Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գումարով չեմ ծախվում, դիմելու եմ Վերաքննիչ». դատարանի վճռով՝ համալսարանը պետք է Ցոլակ Ակոպյանին փոխհատուցի 7 մլն դրամ

Մարտ 27,2024 14:16

Մարտի 25-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն անվավեր է ճանաչել Բրյուսովի անվան պետական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանի՝ համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը։

Այս թեմայով Aravot.am-ի հետ զրույցում Ցոլակ Ակոպյանը նշեց, որ դատարանը լուրջ խախտումներ է նկատել, բացի դրանից՝ որոշում է կայացրել, որ համալսարանը պետք է իրեն փոխհատուցի հարկադիր պարապուրդի համար:

Ակոպյանի ձեւակերպմամբ, սակայն, այս ամենի հետ մեկտեղ՝ դատարանը նաեւ անհիմն մեկնաբանություն է արել, թե իր եւ ռեկտորի պաշտոնակատարի հարաբերությունները լարված են, եւ իրենք միասին չեն կարող աշխատել. «Այսինքն` ստացվում է՝ դատարանն արդեն իսկ կանխատեսել է, որ ռեկտոր ընտրվելու է Գյուրջինյանը: Եթե երկու օրից մրցույթն է, դատարանն ի՞նչ գիտի՝ ով է ընտրվելու (նշենք, որ առաջադրված այլ թեկնածու չկա էլ. խմբ.): Սա մեկ մտահոգություն: Եվ երկրորդ՝ դատարանը մեկ անձի՝ համալսարանի ներկայացուցչի կամայական մեկնաբանության հաշվին է նման վճիռ է ընդունել:

Ակնհայտ է, որ դատարանի նկատմամբ վարչական ռեսուրս է կիրառվել, զանգ է եղել դատավորին, դատարանին ասել են՝ ինչ ուզում ես արա, միայն չվերականգնվի: Դրա համար դատարանը որոշել է, որ համալսարանն ընդամենը պետք է ինձ փոխհատուցի գումարը: Փաստորեն, ռեկտորի պաշտոնակատարի անհիմն, կամայական հրամանի պատճառով համալսարանը պետք է գումար վճարի ինձ եւ պետտուրք՝ պետությանը: Դուրս է գալիս, որ համալսարանն իր հաշվին ինձ պետք է վճարի մոտ 7 միլիոն դրամ: Եվ սա ռեկտորի պաշտոնակատարի կամայական որոշման պատճառով:

Բայց իմ խնդիրը տվյալ պարագայում գումարը չէ, ես գումարով չեմ ծախվում, դիմելու եմ Վերաքննիչ դատարան, որպեսզի քննվի իմ աշխատանքի վերականգնման հարցը: Դա ինձ համար սկզբունքային է: Այնպես որ, այդ որոշումը դեռ ուժի մեջ չի մտնի, դեռ Վերաքննիչ բողոք կգնա, եւ արդեն հետագայում կտեսնենք, թե ինչ է լինելու: Ի դեպ, ինչքան գործընթացը երկարի, այնքան գումարն ավելանալու է: Պատկերացնո՞ւմ եք այդ գումարով 70-100 ուսանողի զեղչ կարելի էր անել, դա 20 ուսանողի ամբողջական ուսման վարձն է: Տեսեք, թե ինչքան վնաս է տվել այդ մեծամիտ մարդը համալսարանին: Եվ սա այն դեպքում, երբ իրեն լրագրող է զանգում ու իմ մասին հարց է տալիս, ասում է՝ ես այն մարդը չեմ, որ իմ մասին խոսի: Կյանքը դեռ ցույց կտա, թե ով ով է, եւ արդյոք ինքը Բրյուսովում անելիք ունի»:

Նշենք, թե «Ազատության» հարցին՝ բուհի ղեկավարությունը պատրա՞ստ է կատարել դատարանի որոշումը, թե՞ այն բողոքարկելու է. ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը չի ցանկացել մեկնաբանել, հրաժարվել է այս թեմայով խոսել. «Այն մարդը չէ, որի շուրջ ես պիտի մեկնաբանություն տամ, և դա այդ հարցը չի»:

Քանի որ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը նամակ էր ուղարկել Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, թե ինչպե՞ս է բուհի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել ռեկտորի բաց մրցույթ, երբ դատական քննությունը ավարտված չէ, նախորդ ընտրության արդյունքները անվավեր ճանաչված չեն, այս թեմայով էլ հարցեր ուղղեցինք Ցոլակ Ակոպյանին:

«Դատարանում քննվում է երկու դիմում՝ պարոն Գյուրջինյանի՝ նախկին մրցույթն անվավեր ճանաչելու դիմումը, եւ տիկին Կարինե Հարությունյանի դիմումը, որ իրեն հաստատեն ռեկտորի պաշտոնում: Դեռեւս դատարանի որեւէ վճիռ չկա, բայց մեր բուհի նորընտիր ապօրինի հոգաբարձուների խորհուրդը, որը ձեւավորվել է օրենքի խախտումով (իշխանություններն ասել էին, որ այնտեղ քաղաքական անձեր չեն լինելու, բայց խորհրդում ընդգրկված են պաշտոն զբաղեցնող անձինք՝ նախագահի գլխավորությամբ, դասախոսական կազմը եւս ապօրինի է ընտրված, ուսանողական կազմը ընտրված է կեղծված ուսանողական խորհրդի ընտրություններով, որտեղ ծանոթ, բարեկամ մարդիկ են, դեկանի աղջիկ), մրցույթ է հայտարարել:

Այն ակնհայտորեն մարմին է, որ վաղը գնալու է կյանքի կոչի Դավիթ Գյուրջինյանի երազանքը, նրան դարձնի ռեկտոր: Այնպես որ՝ սա անօրինական գործընթաց է, կրկես է: Դատական մարմինները, երբ վերջնական վճիռ կայացնեն, նաեւ սրա մասին պետք է խոսեն: Ես համոզված եմ, որ ի վերջո տիկին Հարությունյանը հաղթելու է, ինչպես ես հաղթեցի դատարանում:

Ի դեպ, ինձ էլ եղան բավական առաջարկներ՝ թե ուսանողների, թե դասախոսական կազմի կողմից, որ մասնակցեմ մրցույթին: Ես, իհարկե, շատ կուզենայի ներկա լինել դահլիճում, «կառավարման մեծագույն մասնագետի» ելույթը լսել, տեսնել ինչ ծրագիր ունի, բայց այդ գայթակղությանը դիմացա, քանի որ չէի ուզում կրկեսին մասնակցել եւ լեգիտիմացնել նրա՝ ընտրվելու հանգամանքը: Վստահ եմ՝ կյանքը, ժամանակը եւ իրավունքը ամեն ինչ իր տեղը կդնեն»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Բուհի Հանրային կապի բաժնի պատասխանատու Անի Եղիազարյանն «Ազատությանը» փոխանցել է պաշտոնական պատասխանը. «Համալսարանն այս պահին զբաղված է իր բնականոն ուսումնագիտական գործունեությամբ, Ցոլակ Ակոպյանի էջը շրջված է Բրյուսովի համալսարանի համար, և հարկ եղած դեպքում համալսարանը կանդրադառնա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031