբար դժվար է ախտորոշվում, քանի որ կարող է շփոթվել առողջական այլ խնդիրների հետ։ Մասնագիտական գրականությունում նշվում է, որ ֆիբրոմիալգիայի առկայության մասին կարող է հուշել մշտական տարածուն ցավը, որը հստակ պատճառ չունի և տևում է 3 ամիս և ավելի։
Ֆիբրոմիալգիայի ախտանշանների թեթևացման համար նշանակվում են ցավազրկողներ, միոռելաքսանտներ կամ հակացնցումային դեղորայք, հակադեպրեսանտներ, ինչպես նաև կարող է օգնել ֆիզիոթերապիան, ասեղնաբուժությունը, մերսումը, յոգան և այլն։
Կարպալ թունելի համախտանիշ
Կարպալ թունելի համախտանիշը զարգանում է միջնակ նյարդի ճնշման հետևանքով։ Այդ նյարդը գտնվում է նախաբազկից դաստակով դեպի ձեռքի ափն անցնող փոքրիկ ճեղքաձև տարածությունում։ Կարպալ թունելի համախտանիշը ձեռքերում առաջացնում է նաև տաքության ու այրոցի զգացողություն։
Այլ ախտանշաններն են՝
- ձեռքերի ափերի ու մատների թմրածությունն ու ծակծկոցը,
- ձեռքի մկանների թուլությունը,
- դաստակի ցավը, թուլությունն ու թմրածությունը,
- ձեռքից դեպի վերև տարածվող ցավն ու այրոցը։
Այս համախտանիշի առաջացումը կարող է կապված լինել դաստակի անընդհատ կրկնվող գործողությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, ստեղնաշարի վրա տեքստի հավաքումը, համակարգչի հետ կապված աշխատանքը և այլն։ Հատկապես վտանգավոր է, երբ դաստակները մշտապես ծալված դիրքում են։
Կարպալ թունելի համախտանիշի զարգացմանը նպաստող գործոններից են՝
- դաստակի վնասվածքներըm
- վատ վերահսկվող շաքարային դիաբետը,
- ռևմատոիդ արթրիտը,
- հիպոթիրեոզը և այլն։
Բուժումը կախված է խնդրի բարդությունից և ներառում է կենսակերպի փոփոխությունները, դաստակի անշարժացումը, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները կամ ստերոիդների ներարկումները, վիրահատական միջամտությունը։
Ծայրամասային (պերֆերիկ) նեյրոպաթիա
Ձեռքերի տաքությունն ու այրոցը նաև պերֆերիկ նեյրոպաթիայի ախտանշաններից են։ Այս վիճակի առաջացման պատճառը հիմնական հիվանդության հետևանքով առաջացած նյարդային վնասվածքներին են։
Այլ ախտանշաններն են՝
- ձեռքերի ու ոտքերի շրջանում ծակծկոցը,
- սուր ցավը,
- ձեռքերի ու ոտքերի թմրածությունը,
- անշարժության զգացողությունը,
- ծանրության զգացողությունը,
- զարկերակային ցածր ճնշումը,
- էրեկտիլ դիսֆունկցիան։
Թեև ժառանգականությունը դեր ունի ծայրամասային նեյրոպաթիայի զարգացման հարցում, բայց այն հիմնականում պայմանավորված է մի շարք հիվանդություններով, ինչպիսիք են՝
- աուտոիմունային հիվանդությունները,
- շաքարային դիաբետը,
- հիպոթիրեոզը,
- վիրուսային ու բակտերիալ վարակները։
Ծայրամասային նեյրոպաթիայի բուժումը ենթադրում է հիմնական խնդրի բուժում, իսկ ախտանշանների թեթևացման համար բժիշկը կարող է նշանակել ցավազրկողներ, այդ թվում՝ տեղային ազդեցության միջոցներ, հակացնցումային դեղորայք, բուժման այլընտրանքային մեթոդներ, ինչպիսին ասեղնաբուժությունն է։
Ռեֆլեքսային սիմպաթիկ դիստրոֆիա
Ռեֆլեքսային սիմպաթիկ դիստրոֆիան, որը նաև անվանում են կոմպլեքս ռեգիոնալ ցավային համախտանիշ, բարդ վիճակ է, որն առաջանում է նյարդային և իմունային համակարգերի աշխատանքի խաթարման հետևանքով։ Խնդիրը հիմնականում վնասվածքների, վարակների, սթրեսի, հիմնական այլ հիվանդության (քաղցկեղ) պատճառով է առաջանում։
Ռեֆլեքսային սիմպաթիկ դիստրոֆիայի դեպքում տաքության, այրոցի զգացում է լինում ձեռքերի, ինչպես նաև վնասված այլ հատվածներում։ Այն կարող է առաջացնել նաև քրտնարտադրություն, ինչպես նաև՝
- ցավ,
- այտուց,
- զգայունություն ցրտի կամ տաքության նկատմամբ,
- գունատ կամ կարմիր մաշկ,
- մկանային թուլություն, ջղակծկումներ,
- հոդերի կոշտություն։
Բուժման մեթոդները կախված են ախտանշաններից, դրանք կարող են ներառել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները, ցավազրկող ներարկումները, հակացնցումային միջոցներն ու կորտիկոստերոիդները։ Կարող է նշանակվել նաև ֆիզիոթերապիա և վիրահատական միջամտություն։
Էրիթրոմելալգիա
Սա ևս հազվադեպ հանդիպող մաշկային հիվանդություն է, որը կարող է տաքության ու ցավոտ այրոցի զգացում առաջացնել ձեռքերում։
Էրիթրոմելալգիան առաջացնում է նաև այտուցվածություն, գերքրտնարտադրություն, մաշկի կարմրավուն կամ մանուշակագույն երանգ։
Այս խնդրի առաջացման պատճառները լիովին հայտնի չեն։ Էրիթրոմելալգիան կարող է կապված լինել արյունատար անոթների ոչ բավարար լայնացման կամ նեղացման խնդրի հետ, ինչն ազդում է դեպի ձեռքեր ու ոտքեր արյան հոսքի վրա։
Էրիթրոմելալգիան կապվում է նաև հիմնական հիվանդությունների հետ, ինչպիսիք են՝
- ողնուղեղի հիվանդություններ,
- նյարդի վնասվածքներ,
- աուտոիմունային հիվանդություններ։
Էրիթրոմելալգիայի պատճառով առաջացած ցավն ու այրոցը թեթևանում են սառը թրջոցների, ձեռքերի ու ոտքերի լոգանքների օգնությամբ։
Կարող են օգտակար լինել նաև տեղային օգտագործման քսուկները, ինչպես նաև բժշկի կողմից նշանակվող հակադեպրեսանտները կամ հակահիստամինային թերապիան։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ