Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբում հստակ քարտեզներով հանրությանն ավելի տեսանելի բացատրեց Տավուշի, այսպես կոչված, չորս գյուղերը Ադրբեջանին հանձնելուց հետո ամբողջ Հայաստանի գոյությանը սպառնացող վտանգները:
«Չորս գյուղերը հանձնելուց հետո այդ տարածքներում կանգնելու են ադրբեջանական զորքերը, ինչը նշանակում է, Հայաստանի 3-րդ բանակային կորպուսի լուծարում, ինչի մասին, ի դեպ, այսօր արդեն խոսել է մի ՔՊ-ական: Այսինքն, ադրբեջանական զորքը ներխուժում է Հայաստանի տարածք եւ այստեղ մենք չենք ունենում բանակ, ինչը ձեզ խոստացել է Նիկոլ Փաշինյանը: Եթե Ադրբեջանի բանակը եկավ, հայկական բանակը պետք է չլինի: Ու մեզ պաշտպանվելու ոչ մի ուժ չի մնում եւ մնալու ենք այդ տարածքներում բարձրացվելիք ադրբեջանական դրոշի ողորմածության, բարի կամքի դրսեւորման հույսին:
Պետք է հասկանալ, որ այն գյուղերը, որոնք չեն հանձնվելու Ադրբեջանին, գտնվելու են մեկուսացման մեջ, ուր գնալու համար ոչ մի ճանապարհ չենք ունենալու: Եթե ադրբեջանցիներն այնքան բարի գտնվեն, որ ձեզ թույլ տան գնալ ու ողջ, առողջ վերադառնալ, էլի չեք կարողանալու գնալ, որովհետեւ բոլոր այդ գյուղերը մեռնելու են: Այնտեղ մարդ չի մնալու՝ չունենալով կապ Մայր Հայաստանի հետ», ասաց փորձագետը:
Տիկին Ադիբեկյանի խոսքով, նաեւ ողջ Նոյեմբերյանի տարածքն է մեռնելու, որովհետեւ դժվար է պատկերացնել, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են ապրել ադրբեջանցու զենքի տակ:
Կարդացեք նաև
Այնուհետեւ, նա նշեց, որ հանձնվելիք տարածքներում բավականին լուրջ ռազմավարական բարձունքներ կան, որտեղից վերահսկվելու են Դիլիջանը, Վանաձորը, Ալավերդին, Այրումը եւ Իջեւանը: «Այսինքն, Ոսկեպարը հանձնելու հետեւանքով ամբողջ տարածաշրջանը ընկնում է ուղիղ կրակի տակ: Իսկ Դիլիջանի կորուստը արդեն նշանակում է ՎԵՐՋ:
«Նիկոլական քարոզիչները ասում են, թե այդ տարածքներում մարդ չի ապրում, դատարկ գյուղեր են, տանք՝ պրծնենք:
Նախ, սկսենք նրանից, որ այդ գյուղերը դատարկ չեն: Ինչ է, Փաշինյանը գնացել էր դատարկ գյուղեր եւ գոյություն չունեցող մարդկանց հե՞տ բանակցում ու փորձում էր համոզել, որ լքեն իրենց տները»,-ասաց նա:
Այնուամենայնիվ, ո՞րն է Ոսկեպարի նշանակությունը: Արմինե Ադիբեկյանը դա բացատրեց նորից քարտեզի վրա ցույց տալով: «Ոսկեպարից ուղիղ կրակի տակ են Դիլիջանը, Վանաձորը, Ալավերդին, Այրումը, Իջեւանը եւ դրանց շրջակա տարածքները: Որ ավելի հասկանալի լինի վտանգի աստիճանը, Ոսկեպարից մինչեւ Իջեւան, նույնն է, ինչ Զեյթունից մինչեւ Մաշտոցի պողոտա: Ու դա գտնվելու է թուրքի կրակի տակ, այդ ճանապարհը հսկվելու է թուրքի կողմից: Հայաստանի քաղաքացին չի կարողանալու գնալ Իջեւան՝ Լաստիվեր, Ենոքավան եւ այլուր», զգուշացրեց տիկին Արմինեն:
Նա նաեւ անդրադարձավ ոսկեպարցիներին իրենց տները լքելու դիմաց այլ վայրերում տուն գնելու համար Նիկոլ Փաշինյանի՝ դրամական փոխհատուցման խոստմանը՝ ասելով. «Նախ, որտե՞ղ տուն գնեն, եթե բոլոր գյուղերը հայաթափվելու են, որովհետեւ գտնվելու են կրակի տակ: Երկրորդ, ստում է, փող չի տալու: Արցախցիներին, որ համոզում էր, թե կգաք, այստեղ մենք ձեզ կպահենք, տուն կտանք, հետո, երբ նրանց տնահան արեց, հայրենիքից զրկեց, դարձրեց թափառական, հետո ի՞նչ ասաց: Ասաց, պետությունը չի կարող ձեզ տուն տալ, որովհետեւ ՀՀ քաղաքացիները չեն հասկանա, որ մենք ձեզ տուն ենք տալիս: Տավուշցիներին էլ ասելու է, թե ձեզ չենք կարող տուն տալ, որովհետեւ Արցախի փախստականները չեն հասկանա, թե ինչու ենք ձեզ տուն տալիս, իսկ իրենց չենք տալիս: Այսինքն, սարքելու է թափառական»:
Տիկին Ադիբեկյանը տավուշցիներին զգուշացրեց նաեւ, որ նրանք Երեւանում էլ ապահովություն չեն գտնելու: «Այս ամեն ինչից հետո շրջափակման մեջ գտնվելու է Երեւանը: Երեւանի կորուստը թող լինի ոչ թե երրորդ, այլ հինգերորդ փուլ, բայց դա տեղի է ունենալու: Իրենք արտասահմանում արդեն տներ, բիզնեսներ ունեն, ամեն ինչով ապահովված են: Ձեր երեխաներին ո՞վ է տուն տալու: Չեն էլ ամաչում, մարդկանց երեսին նայում ու սուտ են խոսում: Տանում են մեզ կործանման: Արդեն գոյություն ունի հանձնաժողով, որտեղ մարդիկ լուրջ քննարկում են երրորդ բանակային կորպուսի լուծարման հարցը: Այն բանակային կորպուսի, որն այսօր Հայաստանի ամենամարտունակ միավորումն է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ