Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գրատպության կազուսներ եւ ոչ միայն…

Մարտ 27,2024 13:30

1-ին պատկերում նույն հեղինակի նույն գրքի նույն հրատարակության տարբեր կազմերն են: Ուրեմն` գրատպության հետ կապված թյուրիմացություն է, որովհետեւ նույն հեղինակի նույն գրքի նույն հրատարակության ամբողջ տպաքանակի բոլոր օրինակները պետք է լինեն նույնական: Ներելի թյուրիմացություն է, տեխնիկական սխալ:

2-րդ պատկերում այլ կարգի թյուրիմացություն ենք նկատում: Վ. Ս. Ներսեսյանցի գրքի հայերեն թարգմանության կազմի երեսին եւ կողին (կռնակին) նշված են տարբեր վերնագրեր` «Իրավունքի եւ պետության տեսություն» ու «Պետության եւ իրավունքի տեսություն», ինչը ակնհայտ տպագրական վրիպակ է։ Այս սխալը, մի կողմից` գրատպության ընթացքում սպրդած պարզ թյուրիմացության հետեւանք է, մյուս կողմից` այն պայմանավորված է ժամանակի գաղափարախոսական ազդեցությամբ, որը խանգարել է գրքի կազմը ձեւավորողներին նկատել սխալը, որքանով սովետական մարդկանց գիտակցությունում ամրապնդված էր «Նախ` պետություն, ապա` իրավունք» մտայնությունը: Այս գրքի արժեքը, սակայն, իրավունքի եւ պետության փոխհարաբերության աշխարհայացքային, իրավաքաղաքական նորովի վերլուծությունն է, որում հեղինակն, ի հեճուկս սովետական գաղափարախոսական կաղապարի, առաջնային է համարում ոչ թե պետությունն, այլ իրավունքը: ՌԴ ԳԱ ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի (1938-2005թթ.) նորամուծությունը իրավագիտության բնագավառում՝ իրավունքի գերակայության կոնցեպտն է: Ծնունդով ղարաբաղցի ակադեմիկոսը մտահոգված էր Ռուսական պետության եւ դրանում առկա իրավամտածողության առաջընթացի մասին, մինչդեռ Ռուսաստանի ներկա իշխանությունները նրա հայրենի Արցախի հետ վարվեցին նենգաբար:

3-րդ պատկերում Հայկական սովետական հանրագիտարանի 10-րդ հատորի 2 օրինակ է, որոնցից մեկի կողի վրա առկա է մի հավելյալ նշում՝ «1000000»:

Ի դեպ, այս տարի լրանում է Հայկական հանրագիտարանի 1-ին հատորի լույս ընծայման 50 տարին: Կարեւոր է իմանալ, որ Հանրագիտարանի յուրաքանչյուր հատոր տպագրվում էր՝ 100.000 օրինակով` իր ժամանակի համար աննախադեպ տպաքանակ:  Նախապես որոշված էր 80.000 տպաքանակ, սակայն դեռ լույս չտեսած գրքի նկատմամբ անընդհատ աճող պահանջարկը ստիպեց վերանայել այդ որոշումը: Նշեմ նաեւ, որ 100.000-ը պայմանավորված էր շարվածքի օգտագործման ռեսուրսով, բարձրորակ թղթի լիմիտով, Հայաստանի սահմաններից դուրս գունավոր պատկերների եւ քարտեզների տպագրումով եւ տեխնիկա-կազմակերպական բնույթի այլ լրջագույն խնդիրներով:

1970-80-ականներին միութենական բոլոր հանրապետությունները հրատարակեցին իրենց ազգային բազմահատոր հանրագիտարանները, սակայն ո՛չ մեկը չուներ նման տպաքանակ: Իսկ 10-րդ հատորի կռնակի «1000000» գրառումը նշանակում է, որ այդ միակ օրինակը Հայկական Հանրագիտարանի միլիոներորդ օրինակն է:

4-րդ պատկերը ի ցույց է դնում մի արտառոց երեւույթ: Բրիտանացի կովկասագետ Դեյվիդ Լենգի (1924-91թթ.) «Armenia: Cradle of Civilization» գիրքը (London: George Allen & Unwin, 1970) թարգմանվել է ռուսերեն եւ 2007թ.-ին Մոսկվայում լույս ընծայվել «Армяне. Народсозидатель» վերնագրով: Ակնբախ է գրքի ռուսերեն վերանագրի («Հայերը` ստեղծագործ ժողովուրդ») անհամապատասխանությունն անգլերեն բնագրին («Հայաստանը` քաղաքակրթության օրրան»): Եվ գրքում որեւէ բացատրություն չկա, թե ինչո՛վ է պայմանավորված թարգմանչի (Ե.Ֆ.Լեւինա) կամ հրատարակչի (Центрполиграф) նման մոտեցումը: Մեր կարծիքով, սա ոչ թե գրատպությանն առնչվող կազուս է, այլ կեղծիք, եւ դրա հիմքում ռուսական մեծապետական շովինիզմն է, որը չի կարողանում հաշտվել այն գաղափարի հետ, որ «փոքր-մոքր» Հայաստանը  քաղաքակրթության օրրան է: Մեծապետական շովինիզմի դիրքերից այդպիսին կարող է լինել միայն ռուս ազգը:

Սա ինձ հիշեցնում է մի այլ դեպք, երբ Ռուսաստանի ցար Նիկոլայ 1-ինի թեթեւ ձեռքով Հայաստանյայց առաքելական եկեղեցին Ռուսաստանում գրանցվեց «Հայ գրիգորյանական եկեղեցի»՝ ոչնչով չհիմնավորված անունով: Այս դեպքում եւս ռուսական իշխանություններն ի ցույց դրեցին, որ տառապում են նույն մեծապետական մղումներով: Նման մտայնությունը խանգարում է, եւ ստիպում «մոռանալ», որ քրիստոնեության հիմքը Ռուսաստանում դրել են Բյուզանդիայի հայազգի կայսրը եւ նրա քույր Աննան, որը դարձավ ռուս ուղղափառ եկեղեցու առաջին սուրբը։ Հետաքրքիր է նաեւ, թե ինչով է պայմանավորված, որ ռուս գրականության հանճար Պուշկինը «Տազիտ» պոեմում պարկեշտ մարդու տիպար համարել է ոչ թե ռուսին, կամ գերմանացուն ու ֆրանսիացուն, այլ հային։ Ինչպես տեսնում ենք` Ռուսաստանում ոչինչ չի փոխվել:

Ահա՛, այսպիսի գրատպության (եւ ոչ միայն) կազուսներ:

Վալերի ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031