ՀՀ-ի համար արդեն որոշված թեմա է՝ ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ հիմա փորձ է արվում ռուս սահմանապահների օդանավակայանից դուրս գալը ներկայացնել միջպետական համաձայնագրից դուրս գալու տրամաբանությամբ, իսկ դա իրականում միջգերատեսչական համաձայնագիր է եղել, որի նպատակն եղել է այդ տարածքում օգնել հայ սահմանապահների բեռը թեթեւացնել, այսօր արդեն այդ բեռը թեթեւացնելու կարիք չկա։
«Մենք տեղեկացրել ենք՝ եղբայր, շնորհակալություն, օգնեցիր, մենք դա բարձր ենք գնահատում, բայց այլեւս ՀՀ-ն այդ օգնության կարիքը չունի։ Մենք կարող ենք մեր օդանավակայանը ինքներս սպասարկել, եւ մեր սահմանապահները նույնպես կարող են իրենց առջեւ դրած խնդիրը լուծել»,-ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահն ասաց, որ հիմա ինչ-որ խոսակցություններ են գնում՝ բա Թուրքիայի հետ սահմանն ո՞վ է պահելու եւ այլն․ «Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան որոշի ՀՀ-ի վրա հարձակվել, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են եւ պաշտպանելու են»։
Կարդացեք նաև
Սիմոնյանը վստահեցրեց՝ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրս գալու մասին խոսակցություն չի եղել․ «Որքան Հայաստանին է պետք եղել ու պետք է ռուսական զորքերի, սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան ՌԴ-ին է պետք եղել։ Խնդրում եմ դա մեր վրա չվաճառել եւ ֆիքսել սա՝ ՀՀ-ն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել եւ գործել թեկուզ փոքր գործընկերոջ կարգավիճակով՝ գիտակցելով, որ քո առջեւ նստած է քո գործընկերը՝ փոքր երկրի, որը մեծ համայնք ունի ՌԴ-ում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, բայց անկախ պետության ներկայացուցիչ է նստած։ Այդ գիտակցումը երբ լինի, կարծում եմ՝ մեր հարաբերությունների մեջ, քննարկումների մեջ շատ ավելի հեշտ կլինեն բոլոր քննարկումները։ Շատ ցանկալի կլինի, որ այն բոլոր արձագանքները ռուս գործընկերների կողմից, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից, հեռուստատեսության մեջ գտնվող այն մարդկանց կողմից, որոնք ասում են՝ ՀՀ-ն պետք է գոյություն չունենա, բա ուր էր ՀՀ-ն, կամ վրդովմունք են հայտնում ՀՀ-ի գործողությունների հետ կապված, մի օր էլ լսենք Ադրբեջանի հետ կապված իրենց վրդովմունքը, արդյոք Ադրբեջանը այն, ինչ այս ժամանակահատվածում ԼՂ-ում է արել, ռուս խաղաղապահների դեմ է արել՝ սպանելով, արդյոք դրանք տեղին են եղել, ինչո՞ւ չենք լսում իրենց կողմից այդ մասին որեւէ վրդովմունք»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային