Վերջին շաբաթներին ՀՔԱՎ գրասենյակը ահազանգեր է ստանում քաղաքական հետապնդումից խուսափած և Հայաստանում ապաստանած ՌԴ քաղաքացիներից:
Հայաստանում ապաստանած ՌԴ քաղաքացիները իրենց բնակության վայրերի մոտ նկատել են Ռուսաստանի Դաշնության զինվորական համազգեստով անձանց, որոնք անթաքույց հետևում են իրենց, հետաքրքրվում՝ ովքեր են բնակվում իրենց կողմից վերահսկվող բնակարաններում։
Մեր կողմից հաջողվել է պարզել, որ ՌԴ զինվորական համազգեստով իրավապահ մարմինների ներկայացուցիչներն օգտագործում են չհաշվառված, հայկական պետհամարանիշով մարդատար ավտոմեքենա, որը նախատեսված է բացառապես օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու համար։
Ակնհայտ է, որ ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցիչները իրականացնում են արտաքին դիտարկում օպերատիվ հետախուզական գործողություն, ինչի իրականացման համար պետք է ունենան ՀՀ Գլխավոր դատախազության կամ այլ իրավապահ մարմինների թույլտվությունը և համաձայնությունը։ Փաստորեն ՌԴ իշխանությունները իրենց ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումներն իրականացնում են ո՛չ միայն Ռուսաստանի տարածքում, այլև՛ ՀՀ-ում։
Կարդացեք նաև
Այս իրավիճակը խիստ մտահոգիչ է ո՛չ միայն Հայաստանում ապաստանած ՌԴ քաղաքացիների համար, այլև՛ ՀՀ քաղաքացիների, որոնք ունեն ակնհայտ քննադատական վերաբերմունք Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ։
Մեզ ահազանգած ՌԴ քաղաքացիները հայտնել են, որ այլևս իրենց ապահով չեն զգում Հայաստանում և փնտրում են անվտանգության ու ապահովության այլ տարբերակներ։
Սույն հայտարարությամբ հրավիրում ենք ՀՀ իշխանությունների ուշադրությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ռուսաստանի իրավապահ մարմինների անթույլատրելի, ապօրինի գործողությունների վրա։
ՀՔԱՎ գրասենյակը խստորեն դատապարտում է նման գործողությունները, համարում անհամատեղելի ժողովրդավար և իրավական պետության վերցրած հանձնառությունների հետ։ Գտնում ենք, որ այս գործողություններն ուղղված են Հայաստանի՝ ինքնիշխան, ժողովրդավար և իրավական պետության դեմ։
ՀՔԱՎ գրասենյակը պահանջում է ՀՀ Գլխավոր դատախազությունից, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից և ՀՀ Ներքին գործերի նախարարությունից անհետաձգելի ու համարժեք միջոցներ ձեռնարկել ոչ միայն դադարեցնելու Ռուսաստանի Դաշնության իրավապահների ապօրինությունները Հայաստանում, այլև պատասխանատվության ենթարկել նման ապօրինի գործողություններ կատարողներին։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ