Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավորություն է ստեղծվում Եվրոպոլում ունենալ կապի սպա

Մարտ 27,2024 13:00

ՍԴՈ-1720 որոշմամբ ՀՀ սահմանադրությանը համապատասխանած միջազգային հերթական Համաձայնագրով, որը նշվում է որպես «աշխատանքային», տեղեկանում ենք նոր «հաստիքի»՝ «կապի սպա»-ի մասին:

Կապի սպան համարվում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցիչը Եվրոպոլին առնչվող հարցերում, իր առաջադրանքները կատարում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների անունից, եւ վերջինիս նշանակմամբ Եվրոպոլի հետ որեւէ աշխատանքային հարաբերություն չի հաստատվում:

Կառավարությունն իր` 2024 թվականի մարտի 7-ի N 308-Ա որոշմամբ հավանություն էր տվել «2023 թվականի հունիսի 27-ին եւ 2024 թվականի փետրվարի 5-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը եւ որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով մարտի 11-ին դիմել Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը մարտի 22-ի «դռնբաց» նիստում «գրավոր ընթացակարգով» քննեց գործը:

Կառավարության ներկայացուցիչն այս գործով եղել է ՆԳՆ փոխտեղակալ Սարգսյանը:

Ըստ արտաքին գործերի նախարարության՝ «Համաձայնագրի հաստատման կամ վավերացման արտաքին քաղաքական նպատակահարմարության եզրակացության եւ ուժի մեջ մտնելու կարգի վերաբերյալ տեղեկանքի համաձայն՝ Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կընձեռի ընդլայնել ՀՀ եւ ԵՄ ու անդամ պետությունների պատկան մարմինների միջեւ համագործակցության շրջանակը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչը լիովին համապատասխանում է Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը»:

Համաձայնագրով հնարավորություն է ստեղծվում Եվրոպոլում ունենալ կապի սպա՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ համագործակցային հարաբերությունների ստեղծմանն ուղղված՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ի եւ 28-ի աշխատանքային համաձայնագիրը: Համաձայնագրով երաշխավորվում է, որ կապի սպան պահպանի Եվրոպոլի տեղեկատվության եւ գործունեության հետ կապված հայեցողությունը եւ գաղտնիությունը: Կապի սպաների թիվը համաձայնեցվում է կողմերի միջեւ:

Կապի սպան պատասխանատու է Հայաստանի իրավապահ մարմինների, Եվրոպոլի եւ Եվրոպական միության անդամ պետությունների միջեւ կապերի հարցում աջակցության եւ տեղեկատվության փոխանակմանը նպաստելու համար:

Ի՞նչ է պարտավորվել Հայաստանը: Նախ, երաշխավորել, որ Ներքին գործերի նախարարությունն ապահովի, որ կապի սպան հասանելիություն ունենա գաղտնի տեղեկատվությանն առնվազն «CONFIDENTIEL UE/EU CONFIDENTIAL» կամ համարժեք մակարդակում եւ ապահովել, որ գաղտնի տեղեկատվության հասանելիություն ունենալու վկայականը կապի սպային տրամադրվի Ազգային անվտանգության իրավասու մարմնի կողմից եւ ներկայացվի Եվրոպոլին՝ դրանում հստակորեն նշելով գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունեցող կապի սպային, գաղտնի տեղեկատվության հասանելիության աստիճանը եւ դրա վավերականության ժամկետը (հոդված 5, մաս 1), երաշխավորել, որ կապի սպան պահպանի Եվրոպոլի տեղեկատվության եւ գործունեության հետ կապված հայեցողությունը եւ գաղտնիությունը, ինչպես նաեւ ստորագրի դրա վերաբերյալ հայտարարություն (հոդված 5, մաս 2), երաշխավորել, որ Ներքին գործերի նախարարությունն ապահովի, որ իր նշանակած կապի սպան ունենա արագ եւ, տեխնիկապես իրագործելի լինելու դեպքում, ուղիղ հասանելիություն դեպի ազգային տվյալների բազաներ, որոնք անհրաժեշտ են կապի սպայի առաջադրանքների կատարման համար (հոդված 6, մաս 3):

Հետաքրքիր ձեւակերպում կա համաձայնագրում. «պարտականությունները կատարելիս կապի սպան պետք է պահպանի Եվրոպոլի ներքին կանոնները՝ միաժամանակ ենթարկվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը»: «Գրավոր դատարանից» տեղեկանում ենք, որ Ներքին գործերի նախարարությունը պատասխանատվություն կկրի Եվրոպոլի գույքին կապի սպայի կողմից պատճառված ցանկացած վնասի համար, ինչպես նաեւ ցանկացած այդպիսի վնաս անհապաղ կփոխհատուցվի Ներքին գործերի նախարարության կողմից՝ Եվրոպոլի կողմից պատշաճ հիմնավորված պահանջի հիման վրա (հոդված 8, մաս 1)»:

Կապի սպան նաեւ Աշխատանքային համաձայնագրի մեջ սահմանված քրեական իրավախախտումների կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի համար պատասխանատու մարմինների ներկայացուցիչն է։ Այս գործով եղել է ՍԴ դատավոր Ե. Խունդկարյանի «Հատուկ կարծիքը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի գործի քննության ժամկետը երկարաձգեց, դատաքննությունը նշանակեց մայիսի 7-ին` ժամը 11:00-ին:

«Առավոտ» օրաթերթ
26.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031