Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը միջազգային գործընկերային կառույցներից որեւէ անհանգստություն պարունակող գրավոր փաստաթուղթ չի ստացել, այդ թվում՝ նաև որևէ ծրագրի դադարեցման վերաբերյալ. ՀԿԽԸ խոսնակ

Մարտ 27,2024 18:30

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ նախկին աշխատակից Նունե Գրիգորյանի արտահայտած մտքերն իրականությանը՝ մեղմ ասած չեն համապատասխանում։

Հիշեցնենք, որ ընկերության տեղեկատվության եւ հասարակայնության բաժնի նախկին ղեկավար Նունե Գրիգորյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ ընկերությունում ստեղծված կառավարման ճգնաժամի պատճառով մի շարք գործընկերներ սառեցրել են համագործակցությունը:

«Հայտարարությունում թվարկված գործընկերները՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, շվեցարական, ավստրիական կազմակերպությունները, ոչ միայն նման «պաշտոնական հայտարարություն» չեն կատարել, այլեւ հակառակը շարունակում են սերտ համագործակցել Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ՝ ընդլայնելով ծրագրերի աշխարհագրությունն ու շահառուների թիվը:  Հայկական Կարմիր խաչի ընկերության նախկին աշխատակցի  տարածած ապատեղեկատվությունն առնվազն տարակուսանք է առաջացնում, առավել զարմանալի է, որ փորձ է արվում բացասական կարծիք ձևավորել մարդասիրական առաքելություն ունեցող այս կառույցի շուրջ։ Եթե տվյալ աշխատակիցը կամ որոշ աշխատակիցներ այլևս չեն աշխատում՝ տարիներով իրենց՝ հարազատի ու ընտանիքի նման ընդունած հեղինակավոր կառույցում՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունում, դա դեռ չի նշանակում, թե կառույցը փլուզվում է»,- պարզաբանեց Հայկական Կարմիր խաչի ընկերության խոսնակ Արթուր Հովհաննիսյանը:

Անդրադառնալով աշխատանքից ազատված 40 աշխատակցի և առանց ծանուցումների հեռացումների մասին տեղեկատվությանը՝ պարոն Հովհաննիսյանն ասաց, որ դա չի համապատասխանում իրականությանը.  «Ծանուցումներ ուղարկվել են 33 հոգու և համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի աշխատակիցներին տեղեկացվել է, որ իրենց բացակայություններն անհարգելի են ու բացատրություն չներկայացնելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված ընթացակարգեր։ Ծանուցումներն ուղարկվել են ե՛ւ Հայփոստի առաքանիի միջոցով, ե՛ւ էլեկտրոնային հասցեներով՝ նույնիսկ վոթսափ, տելեգրամ հավելվածների միջոցով։

Աշխատակիցների մի մասը ներկայացրել է բացատրություն և վերադարձել աշխատանքի, մի մասն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն, ոմանք էլ ազատվել են օրենքով սահմանված կարգով: Աշխատակիցը հղում է կատարել  Արդարադատության նախարարություն ներկայացրած բողոքին։ Նույն բողոքն արդեն մեկ անգամ մերժվել է։ Արդարադատության նախարարությունը մարտի 18-ին հրապարակել է որոշում, որի համաձայն լրիվ իրավաչափ է համարել ՀԿԽԸ եւ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարումն ու նոր գլխավոր տնօրենի նշանակումը։

Որևէ կառուցվածքային կամ անձի փոփոխություն չի կարող գերակա լինել Հայկական Կարմիր խաչի ընկերության առաքելությունն անսասան պահելու հարցում։ Մեր երկարամյա և արդյունավետ գործունեության ընթացքում դրանում համոզվել են նաև մեր միջազգային գործընկերները։ Բնական է, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության շուրջ արհեստական լարվածություն ստեղծելու ոմանց փորձերը որոշակի անհանգստություն կարող են առաջացնել, սակայն Հայկական Կարմիր խաչի ընկերությունը միջազգային գործընկերային կառույցներից որևէ մեկից, որևէ անհանգստություն պարունակող գրավոր փաստաթուղթ չի ստացել, այդ թվում՝ նաեւ որեւէ ծրագրի դադարեցման վերաբերյալ։

Հայկական Կարմիր խաչի ընկերության համար շատ թանկ են ինչպես իր բազմահազար շահառուների, այնպես էլ իր գործընկերների վստահությունը»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031