ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 27-ին քննարկել եւ ի գիտություն է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի համապատասխան հատվածները:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հանձնաժողովին է ներկայացել տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, ճանապարհաշինության եւ ջրային ոլորտներում 2023 թվականին իրականացված աշխատանքները: Նա անդրադարձել է վերոնշյալ ոլորտներում իրականացված օրենսդրական բարեփոխումներին, որոնց արդյունքում ընթացիկ տարում էապես ավելացել են ֆինանսական հատկացումները:
Սուբվենցիոն ծրագրերին անդրադառնալով՝ նախարարը նշել է, որ հաշվետու տարում իրականացվել է 446 ծրագիր, որոնց համար վճարվել է 58.2 մլրդ դրամ, Կառավարության մասնաբաժինը կազմել է 30.3 մլրդ դրամ: Ծրագրերում եղել են բազմաթիվ ենթածրագրեր: Այդպիսով, թիվը կարող է հասնել շուրջ 1000-ի: Մարզերում իրականացվել են 31 նաեւ տարբեր՝ հրատապ բնույթի ծրագրեր, որոնց բյուջեն կազմել է 2.9 մլրդ դրամ: Աշխատանքներ են կատարվել աղբահանության ոլորտում: Գույքագրված 220 աղբավայրերից մոտ 100-ը փակվել են կամ փակման փուլում են: Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ ճանապարհաշինության մասով՝ 500 կմ-ի պլանն արդեն երկրորդ տարին գերակատարվում է:
Շրջակա միջավայրի նախարարության 2023 թվականի աշխատանքների կատարման վերաբերյալ զեկույցը ներկայացրել է նախարար Հակոբ Սիմիդյանը:
Կարդացեք նաև
Նա անդրադարձել է հաշվետու տարում իրականացված օրենսդրական փոփոխություններին՝ ընդգծելով, որ «Էկոպարեկային ծառայության մասին» նոր օրենքի ընդունմամբ բնության հատուկ տարածքների պահպանությունը կիրականացվի 24/7 ռեժիմով. «Այս պահին մենք դա իրականացնում ենք 8-ժամյա ռեժիմով: Էկոպարեկային ծառայողին կտրվեն նոր հնարավորություններ ու լիազորություններ»:
Զեկուցողը խոսել է նաեւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում իրականացված կարեւոր փոփոխությունների մասին: Նշվել է, որ համայնքի ավագանուն է վերապահվել համայնքի կողմից գործունեության տեսակի վերաբերյալ տրվող դրական կամ բացասական եզրակացությունը: Նախկին կարգավորմամբ դա համայնքապետի լիազորությունների շրջանակում էր: Հակոբ Սիմիդյանի խոսքով փոփոխությունը կնպաստի ուժեղացնել ավագանու ինստիտուտը:
Ջրային օրենսգրքում փոփոխությամբ էլ ջրախնայող համակարգում նախատեսվում է ունենալ առնվազն 40 տոկոս ջրախնայողություն: Զեկուցողը հիշեցրել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից բոլոր ջրօգտագործողները պետք է ունենան առցանց ջրահաշվիչ սարքեր: Դրանց բացակայության դեպքում սահմանված են վարչական տուգանքներ:
Գործադիրը հստակեցրել է նաեւ ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը: Քրեական պատասխանատվություն է սահմանվել ստորերկրյա ջրերի ապօրինի շահագործման համար:
Նշվել է, որ կլիմայի փոփոխությունների ռիսկերի կառավարման մասով ընդունվել է ջերմոցային գազերի ցածր արտանետումների զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը: «Նպատակ ունենք մինչեւ 2050 թվականը նվազեցնել մեկ շնչի հաշվով CO2-ի արտանետումները մինչեւ 2,7 տոննա»,- ընդգծել է նախարարը:
Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է նաեւ Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նրա տեղեկացմամբ խստացվել է սիգի ապօրինի որսի վարչական պատասխանատվությունը: Նշվել է, որ առաջին անգամ Կառավարությունը շուրջ 60 մլն դրամ է հատկացրել Սեւանի ջրի որակի մշտադիտարկում իրականացնելու համար:
Հակոբ Սիմիդյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է Սեւանա լճում խեցգետնի վերականգնմանը, ապօրինի անտառահատման դեմ տարվող պայքարի շրջանակում համապատասխան ծառայողների կարողությունների զարգացմանը, ջրային ռեսուսների արդյունավետ կառավարմանը եւ այլն:
Զեկույցի գյուղատնտեսության ոլորտին վերաբերող հատվածը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:
Ըստ զեկուցողի՝ 2023 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է շուրջ 948 մլրդ ՀՀ դրամ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0,3 տոկոսով:
2023 թվականի պետական բյուջեով գյուղատնտեսության մասով տարեսկզբին հատկացվել է 38,1 մլրդ դրամ, փաստացի կատարողականը կազմել է 41,6 մլրդ դրամ, որից արտաքին աղբյուրներով ֆինանսավորվող միջոցառումների համար՝ 1,6 մլրդ դրամ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվել է պետական աջակցության շուրջ 13 ծրագիր եւ մի շարք միջոցառումներ:
Ներկայացնելով հաշվետու տարում գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքները՝ Գեւորգ Պապոյանը նշել է, որ «Ինտենսիվ այգեգործության» ծրագրի շրջանակում հաստատվել է շուրջ 2350 հա այգեհիմնման հայտ: Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ծրագրի շրջանակում 11,662 հեկտար հողատարածք ապահովագրելու համար կնքվել է շուրջ 10,192 ապահովագրական պայմանագիր: 2022 թվականի համեմատ ապահովագրված տարածքների մակերեսը գրեթե կրկնապատկվել է: Վճարվել է 3864 ապահովագրական հատուցում՝ շուրջ 2,7 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:
Ըստ նախարարի՝ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 719 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 213 միավոր տրակտոր եւ 5 միավոր կոմբայն:
Գյուղատնտեսական հումքի մթերումների ծրագրով հաշվետու տարում հաստատվել է 221 հայտ՝ շուրջ 15,5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, որի արդյունքում կնքվել է 9068 բերքի գնման պայմանագիր: Մթերվել է շուրջ 86,000 տոննա պտուղբանջարեղեն եւ շուրջ 160,000 տոննա խաղող:
Թռչնաբուծության, խոզաբուծության եւ տավարաբուծության ոլորտներում՝ 6 կազմակերպության հետ կնքվել են պայմանագրեր շուրջ 32 մլրդ ՀՀ դրամի ներդրումներ կատարելու նպատակով:
Ընդունվել են պարենային անվտանգության եւ սննդամթերքի անվտանգության ռազմավարությունները, «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին» օրենքը, լավարկվել են «Բույսերի սորտերի պահպանության մասին» եւ «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքների կարգավորումները:
Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով ոլորտներին վերաբերող խնդիրներին:
ՀՀ ԱԺ