«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն այսօր «Ազատության» հրապարակում հանրահավաք էր կազմակերպել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Շարժման անդամ, «Դեմոկրատական» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանն իր ելույթում ասաց, որ իրենք այս ընթացքում այցելել են մարզեր, եզրափակումը Տավուշում էր՝ Ոսկեպարում, մինչ այդ եղել են Տիգրանաշենում, Քարակերտում ու զրուցել մարդանց հետ․«Նրանք ասում էին՝ հինգ տարի է՝ ուզում ենք հեռացնել այս իշխանությանը։ Մի բանի հասել ենք՝ կոտրվել է այն կարծրատիպը, որ մարզերում բոլորն ուզում են Փաշինյան ընտրել, որ բոլորը հավատում են, որ իրենք փոխելու են։ Կային մարդիկ, որոնք ասում էին՝ այո, Փաշինյանին ենք ընտրել, բայց այսօր այս իշխանությունն իրենց թշնամին է։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Շարժման անդամներից Թաթուլ Պետրոսյանն էլ իր ելույթում ասաց․«Այս ազգակործան պատուհասը քարտեզը վերցրել է իր կեղտոտ, արյունոտ ձեռքերի մեջ ու պտտվում է ՀՀ տարածքներով, գնում Տավուշ՝ Ոսկեպար, Կիրանց, ժողովրդին սպառնում, վախեցնում է պատերազմով, որ եթե գյուղերը չտաք, կհարձակվեն ձեզ վրա։ Սա քարտեզից անընդհատ պոկելով հանձնելու է մեր հայրենի հողը։ Վաղը թուրքը հասնելու է Երեւան։ Մարդիկ գտնում են որ սրա դեմ սահմանադրական ճանապարհով, օրենքով պայքարել հնարավոր չէ եւ դիմում են բազմաթիվ գործողությունների՝ ելք չտեսնելով։ Օրինակներ ունենք, որ մարդկանց բնութագրում են ահաբեկիչներ։ Վերջին դեպքը Նոր Նորքի ոստիկանության բաժնում էր, չքննարկենք՝ ովքեր էին, ինչ կուսակցությունից, էականը դա չէ, էականն այն է, որ մարդիկ վստահ են, որ արդարության չեն հասնելու, ու ազգակործանները հարցը երկրի օգտին չեն լուծելու»։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ հայտարարեց՝ կտեսնեք, որ առաջիկայում Ոսկեպարի մասին խոսելով՝ թուրքերը ներխուժելու են մեկ այլ տեղ․«Թուրքերի ուզածը միջանցքը վերցնել Զանգեզուրով, եւ այս բոլորը Ալիեւի, Թուրքիայի կողմից պատվիրած հրահանգ է, որ կատարում է Փաշինյանը»։
Բագրատյանն ասաց, որ Փաշինյանն ուզում է Ոսկեպարում հանձնել երեք բնակավայր․«Ոսկեպարի դիմաց գտնվում է Վերին Ասքեփարան, որը Վերին Ոսկեպարն է, հայկական գյուղ։ Գնացեք ու այնտեղ կգտնեք 200 հարյուր տարվա հայկական գերեզմաններ։ Ասում են՝ դրանք ադրբեջանական են, մենք հայկական տարածք չենք հանձնում։ Խորամանկ են, ուզում են ասել՝ Վերին Ոսկեպարը հայկական չի եղել։ 1985-88 թվականներին Ադրբեջանը մեզ հետ ստորագրել է արձանագրություն, որ այդ հատվածում 31 հազար հեկտար հող Ադրբեջանը պետք է տա Հայաստանին։ ՀՀ ղեկավարությունը մինչեւ անկախացումը ԽՍՀՄ ղեկավարության առաջ հարց է բարձրացրել՝ լավ, թողել ենք ադրբեջանցիք եկել ապրել են, հիմա մեկը չեն վերցնում, ասում են իրենց գյուղն է, իրենց տարածքն է»։
Բագրատյանի խոսքով՝ Ոսկեպարի հանձնումը Ադրբեջանի պահանջն է․«Ալիեւն ասում է՝ չհանձնես, կսատկացնեմ։ Սա էլ վախենում է, ինքը հո չի՞ կարող պատերազմ անել, բանակ կազմակերպել, տնտեսություն կազմակերպել, դա իրենից հեռու է։ Եթե Ոսկեպարը հանձնվի, սարի հետեւում Վանաձորն է, Տավուշի մարզն Ադրբեջանը կիսում է երկու մասի, Նոյեմբերյանն ամբողջովին առանձնանում է Իջեւանից, իրենք էլ նստում են սարի գլխին, թնդանոթները շարում են Վանաձոր քաղաքի վրա ու սահման են ստանում դեպի Լոռվա մարզ»։
Բագրատյանն ասաց, որ այս իշխանությանը հեռացնելը 2-3 ամսվա հարց է․ «Ճամփելու ենք սրանց»։
Մանրամասն՝ տեսանյութում
«Միասին» շարժման համակարգող, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն էլ հայտարարեց՝ այս իշխանությանը հեռացնելու են ժողովրդի ուժով, ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչ վտանգի տակ ենք, այն, ինչ անում է իշխանությունը, մեր պետության, ազգային անվտանգության դեմ է։
Սարգսյանն ասաց, որ դիմել են ԱԺ բոլոր պատգամավորներին, որպեսզի կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն ԱԺ-ում․«Նրանք պետք է դա նախաձեռնեն ու պաշտոնանկ անենք Փաշինյանին։ Այդ տարածքները տալով՝ նա փորձում է տեսնել ինչպիսի դիմադրողականություն է ունենալու ժողովուրդն այդ հարցի հետ կապված»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ