Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հակոբյան․ «Մեր նպատակն է` ցույց տալ, որ քաղաքային իշխանությունը ժառանգել է համապետական իր քավորների գործելաոճը եւ օրենքը, պարզապես, չի հարգում»

Մարտ 27,2024 23:43

Երեւանի  ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի որդին, «Հայելի» ակումբում խոսեց քաղաքապետարանում առկա հակաօրինական, կոռուպցիոն գործողությունների մասին։ Նա, մասնավորապես, նշեց, որ առայժմ դատարան է ներկայացվել առնվազն երեք հայց։

«Առաջինը Տիգրան Ավինյանի լիազորությունները ստանձնելու ապօրինության մասին է։ Մեր պահանջը այն է, որ տվյալ արարողության նիստը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին, ճանաչվի ոչ իրավազոր, որովհետեւ քվորում չի ապահովվել եւ Ավինյանը լիազորությունները ստանձնել է օրենքի տառին հակառակ։

Երկրորդ հայցով մեր պահանջն է, որ դատարանը ճանաչի այն փաստը, որ քաղաքային իշխանությունը «Մայր Հայաստանի» ավագանի Սամվել Հակոբյանի ներկայացրած նախագիծը պատշաճ կերպով չի ընդունել եւ մերժել է  օրենքին ոչ համապատասխան կերպով։ Իսկ նախագիծն այն է եղել, որպեսզի անցկացվի երդմնակալության նոր արարողության նիստ։ Նրանք առնվազն պարտավոր էին մուտք անել որպես նախագիծ, մտցնել օրակարգ, գլխադասային հանձնաժողովում քննարկել, որից հետո պարզ կդառնար այն կմտներ օրակարգ, թե չէ։ Ակնհայտ է, որ այնտեղ իրենք բացասական կքվեարկեին։ Բայց մեր նպատակն է ցույց տալ, որ քաղաքային իշխանությունները ժառանգել են համապետական իրենց քավորների գործելաոճը եւ օրենքը, պարզապես, չեն հարգում։

Առաջին հայցն ավելի կարեւոր է, որովհետեւ եթե մենք  դատարանով ապացուցենք, որ տվյալ նիստը եղել է ոչ իրավազոր եւ  Ավինյանը ապօրինի քաղաքապետ է, ապա բոլոր այն որոշումները եւ հանձնարարականները, որը ստորագրել ե Տիգրան Ավինյանը, իբրեւ քաղաքապետ, կդառնան բողոքարկման ենթակա։ Այսինքն, բոլոր խայտառակ թանկացումները, չհիմնավորված հարկերը, տուրքերի վճարների բարձրացումները՝ բոլորը կդառնան բողոքարկման ենթակա եւ մենք հետեւողական կլինենք, որ դա տեղի ունենա։

Երրորդը, ավագանու մեր անդամ Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու հայցն է, որը նույնպես մուտք ենք արել դատարան: Մենք վստահ ենք, որ սա եւս ապօրինություն է։ Իշխանական ավագանիները տարբեր պատճառաբանություններ էին բերում, իբրեւ նա եւ մյուս ավագանիները չէին աշխատում։ Բայց դա Սոնա Աղեկյանին չի վերաբերում, քանի որ նա շատ աշխատասեր ու ակտիվ է, եթե չասենք ամենաակտիվը։ Նա օրինակելի ավագանի էր եւ որպես ընդդիմադիր ավագանի փայլուն կատարում էր իր աշխատանք։ Ես կարծում եմ, որ նրան հենց դրա համար էլ հանեցին»,-ասաց Սամվել Հակոբյանը

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031