Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյանը՝ Նորքի ոստիկանության բաժին նռնակով ներխուժած անձանց ուղղորդված չլինելու եւ «5-րդ շարասյան կարկառուն ներկայացուցչի» դիտարկումների մասին

Մարտ 27,2024 23:25

Ազգային ժողովրդական Բեւեռի անդամ Կարո Եղնուկյանը բացառում է, որ Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի վրա զինված հարձակման մասնակիցները ուղղորդված լինեին իշխանությունների կողմից կամ նռնակով հարձակման բեմադրություն կազմակերպեին:

«Վարդգեսին եւ Արթուրին անձամբ գիտեմ բավական երկար ժամանակ: Վարդգեսը զինվորական է, 25 տարի ծառայել է, նոր է թոշակի գնացել: Նա նաեւ «Սասնա ծռերի» գործով նույն խմբում է, ինչ՝ ես, որպես աջակցություն, այդ հոդվածով է մեղադրվում: Վարդգեսը բոլոր պատերազմներով անցած մարդ է, Արթուրը` նույնպես: Բացառվում է, որ նրանք օգտագործվեին իշխանությունների կողմից »,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Կարո Եղնուկյանը:

Թե ինչպես պատերազմներով անցած մարդիկ, այդքան անփորձ գործեցին ոստիկանության շենքում իրենց ծրագրած գործողություններն իրականացնելիս, երբ օրինակ՝  նռնակով ոստիկանություն մտած անձը նռնակը նետեց ոտքին, ինքը տուժեց դրանից, մյուսը ոստիկանների հետ խաղաղ զրուցեց ու ծխեց, պարոն Եղնուկյանի համար այդ տեսարանները նույնպես հարցեր  են առաջացրել են, բայց. «Եթե Վարդգեսն ու Արթուրն են միայն վիրավորվել, ինչքան հասկացա, Արթուրը վիրավորվել է կրծքավանդակից ու վերջույթներից, թոքի վնասվածք է ստացել, կարծես թե, թոքի մի մասը հեռացրել են, եթե իր ձեռքից  է նռնակն ընկել, հետեւաբար ամենաշատ վնասն ինքն է կրել: Թե ինչ հանգամանքներում է այդպես եղել, մենք ունենք միայն ոստիկանների կիսատ-պռատ  տեղեկությունները:

Չեմ կարող եզրակացություն անել այդ կիսատ տվյալներից: Բայց կարող եմ ասել, որ այս տղաները մարդասպան չեն: Բացառում եմ, որ իրենք մտել են ոստիկանություն որեւէ մեկին վնասելու  համար: Ավելի իրենցից սպասելի է, որ իրենք իրենց ինքնահրկիզեն որպես բողոքի նշան քան թե  մեկ ուրիշին վնասեին: Չեմ կարծում՝ իրենք իրենց   ուզածին հասան: Կարծում եմ՝ իրենց կողմից հուզական պահ է  եղել: Այդ օրը իշխանությունները Տավուշից եւ Երեւանից շատ մարդկանց բերման էին ենթարկել , օրվա ընթացքում միայն Բեւեռից մի ութ աջակցի բերման էին ենթարկել՝ թույլ չտալով նրանց Ոսկեպարին մոտենալ…

Իհարկե, այն մարդիկ, որ ասում են՝ սա բեմադրություն է  հիմնվում են որոշ դրվագների վրա, որոնք, իսկապես, ծիծաղելի են: Օրինակ, երբ ոստիկանները սիգարետ են տալիս Ստեփանին, ում հետ բանակցում էին:  Տարօրինակ էր, երբ միանգամից տասը հոգի հարձակվում են նրա վրա, հարց է առաջանում՝ բա որ պայթեցներ, պետք է վստահ լինեին, չէ՞, որ չէին պայթելու: Անհասկանալի բաներ կան, բայց բացառում եմ,  որ դա բեմականացված է, բացառում եմ, որ իրենք ուղղորդված կամ թելադրված լինեն որեւէ մեկի կողմից: Իրենք այնպիսի մարդիկ չէին, որոնց կարող ես օգտագործել մի բան անելու համար: Դա իրենց որոշումն է եղել:  Բացառում եմ, որ իշխանությունները, ԱԱԾ-ն կամ, ինչպես ասում են, Կրեմլը իրենց օգտագործած լինի»:

Ինչ վերաբերում է Ոստիկանության շենքի վրա հարձակված անձանցից մեկի՝   տարիներ առաջ իշխանության հրահանգով ՍԴ վրա հարձակվելու մասին ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հայտնած տեղեկություններին, Կարո Եղնուկյանը շարունակեց. «Կարող է ներկա եղած լինեն այդ օրերին, որովհետեւ Հրայր  Թովմասյանի հեռացման գաղափարի հետ կապված բավականին մեծ համակիրներ կային ժողովրդի մեջ: Չմոռանանք՝ երբ էր դա, այսպես կոչված թավշյա հեղափոխությանը հաջորդած մի քանի ամիսներին էր, հետեւաբար, խանդավառությունը ժողովրդի մեջ մեծ էր, որ իսկապես հեղափոխություն է  եղել, հիմա մարդասիրական իշխանություններ են եկել եւ Թովմասյանը՝ ներկայացնելով նախկիններին, լինելով 2015 թվականի կեղծված Սահմանադրության հեղինակը, չէր վայելում ժողովրդի աջակցությունն այն ժամանակ, հետեւաբար, չեմ բացառում՝ այդ երեքից որեւէ մեկը ներկա լիներ ցուցարարների շարքում : Հիմա փորձում են փաթաթել մարդկանց վզին, թե իբր այդ երեքից մեկը իշխանական թելադրանքով է  անում, բայց եկեք չմոռանանք՝ ով է խոսում ՝ Էդգար Ղազարյանը, որը հետո եղավ Լեհաստանի դեսպան, որը, այսպես կոչված,  5-րդ շարասյան կարկառուն ներկայացուցիչներից մեկն է, բնականաբար, պետք է խոսի այս իշխանությունների դեմ ու փորձի ամեն ինչ կապել այսօրվա իշխանությունների հետ,  բայց կոնկրետ այս անձանց կապը ճշմարտությունից հեռու է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031