«Ազատություն». Պաշտոնական Բաքուն երբեք անվերապահ աջակցություն չի ստացել Բրյուսելից և Վաշինգտոնից, ինչպես դա ստանում է Երևանը: Այսօր այդօրինակ դժգոհություն է հայտնել Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն:
«Հետաքրքիր է, որ Ադրբեջանը, լինելով շուրջ 30 տարի զինված ագրեսիայի, օկուպացիայի և էթնիկ զտումների զոհ, և նույնիսկ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերին, որոնք պահանջել են անհապաղ, ամբողջական և անվերապահ դուրս բերել հայկական զորքը, ԵՄ-ից և ԱՄՆ-ից երբեք նման անվերապահ աջակցություն չէր ստացել»,- նշել է Հաջիզադեն՝ ի պատասխան ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովի մասին տեղեկության հրապարակմանը:
Խոսնակի փոխանցմամբ, Բաքվին մտահոգում է Բրյուսելում նախատեսված հանդիպումը, որի օրակարգում այդ թվում Երևանին ռազմական աջակցություն տրամադրելու հարցն է, ինչպես նաև «Հայաստանի ռազմականացմանն» ուղղված Փարիզի ծրագրերը, որը «ներառում է նաև նոր խոստումներ՝ ավելացնելու ռազմական մատակարարումները (ներառյալ մահաբեր և հարձակողական զենքերը»։
«ԵՄ անդամ մեկ այլ երկիր՝ Հունաստանը, վերջերս հայտարարել է Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու մասին։ Բացի այդ, քննարկվում է Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցներից ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը: Դա լրացուցիչ մտահոգություն է առաջացնում և խարխլում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացը»,- հայտարարել է Հաջիզադեն:
Կարդացեք նաև
Նա դժգոհություն է հայտնել նաև եվրոպացի դիտորդների առաքելության ժամկետը երկարաձգելու կապակցությամբ, նշելով, որ դա արվել է առանց Ադրբեջանի համաձայնության։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: