Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. Ռազմավարական բարձունքի տեսանելիության դաշտում են գտնվում ՝ Կոթին, Ոսկեվանը՝ մասամբ, Բաղանիսը, Ջուջևանը, Ոսկեպարը, Կիրանցը, Ծաղկավանը, Բերքաբերը ամբողջությամբ, Սարիգյուղը՝ մասամբ

Մարտ 27,2024 23:13

Տավուշի մարզի հայտնի փայտասար լեռն է։ Բարձրությունը ծովի մակարդակից 1230 մետր։

Տարածքում ամենաբարձր իշխող դիրքն է, Բերքաբերի ջրամբարի ափամերձ գոտով գտնվում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանում, սակայն 1992թ․-ից ի վեր ադրբեջանական օկուպացիայի ներքո է։ Օկուպացիայի ներքո գտնվող տարածքը սկսվում է ձախից՝ Մազամ գյուղի մատույցներից, ապա եռանկյունաձև բարձրանում մինչև Փայտասարի գագաթը, կրկին եռանկյունաձև իջնում Բերքաբերի ջրամբարի պատնեշից մի քանի կիլոմետր հեռու։

Ռազմավարական այս բարձունքի տեսանելիության դաշտում են գտնվում Նոյեմբերյանի ու Իջևանի սահմանամերձ ենթաշրջանների մի շարք գյուղեր, նրանց թվում՝ Կոթին, Ոսկեվանը՝ մասամբ, Բաղանիսը, Ջուջևանը, Ոսկեպարը, Կիրանցը, Ծաղկավանը, Բերքաբերը ամբողջությամբ, Սարիգյուղը՝ մասամբ։

1990-94թթ․ արցախյան առաջին պատերազմի տարիներին այս ու ադրբեջանական այլ բարենպաստ դիրքերից են թիրախավորվել վերոնշյալ հայկական գյուղերը։

Ադրբեջանի կողմից օկուպացված այս հատվածը թվային տեսքով կազմում է մինչև 1000 հեկտար /ըստ այլ թվերի՝ 800-900/, որից 750-800-ը կազմել են գյուղատնտեսական նշանակության հողեր, այգիներ։

Այժմ Բերքաբերի ջրամբարից անդին ու Փայտասարի ստորոտում գտնվող այդ հողերը մշակվում են ադրբեջանցիների կողմից, տեղ-տեղ առկա են պտղատու այգիներ։

Նշված գոտու օկուպացիայի պատճառով հայկական բնակավայրերի համար գրեթե անհասանելի են դարձել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող Բերքաբերի ջրամբարի ջրերը, որոնցով ԽՍՀՄ տարիներին ոռոգվում էին ոչ միայն հարակից հայկական բնակավայրերի, այլ նաև Կոթիի, Ոսկեվանի գյուղատնտեսական այգիները։Ոռոգման խողովակաշար աշխատեցվում էր բարձր ճնշման պոմպակայանի միջոցով, որի ահռելի, բայց ավերակ շենքը գտնվում է Փայտասարի ստորոտում, օկուպացված այգիների տարածքում։

Ոռոգման խողովակաշարը այդտեղից ադրբեջանական Ֆարահլի գյուղի կողքերով /Հայաստանում անվանում էին Փրաքլու/ հասնում էր մինչև Կոթի։ 2000-ական թվականներին այդ խողովակաշարի մի հատվածը երկու կողմից ապամոնտաժվեց և վաճառվեց՝ բարձր զինվորականության միջև առկա մեզ անհայտ պայմանավորվածության շրջանակներում, քանի որ մերձսահմանային գոտում ապամոնտաժման աշխատանքների ժամանակ առանձնապես խոչընդոտման փորձեր չեղան, բացառությամբ Կոթեցի տրակտորիստի վրա կրակոցները, ինչը կարող էին անել և հայկական, և ադրբեջանական կողմերը․․․ Չնայած այդ միջադեպերին, հսկայական խողովակաշարերը հանվեցին ու իրացվեցին թե Ադրբեջանում, թե Հայաստանում․․․

Այս հատվածով է անցնում Ղազախի շրջանի երկու գյուղերին՝ Ղուշչի Այրում ու Մազամ գյուղերը շրջկենտրոն Ղազախին կապող ճանապարհը․․․

Փայտասարի գագաթին կառուցվել է պաշտպանական հզոր գիծ, որը անզեն աչքով տեսանելի չէ, սակայն բարձր ճշգրտության ֆոտոապարատը մեզ թույլ է տվել բավական մոտիկից տեսնել դրանք։

Ոսկեպար գետի հովտի բնակավայրերի բնակիչներից շատերը սահմանագծման գործընթացում, եթե այն երբևէ սկսվի, լուծումներից մեկը տեսնում են օկուպացված այս եռանկյունու և Ոսկեպարի ոլորապտույտների գագաթին հարող մեկ այլ եռանկյունու ու սահմանակից «պահանջվող» գյուղերի փոխանակման տեսքով։ Դա լուծումներից մեկն է, բայց ոչ միակը։

Ոսկեպար գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած մարդկանց մի մասը վարչապետին հենց այս հարցն էին տալիս՝ եթե Հայաստանը պաշտոնապես հայտարարում է նախկին ադրբեջանական 4 փոքրիկ գյուղակները սահմանազատման համատեքստում վերադարձնելու մասին, արդյո՞ք նույն սկզբունքով Ադրբեջանն է պատրաստ վերադարձնել այս տարածքում օրինակ վերոնշյալ օկուպացված եռանկյունին՝ ներառյալ Փայտասարի մի մասը՝ մինչև գագաթը հասնող հայկական պատկանելությամբ․․․

Վարչապետը տեղացիների այդ առաջարկին պատասխանել էր, որ Ադրբեջանի փոխարեն դա ասել չի կարող, քանի որ երկու կողմից «վերադարձման» սկզբունքներ համաձայնեցված չեն․․․

Պատրաստեց՝ Ստյոպա Սաֆարյանը

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր և տնօրեն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031