Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմից հետո` պատերազմի մասին․ «Ես զգացի, որ կյանքի ու մահվան սահմաններն իրար շատ մոտ են, ու այդ ապրումը առաջացրեց կյանքը սիրելու ու ապրելու մեծ ձգտում». Սուրեն Ղարաքեշիշյան

Մարտ 27,2024 20:10

Հարցազրույց 44-օրյա պատերազմի մասնակից Սուրեն Ղարաքեշիշյանի հետ

Պատերազմը ամեն ինչ փոխելու հատկություն ունի, այն փոխել է ոչ միայն հերոսներին, այլ՝ հայրենասիրության ընկալումն ու մեկնաբանությունը։ Վերացական ու «կենացային» հայրենասիրությունը պատերազմում կռված երիտասարդ սերնդի համար այլևս ակտուալ չէ։ Մեր զրուցակիցը պատերազմի բովով անցած Սուրեն Ղարաքեշիշյանն է, որը ծառայել է Արցախի «Եղնիկներ» հայտնի զորամասում:

– Սուրեն, մի փոքր կպատմե՞ս «Եղնիկներ»-ում քո ծառայության մասին:

– Նախ ասեմ, որ մեր ծառայության բնույթն այլ էր, այնտեղ զինվորը լավ գիտեր իր գործը, իր գործի նպատակը: «Եղնիկներ» զորամասը ամեն մարդու տեղ չէր, միայն ամուր կամքի տեր մարդիկ կարող էին այնտեղ մինչև վերջ պատվով ծառայել: Զորամասն այլ տեղերի հետ համեմատելիս, պետք է ասեմ, որ դժվարությունները մի քիչ շատ էին, բայց այն, ինչը ես եմ տեսել՝ հրամանատար-զինվոր հարաբերակցությունները, կռվի ժամանակ միմյանց հանդեպ հոգատարության դրսևորումը, փոխադարձ հարգանքը ծածկում էր ամեն ինչ։

– Ծանր  օրեր, անշուշտ, եղել են, թե՛ զինծառայողների, թե՛ սպայական ենթակազմի շրջանում, ինչպե՞ս ես կարողացել դիմադրել ու հաղթահարել այդ դժվարությունները:

– Այո, դժվար օրեր շատ են եղել, պատահել է, որ շատ բաներից անտեղյակ ենք եղել ու չենք հասկացել, թե որն է ճիշտ քայլը, ինչպես պետք է վարվենք տվյալ պահին, որ կորուստներ չունենանք, որ փաստի առաջ չկանգնենք:

Էմոցիոնալ առումով շատ լարված ենք եղել գրեթե բոլորս, բայց տղամարդու նման փորձել ենք հավաքել մեզ, սառնասրտորեն նայել այս կամ այն իրավիճակին:

– Ինչպե՞ս սկսվեց պատերազմը քո աչքերով:

– Տարօրինակ կերպով սկսվեց պատերազմը ինձ համար, օրապահ էի այդ օրը, լարված, խառը, մի քիչ անհասկանալի իրավիճակ էր, չէինք ընկալում, որ սկսվել է պատերազմը: Ես այն ժամանակ միայն հասկացա, որ պատերազմը էլի թակեց հայի դուռը, երբ 3-4 ժամ հետո տեսա, որ պոստերից շտապ օգնության ՈՒԱԶ-ներով վիրավոր տղերքին են իջեցնում: Հետո տարբեր կողմերից արյան գետեր էր գոյացել, հրանոթի ձայնն էր թնդում լեռներով մեկ, թեժ պատերազմի հոտ էր գալիս:

– Մեզ հայտնի է, որ Ձեր հարազատ եղբայրը գրեթե նույն վայրում է գտնվել, որտեղ դուք, ինչպե՞ս էիք երկուսով իրար թիկունքը պահում:

– Նախ ասեմ, որ երկուսս մոտավոր նույն տարածքում ենք եղել, բայց մեզ մի քանի կիլոմետր էր բաժանում ու հաճախ իրարից լուր չէինք ունենում: 20 օր մենք իրար հետ, բայց իրարից անջատ էինք, ամեն կերպ Լևոնի մասին էի փորձում իմանալ, ծառայակից տղերքի հետ էի խոսում, իր տարածք գնացող-եկող մեքենաներից էի հարց ու փորձ անում: Մի քանի անգամ փորձել  եմ մոտենալ «իր տարածք», բայց որևէ առաջադրանք էր տրվում ինձ, ու այն պիտի անվերապահորեն կատարվեր:

– Կռվի ժամանակ տան անդամների հետ կապվել կարողանու՞մ էիր:

– Հիմնականում հեռախոսներն անջատված էին, դրանք լիցքավորելու խնդիր կար, հետո թշնամին կապի կայաններին էր հարվածներ հասցնում, մի ընթացք կապ ընդհանրապես չկար: Բայց մի կերպ կարողանում էինք մի քանի վայրկյան խոսել ծնողների հետ: Հորս հետ էի խոսում, ասում,  որ ամեն ինչ կարգին է, Լևոնի հետ էլ եմ խոսել, նա էլ է լավ , բայց իրականում չէի խոսել: Հետո հաջորդ խոսելու ժամանակ էլի ասում եմ, որ Լևոնը լավ է, նորմալ է ամեն ինչ, հայրս ասում է, որ Լևոնը վիրավորվել է, հոսպիտալում է: Սառը ցնցուղ ստացա այդ ժամանակ, բարդ ընթացք էր:

– Սուրեն, ինչը՞ չես կարողանում այնուամենայնիվ մոռանալ պատերազմից հետո:

– Ես չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ կորցրի լավագույն ընկերներիս, մարդկանց, ովքեր գիտակցում էին հայրենիքի արժեքն անվերապահորեն: Ամենացավալին այն է, որ նրանց աճյուններն անգամ չգտնվեցին, նրանց ծնողներին չհասավ գոնե մի փոքր մասունք՝ որպես սրտի հովանք:

– Ըստ քեզ՝ ինչը՞ փոխեց պատերազմը, փոխվեցի՞ն որոշակի բաներ քո կյանքում:

– Պատերազմն ինքնին անմարդկային բան է, քանի որ մի խմբի կողմից մեկ այլ խմբի հանդեպ իրականացվող կոլեկտիվ սպանությանն ուղղված գործողություն է։ Մեր՝ պատերազմով անցած երիտասարդներիս  մեջ մի համոզմունք ձևավորվեց, որ հայրենասիրությունը խոսք չէ, այլ՝ հայրենիքի կառուցմանն ու զարգացմանն ուղղված ամենօրյա գործողություն։ Մի ընթացք ես զգացի, որ կյանքի ու մահվան սահմաններն իրար շատ մոտ են, ու այդ ապրումը առաջացրեց կյանքը սիրելու ու ապրելու մեծ ձգտում և ընդհանրապես, կյանքի հանդեպ վերաբերմունքի կտրուկ փոփոխություն:

– Արցախը կորցնելուց հետո շատերը մտածում են երկիրը լքելու մասին, դուք մտածե՞լ եք երբևէ այդ մասին:

– Ես մտածում եմ, որ նա, ով վտանգել է սեփական կյանքն ու իրեն համարում է երկրի ապագայի հանդեպ պատասխանատվություն վերցնելու իրավունք ունեցողը, անկախ ամեն ինչից երբեք չի լքի հայրենիքը: Կռվի դաշտում ընկերոջ մահը տեսած մարդու համար հայրենիքի ամեն թիզն այնքա՜ն թանկ է, այնքա՜ն կենսական, չէ՞ որ մարդիկ կան իրենց ամենաթանկը նվիրեցին հայրենիքին՝ կյանքը: Այդքանից հետո չգիտակցել կատարվածն ու հեռանա՞լ, ինչպե՞ս կապրես ուրիշ երկրում այդ գիտակցումով, խաղաղ կլինի՞ խիղճդ, միտքդ, սիրտդ, կարծում եմ՝ ոչ: Ամեն մեկն իր տեղում պիտի լինի այսօր, զբաղվի իր գործով, այդպես պիտի ապացուցվի հայրենասիրությունն ու պահվի հայրենիքը:

 

Սաթենիկ Խալաթյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

 

Լուսանկարները՝ Սուրեն Ղարաքեշիշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031