Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ունենք սարքավորումներ, որոնց մասին տասնամյակներով երազել ենք». Գիտնականներ

Մարտ 27,2024 19:30

Նախորդ շաբաթ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել էր ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչների հետ: Գիտական կենտրոնի ներկայացուցիչները մտահոգություն էին հայտնել, որ կենտրոնի հարևանությամբ ընթացող մեծածավալ շինարարական աշխատանքների պատճառով խաթարված է կենտրոնի գիտաշխատողների գիտական և հետազոտական գործունեության բնականոն ընթացքը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր այցելել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և խնդիրներն արձանագրելու նպատակով:

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գիտական կենտրոնում, ծանոթացել շենքային և ընդհանուր աշխատանքային պայմաններին:

Գիտատեխնոլոգիական կենտրոնի ղեկավար Սահակ Գասպարյանը ներկայացրել է գիտական կենտրոնի ընդհանուր աշխատանքը, գիտական և հետազոտական ծրագրերը, որոնք իրականացվում են վերջին տարիներին պետության աջակցությամբ ձեռքբերված նորագույն սարքավորումներով: Նախարարը շրջել է լաբորատորիաներով՝ հետաքրքրվելով այս պահին ընթացող հետազոտություններով և գիտական ծրագրերի իրականացման ընթացքով:

Ինչպես նշել են գիտնականները, հարևանությամբ ընթացող շինարարական աշխատանքների պատճառով նանոսարքավորումները գերճշգրիտ տվյալների հավաքագրում չեն կարողանում իրականացնել, որը գիտական աշխատանքի արդյունավետության տեսանկյունից կարևորագույն պայման է:

Գիտատեխնոլոգիական կենտրոնի ղեկավարը նշել է, որ պետական միջոցներով կենտրոնը ձեռք է բերել մեկ միլիարդից ավելի արժողությամբ գիտական սարքավորումներ, որոնք այժմ կիրառվում են գիտական և տնտեսական կարիքները բավարարելու նպատակով և սպասարկում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր տնտեսության պահանջները:

«Մենք ունենք սարքավորումներ, որոնց մասին տասնամյակներով երազել ենք: Այս սարքավորումներով հետազոտություն կատարելը մեզ համար, որպես գիտնականի, չափազանց կարևոր է »,- նշել են գիտնականները:

ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը ստանում է պետական խոշոր ֆինանսավորում. կենտրոնի տարեկան բազային ֆինանսավորումը շուրջ 641 մլն դրամի է հասնում: Կենտրոնն ընդգրկված է մի շարք գիտական ծրագրերում, որոնց ընդհանուր արժեքը մոտ 10 թեմատիկ գիտական ծրագրերի համար ավելի քան 900 մլն դրամ է կազմում:

Ժաննա Անդրեասյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ կարևորելով տնտեսության բոլոր ոլորտների զարգացումը՝ ԿԳՄՍ նախարարությունը հետամուտ է լինելու, որ կենտրոնի գիտական գործունեության անխափան ընթացքը որևէ հանգամանքով պայմանավորված չխոչընդոտվի:

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈԻԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031