Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ու Թուրքիայի սամբիստները չեն ժամանի Երեւան

Մարտ 27,2024 16:30

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ապրիլի 4-ից 5-ը Երեւանում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության առիթով հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ՝ յուրաքանչյուր տարի նույն ժամանակահատվածում այս մրցման կազմակերպման իրավունքը տրվել է Հայաստանի Հանրապետությանը: «Դրա համար հիմք է ծառայել այն փաստը, որ երկու տարի անընդմեջ՝ 2022-ին եւ 2023-ին, Հայաստանը հյուրընկալել է սամբոյի ամբողջ աշխարհը. 2022-ին ՝ երիտասարդ, պատանի, դեռահաս, մարտական սամբո եւ 2023-ին՝ մեծահասակների աշխարհի առաջնություն: Հայաստանն այդ երկու մարտահրավերներից դուրս եկավ պատվով»,-ասաց նա:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյան

Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ մեր ունեցած ցուցանիշները ինչպես կազմակերպչական, այնպես էլ մարզական առումով շատ բարձր են եւ վստահություն հայտնեց, որ Հայաստանի սամբիստները 2024 թվականին միջազգային հարթակներից կբերեն բավականին բարձր հարգի մեդալներ: «Մեր թիմը աշխարհի գավաթում յուրաքանչյուր քաշային կարգում մասնակցելու է երկուսական մարզիկով, ինչը թույլատրել է միջազգային ֆեդերացիան: Նաեւ Արցախից բռնի տեղահանված սամբիստներն են թիմով մասնակցելու քվոտա ստացել, քանի որ իրենք ունեն փախստականի կարգավիճակ, ինչն ընդունվել է նաեւ ՄՕԿ-ում»,- ասաց Միքայել Հայրապետյանը:

Սամբոյի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի ասուլիսը

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը նշեց, որ ընտրանին պատրաստ է աշխարհի գավաթի խաղարկությանը, որը մայիսին կայանալիք Եվրոպայի եւ նոյեմբերին՝ աշխարհի առաջնությունների նախընտրական փուլ է: «Մեզ մեր մարզիկներին ստուգելու հնարավորություն է ընձեռվել: Այս պատերազմներից հետո մեր տղաների մեջ խոսում է անձի ինքնությունը: Նրանք մարտական են տրամադրված եւ հույս ունենք, որ լավ արդյունքներ կունենանք»,-ասաց մարզիչը:

Մասնակցության հայտ առայժմ ներկայացրել է 17 երկիր: Բայց հույս կա, որ երկրների քանակը դեռ կավելանա: Ֆեդերացիայի նախագահի խոսքով, ակնկալվում է մոտ 300 մարզիկի մասնակցություն: Բոլոր հավաքականները գալու են ամբողջական կազմերով, իսկ ամենամեծ պատվիրակությունները, թերեւս, կունենան Ռուսաստանը եւ Ուկրաինան: «Հասկանալի պատճառներով մենք նրանց տեղավորելու ենք տարբեր վայրերում, նրանց կսպասարկեն տարբեր փոխադրամիջոցներ: Բայց սամբոն ընտանիք է, ընտանիքը՝ ուժ, ուժն էլ՝ խաղաղություն»,-ասաց Միքայել Հայրապետյանը:

Իսկ հարցին, թե Ադրբեջանն ու Թուրքիան մասնակցելո՞ւ են, նա պատասխանեց, որ այս պահի դրությամբ այդ երկրներից հայտ չի ստացվել, հետեւաբար, կարելի է ասել, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031