Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի լավ է կռվես՝ հոգիդ հանգիստ, թեկուզ մեռնես, քան վախենալով ապրես»․ Ազատամուտում նույնպես անհանգիստ են

Մարտ 27,2024 21:21

Տավուշի մարզի Ազատամուտ սահմանամերձ բնակավայրն ընդամենը 1-1,5 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Կայան (ադրբեջանական անունը՝ Բարխուդարլու) բնակավայրից, որը նույնպես, ըստ ՀՀ իշխանությունների, պետք է հանձնել Ադրբեջանին, քանի որ այն երբեք էլ Հայաստանին չի պատկանել։ Թե ո՞ր բնակավայրերը եւ ի՞նչ տարածքներ են ՀՀ իշխանությունները պատրաստվում հանձնել, առայժմ շատ հստակ չէ․ Նիկոլ Փաշինյանը եղել է Ոսկեպար եւ Բաղանիս բնակավայրերում եւ բնակիչներին ասել՝ եթե չհանձնենք այդ տարածքները, պատերազմ կլինի։

Ազատամուտում եւս տարակուսած են․ գյուղից տեսանելի են այն դիրքերը, որոնք փորում են մոտակա բլրին, սում են՝ այդտեղ, ըստ խոսակցությունների, հայկական զորքերը պիտի տեղակայվեն։ Դրանց վերեւում՝ բլրի վրա ադրբեջանական ԶՈՒ են տեղակայվելու, որոնք վերահսկելու են գյուղի ողջ անցուդարձը։ Գյուղամիջում հավաքված երիտասարդների հետ եմ զրուցում․ հարցնում եմ՝ ի՞նչ եք մտածում։ «Դուք մեր փոխարեն ի՞նչ կմտածեիք»,- հնչում է հակընդդեմ հարցը։

Լռություն է տիրում։ Ասում եմ, եթե հանձնվեն այդ  գյուղերը, Ազատամուտում մարդ կմնա՞։ Պատասխանում են․ «Մի որոշ ժամանակ՝ այո․ մինչեւ հասկանանք՝ ո՞ւր գնալ, ի՞նչ անել»։ Բայց հույս ունեն՝ այսպես չի մնա, մարդիկ ոտքի կկանգնեն, թույլ չեն տա Ադրբեջանին տարածքներ հանձնել, քանի որ այդպիսով, կկորցնենք ամենը։

Տեսախցիկի առաջ չեն ցանկանում իրենց մտորումները բարձրաձայնել։ Զրույցին տարեցներն են խառնվում։

«Ավելի լավ ա կռվես՝ հոգիդ հանգիստ, թեկուզ մեռնես, քան վախենալով ապրես»,- Անդրանիկ պապն է ասում։

Հարցնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ասաց՝ պատմական Հայաստանից անցում ենք կատարում իրական Հայաստանի, դրա համար պետք է տարածքներ հանձնենք․ ի՞նչ եք մտածում։

Նիկոլայ պապն է խառնվում զրույցին․ «Եթե խելքով մտածի, էդ խոսքը պիտի չասի։ Հայաստանում ինչքան ղեկավար եղավ, ինքը նրանցից գրագետ է՞։ Ավելի կրթվածներն են եղել, բայց ո՞վ է իր նման աշխատել, ո՞վ է հանձնել Հայաստանը»։

Հիշում է, որ Նիկոլ Փաշինյանը մի անգամ՝ մինչեւ հեղափոխությունն է մտել Ազատամուտ․ «Մեկ էլ անցնելիս, մի անգամ էլ ճանապարհը փակել ենք՝ կանգնեցրել»։ Նիկոլայ պապը Սերժ Սարգսյանից գոհ է, Ազատամուտին սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ է տվել՝ իրենց դիմումից հետո, դրանից բխող արտոնություններով։

«Եթե թողենք, թուրքն անմիջապես կմտնի, բայց ո՞նց թողնենք։ Եթե ինքն ուզում է, որ ամբողջը հանձնի, Ազատամուտի անունը պիտի փոխի»,- բարկացած՝ վերադառնում է մեր օրեր։

Այլ մանրամասները` տեսանյութում

Արցախից բռնի տեղահանված Ռաժդեն Իսկանդարյանն էլ լավատեսական տրամադրություններ չունի․ «1-2 ամիս կարող ա մնանք, բայց հետո սաղ էլ կփախնեն։ Ասում է՝ գյուղը պիտի տանք իրենց, եթե չտանք՝ կռվով վերցնելու են․ էդ Փաշինյանի զրույց ա՞»։

Արցախից տեղահանված 20 ընտանիք է բնակվում Ազատամուտում։ Մարդիկ առանց այդ էլ դժվար պայմաններում են ապրում, բայց Տավուշի մարզում Ադրբեջանին գյուղեր հանձնելու մասին ՀՀ իշխանությունների հայտարարություններն էլ ավելի են մշուշոտ դարձնում ապագան։

«Խոսքը գնում է, ժողովուրդը համաձայն չեն դրան․ դե հլա ինքն ա ասում․․․ ոնց որ Ղարաբաղը տվեց, դա էլ է տալու․ զենքերը ձեռքներիս դուրս եկանք․․․ տուն-տեղ, անասուններ, ունեցվածք՝ թողել ենք, դուրս եկել»,- ասում է Ռաժդեն Իսկանդարյանը։

Նա 15 տարվա զինվորական ստաժ ունի, 75 հազար թոշակի փոխարեն 50 հազար է ստանում ու չգիտի, թե այդ գումարով ինչպե՞ս ապրել։ Հիմա, արդեն 50-հազարականներն էլ չեն տրամադրվում․ թե ինչպե՞ս պետք է մարդիկ ապրեն,  ասում է՝ իշխանությունում չեն էլ մտածում։

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031