Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ ինչո՞ւ չհարձակվեն։ Ես ման եմ գալիս այն մարդկանց, ովքեր կգան ու կապացուցեն, որ դա ՀՀ տարածք է»․ Ալեն Սիմոնյանը Տավուշի գյուղերի եւ Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին

Մարտ 27,2024 16:44

«Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք այն մարդկանց, ովքեր համարում են, որ դրանք Հայաստանի Հանրապետության տարածք են։ Ես ման եմ գալիս այն մարդկանց, ովքեր կգան ու կապացուցեն, որ դա ՀՀ տարածք է»,-այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ պատասխանելով հարցին, թե կա՞ն արդյոք կոնկրետ ժամկետներ, թե երբ են Տավուշի չորս գյուղերը Ադրբեջանին հանձնելու։

Սիմոնյանն ասաց՝ Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ Տավուշում որեւիցե գյուղ չկա, որը քննարկման ենթակա է որեւիցե մեկին հանձնելու։

Հարցին՝ ո՞ր քարտեզներով են դրանք ադրբեջանական, ԱԺ նախագահը պատասխանեց՝ բոլոր թվականների քարտեզներով, սկսած՝ Սովետական Հայաստանի ստեղծումից մինչեւ ՀՀ անկախացումը։

«ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ, կոնկրետ սահմանի տեղը ՀՀ-ն գիտի, Տավուշի բնակիչները գիտեն, որ այս գծից այն կողմ միշտ եղել է Հայաստանի Հանրապետություն, բոլոր իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ շատ լավ իմացել են, մենք էլ բոլորս Վրաստան գնալիս տեսել ենք այդ կտորը, ճանապարհը, ինչ-որ ժամանակ կանգնում, ցույց էինք տալիս, ասում՝ այ ստեղ արդեն Ադրբեջանն է։ Ես հասկանում եմ, որ ընդդիմությունը հերթական ֆալշ ստարտն է անում ու փորձում է դրա վրա ինչ-որ բան գեներացնել։ Հայաստանի Հանրապետության որեւիցե մաս սակարկման ենթակա չէ»,-ասաց Սիմոնյանը։

Հարցին՝ իշխանությունն արդյոք հաշվարկե՞լ է վտանգները, եթե այդ գյուղերը հանձնեն, ինչ է լինելու, Սիմոնյանը պատասխանեց՝ այո, հենց այդ հաշվարկն է եղել դրված ամեն ինչի հիմքում․ «Երբ Ղարաբաղի պատերազմի մասին խոսակցություններ էին գնում, երբ փողոցում վազվզող տարբեր դուրսպրծուկներ փորձում էին մեզ մեկ մեղադրել հողեր հանձնելու, մեկ չհանձնելու, մեկ ժամանակին կանգնեցնելու, մեկ մեղադրել՝ ժամանակին չկանգնեցնելու համար, ասում էին՝ բա եթե տենց էր լինելու, ինչի սենց չարեցիք, ինչի նենց չարեցիք։ Հիմա տեղի է ունենում գործընթաց, որի անունն է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ սահմանի գծում, այսինքն՝ սահմանի վերականգնում, այն, ինչ եղել է եւ իրավաբանական փաստաթղթավորմամբ ապացուցված է։ Խոսքը չի գնում քարտեզի մասին, որը մենք սովորություն ունենք՝ ամեն մեկս մի քարտեզ է գծում ու մի կտոր էնտեղից է ավելացնում, մի կտոր՝ էնդեղից։ Խոսքը գնում է մի քարտեզի մասին, որտեղ կա ստորագրություն Ադրբեջանի կողմից եւ կա ստորագրություն Հայաստանի Հանրապետության կողմից։ Երբ ասում եմ՝ մենք մետր առ մետր գիտենք Վրաստանից մինչեւ Իրան ընկած մեր սահմանը, ես խոսում եմ իրավաբանորեն, լեգիտիմ հիմքեր ունեցող քարտեզի մասին»։

Արդյոք ադրբեջանցիներն ազատելու են Հայաստանից օկուպացրած տարածքներից, ԱԺ նախագահն ասաց, որ չի կարող նման երաշխիքների մասին խոսել, ու նշեց, որ ՀՀ-ն պետք է այդ գործընթացը հայելային տրամաբանությամբ տանի․ «Բայց ելման կետը, որտեղից պետք է սահմանը ուրվագծվի, մեր կարծիքով, ճիշտ է Տավուշի մասից սկսել, քանի որ այնտեղ վիճելի մասերն ավելի քիչ են։ Ես կարծում եմ, որ մենք այս պրոցեսի շնորհիվ կունենանք լրիվ սահմանի ուրվագիծ»։

Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն` եթե ՀՀ-ն հրաժարվի այդ գյուղերը տալ պատերազմ կսկսվի՞, կհարձակվի՞ Ադրբեջանը, Սիմոնյանը պատասխանեց՝ չեմ բացառում, որ կհարձակվեն․ «Իսկ ինչո՞ւ չհարձակվեն։ Կարծում եմ՝ իրենք դա բաց բան են արել․․․ մենք իհարկե, պատրաստ ենք, ու նենց չի, որ մենք այն տրամաբանությունից ենք ելնում, որ ընդդիմադիրները հաճախ ասում են՝ ամեն ինչ տալ․․․ոչ։ Մենք սակարկման մեջ էլ չենք մտնում ՀՀ տարածքից։ Արդեն երկու տարի է՝ միջանցքի մասին էին խոսում, բա ինչո՞ւ դրա հետ կապված զիջման չգնացինք, որովհետեւ ակնհայտ է, որ դա մեր իրավասության գոտում է։ Բայց էն, որ ինչ-որ տեղից քարտեզագրումը պետք է սկսվի, ու ինչ որ ձեւով դա պետք է արվի, ակնհայտ է մեզ համար։ Տավուշի մարզով սկսելը մեզ համար էլ է ընդունելի»։

Թե Հայաստանն ինչ է պահանջում Ադրբեջանից, Սիմոնյանն ասաց՝ մեր ուզածը սահմանի կետը ստանալն է՝ այն տեղերում, որտեղ Ադրբեջանն է առաջ, զորքերը հայելային ձեւով հետ քաշվեն ու դա պետք է ամբողջ սահմանի երկայնքով տեղի ունենա, իսկ որտեղ ՀՀ-ն է առաջ, ՀՀ զորքերը հետ քաշվեն։

Սիմոնյանը չգիտի՝ այդ գործընթացը՝ հայելային հետ քաշվելը միաժամանակ գործընթաց է լինելու, թե՝ ոչ։

Սիմոնյանը չհստակեցրեց՝ ՀՀ-ի 31 գյուղերի տարածքները, որոնք Ադրբեջանը թիրախավորել է կամ օկուպացրել, արդյոք վերադարձվելու է եւ այդ տարածքներից Ադրբեջանի ԶՈւ-ն հետքաշվելո՞ւ է, թե՞ ոչ։ Նա նշեց՝ ամբողջ երկայնքով՝ Վրաստանից մինչեւ Իրան այդ գործընթացը պետք է շարունակականություն ունենա․ «Այս պրոցեսը ոչ թե նրա մասին է, որ էդ չորս գյուղը էս կողմ, էն կողմի լինի, իրենք գան իրենց տեղը կանգնեն, այլ՝ սահման գծվի»։

Հիշեցնենք, Ադրբեջանը Հայաստանից պահանջում է Տավուշի մարզի 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին եւ Ղըզըլ Հաջիլին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարել է, որ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին եւ Ղըզըլ Հաջիլին անուններով գյուղեր Հայաստանի տարածքում երբեք չեն եղել, եւ պետք է առաջնորդվել 1991 թվականի քարտեզներով։
 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Եկեք ազգովի օգնենք Ալենին կատարել տարրական լիկբեզ: Եթե հիշողությունը դավաճանում է իրեն (ինչ կա որ հիշողությունը հետևում է խղճին), թեկուզ կարդա (եթե չի մերժում հայատառ տեքստերը) Ստյոպա Սաֆարյանի պատասխանը: աhttps://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/2459268044278680?ref=embed_post
    Լավ ինչքա՞ն է հանդուրժելու հայը որ այս տկար ու կարդալ-գրել չսիրող պաշտոն գռփած մարդիկ աշխատավարձ ստանան Հայաստանը Չպաշտպանելու, Հայաստանը Հանձնելու համար:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031