Կայացավ Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի առաջնախաղը
«2024 թվականի մարտի 22. պատմական օր ոչ միայն հայ, այլեւ մերձավորարեւելյան երաժշտական թատրոնի տարեգրության մեջ: Այդ օրը Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ բեմ կբարձրանա հայկական առաջին օպերան՝ հայ երաժշտության դասական, հայ երաժշտական թատրոնի հիմնադիր, հանճարեղ կոմպոզիտոր, շնորհաշատ դաշնակահար, տաղանդավոր դիրիժոր, վաստակաշատ մանկավարժ, եռանդուն երաժշտական-հասարակական գործիչ Տիգրան Չուխաճյանի (1837-1898) «Արշակ Բ» (1868) պատմառոմանտիկական օպերան, որն առաջինն է նաեւ ողջ Մերձավոր Արեւելքում»,-օպերայի առաջնախաղին ընդառաջ մեզ հայտնել էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, չուխաճյանագետ եւ չուխաճյանասեր Աննա Ասատրյանը:
Առաջնախաղից հետո կրկին դիմեցինք տիկին Ասատրյանին:
Ներկայացնում ենք բեմադրության առաջնախաղից հետո չուխաճյանագետի խոսքն առանց միջամտության:
Կարդացեք նաև
«Նախ նշեմ, որ օպերային թատրոնի ստեղծագործական անձնակազմի արածը ես մեկ բառով կբնորոշեմ որպես սխրանք: Իսկ խոսքս ուզում եմ սկսել շնորհավորանքով, եւ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել թատերական արվեստի բոլոր ներկայացուցիչներին ու մաղթել նորանոր նվաճումներ ի շահ հայ թատրոնի առաջընթացի: Շնորհավորում եմ նաեւ թատերասերներին ու թատրոնը գնահատողներին, քանի որ հենց նրանք են իրենց ջերմ ընդունելությամբ ոգեւորում ու թեւ տալիս արտիստներին՝ խթանելով նրանց հետագա ճախրանքը թատերական արվեստի երկնակամարում: Թովմաս Թերզյանի լիբրետոյի հիման վրա գրված «Արշակ Բ»-ն իր ստեղծումից 155 տարի անց առաջին անգամ ներկայացվեց Հայաստանում: Եթե հանգամանքներն այլ կերպ դասավորվեին, ապա այս իրադարձությունը տեղի կունենար 10 տարի առաջ:
Դեռեւս 2012 թվականի նոյեմբերի 21-ին, Չուխաճյանի ծննդյան 175-ամյա հոբելյանի շրջանակներում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ համերգ, որի ծրագրում տեղ էին գտել Չուխաճյանի ստեղծագործությունները: Համերգը բացառիկ էր իր նշանակությամբ, քանի որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական նվագախումբը Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ իրականացրեց «Արշակ Բ» օպերայի Նախերգանքի հայաստանյան պրեմիերան՝ ունկնդիրներին ներկայացնելով մինչ այդ անծանոթ Չուխաճյան-սիմֆոնիստին: Մինչ այդ մեր խնդրանքով ծանոթանալով «Արշակի» պարտիտուրին եւ բարձր գնահատելով այն՝ մաեստրո Դուրգարյանը համալրեց հայաստանյան չուխաճյանասերների շարքերը, եւ թվում էր, թե «Արշակը» շատ շուտով բեմ կբարձրանա:
Սակայն հանգամանքների բերումով Դուրգարյանը հեռացավ Օպերային թատրոնից՝ իր հետ տանելով «Արշակի» բեմադրության հեռանկարը…
Եվ ահա տարիներ անց՝ շնորհիվ Կարեն Դուրգարյանի, «Արշակն» արդեն բեմում է: Այս բեմադրությունը դարձավ միջազգային նախագիծ, քանի որ ներկայացման երաժշտական ղեկավարն ու դիրիժորն էր իտալացի նշանավոր օպերային դիրիժոր Դոնատո Ռենցետտին, իսկ դիրիժորի ասիստենտը՝ Դավիդե Մասիլիան (Իտալիա):
Բեմադրության համար հրավիրվել էր ֆրանսիացի ճանաչված օպերային ռեժիսոր Ժան-Ռոման Վեսպերինին: Ուշագրավ է, որ գլխավոր հերոսների դերերգերով հանդես եկան թատրոնի հիմնականում երիտասարդ արտիստները:
Նկատեմ, որ 1945 թվականին բեմադրված եւ այս տասնամյակների ընթացքում հանդիսատեսի սերը վայելող «Արշակ Երկրորդի» պրեմիերային մասնակցեցին Օպերային թատրոնի առաջատար ուժերը՝ Հայկանուշ Դանիելյանը, Տաթեւիկ Սազանդարյանը, Պավել Լիսիցյանը: Իսկ ահա «Արշակ Բ»-ի պրեմիերային՝ 2024թ. մարտի 22-ին, Կարեն Դուրգարյանը վստահեց երիտասարդներին: Հետաքրքիր զուգահեռ անցկացնեմ՝ «Արշակ Բ» օպերայի հեղինակները եւս երիտասարդներ էին: 1868-ին, երբ ստեղծվեց օպերան, Տիգրան Չուխաճյանը 31 տարեկան էր, իսկ Թովմաս Թերզյանը՝ 28:
Օպերայի կենտրոնական ֆիգուրի՝ Արշակ Բ-ի վառ ու տպավորիչ, բազմանիստ երաժշտական կերպարը, որը Չուխաճյանը կերտել է սիրով՝ մեղմելով նրա դաժանությունը, վարպետորեն մարմնավորեց Արման Առաքելյանը: Արշակը խորապես դժբախտ է, մեկուսացած բոլորից, միայնակ անգամ իր սեփական ընտանիքում: Արման Առաքելյանի Արշակն օպերայի ընթացքում զարգանում է եւ օպերայի դրամատուրգիական զարգացմանը համապատասխան՝ փոխում իր բնույթը:
Թագուհի Ոլոմպիայի լուսավոր ու քնարական կերպարը, որին բնորոշ է բարոյական մաքրությունն ու առաքինությունը, նրբորեն կերտեց Մերի Մովսիսյանը: Մերի Մովսիսյանի՝ Արշակին ու որդուն նվիրված Ոլոմպիայի կերպարն օպերայի ընթացքում հոգեբանական զգալի փոփոխություններ չի կրում, քանի որ Չուխաճյանն ընդգծում է նրա պասիվ ինքնազոհաբերումը, հնազանդությունն ու դատապարտվածությունը: Անգամ օպերայի ամենավճռական դրամատիկ պահերին նա չի դրսեւորում դեպքերի եւ իրադարձությունների հանդեպ սեփական մոտեցումը, մնում է անհաղորդ:
Իր քնարականությամբ Ոլոմպիայի կերպարին է հարում սպարապետ Վաղինակի կերպարը, որը հաջողությամբ բացահայտեց Տիգրան Օհանյանը: Ի տարբերություն Ոլոմպիայի՝ Տիգրան Օհանյանի Վաղինակի կերպարն առանձնանում է իր նպատակամղվածությամբ, գործողությունների տրամաբանական ու հետեւողական զարգացմամբ:
Օպերայի ընթացքում բուռն զարգացում է ապրում իշխանուհի Փառանձեմի կերպարը, որի դերերգի նուրբ ու համոզիչ կատարմամբ հանդես եկավ Սիրանուշ Գասպարյանը: Հսկայական անդունդ է ընկած արտիստուհու՝ 1-ին գործողության մեջ հուսահատ ու տխուր Փառանձեմի եւ 4-րդ գործողության մեջ վրեժխնդիր Փառանձեմի միջեւ: Օպերայի կարեւոր հերոսներից մեկի՝ Գնելի կրակոտ ու խիզախ կերպարի դիպուկ մեկնաբանությամբ հանդես եկավ Հովհաննես Անդրեասյանը: Ու թեեւ Գնելը հեռանում է օպերայից վաղաժամ՝ 2-րդ գործողության ֆինալում, սական նրա շունչը զգացվում է օպերայի ողջ ընթացքում՝ նրա մահվան վրեժը դառնում է գործողությունների հետագա ծավալման խթան:
Գոշ Սարգսյանի մարմնավորած Կաթողիկոս Ներսեսի կերպարն առանձնացավ իր խիստ վեհությամբ:
Հատկապես ուզում եմ ընդգծել երգչախմբի կարեւոր դերը (խմբավար՝ Նարինե Ոսկանյան): Ժողովուրդը դառնում է դրամատիկական գործողության ակտիվ մասնակիցը: Օպերայի խմբերգերը բազմազան են իրենց բնույթով եւ գործողության զարգացման տարբեր փուլերում ստանում են այլազան գործառույթներ:
Զանգվածային տեսարանների ու խմբերգային դրվագների առատությունն օպերային ոչ միայն հաղորդում է վեհություն, այլեւ հստակ գծագրում դրամատիկական կոնֆլիկտի սոցիալ-հասարակական ուղղվածությունը: Հենց առնական էներգիայով, կոչական ինտոնացիաներով ու ռազմական քայլերգային ռիթմերով ներթափանցված խմբերգային տեսարաններում է առավելագույն ուժով բացահայտվում Չուխաճյանի օպերայի հայրենասիրական պաթոսը:
Ներկայացման հաջողությունը մեծապես պայմանավորեցին նաեւ ստեղծագործական խմբի մյուս անդամների՝ բեմադրող նկարիչ Սուքիաս Թորոսյանի, լուսային ձեւավորող Քրիստոֆ Շոպենի (Ֆրանսիա), զգեստների նկարիչ Ժաննա Դադաշյանի, բեմանկարչության եւ անիմացիայի հեղինակ Արսեն Թորոսյանի, բալետմայստեր Արա Ասատուրյանի, նվագախմբի եւ բալետի արտիստների եւ, իհարկե, ներկայացման խորհրդատուներ Ժիրայր Փափազյանի եւ Ջոն Սարգսյանի պրոֆեսիոնալ բարձրարժեք աշխատանքը:
Ավարտելով շարադրանքս՝ կուզենայի նշել օպերայի մի կարեւոր առանձնահատկության մասին: Չուխաճյանի մեռնող հերոսները՝ Գնելն ու Ոլոմպիան, կյանքին հրաժեշտ են տալիս մաժորում: Ավելին, ոչ միայն հերոսն է մեռնում մաժորային հնչողությունների ուղեկցությամբ, այլեւ ողջ տեսարանն է շարադրվում մաժորում. երկրորդ գործողության ֆինալում մեռնում է Գնելը, իսկ գործողությունն ավարտվում է G-dur-ում: Չորրորդ գործողության ֆինալում մեռնում են Օլիմպիան, եւ օպերան ավարտվում է դարձյալ G-dur-ում: Այսպիսով, մահերով լի մռայլ օպերան ավարտվում է մաժորում: Այս հարցում Չուխաճյանը հանդես է գալիս որպես համարձակ նորարար. Վերդիի «Տրավիատայում» մեռնում է գլխավոր հերոսուհին` Վիոլետան, եւ օպերան ավարտվում է des-moll-ում: Վերդիի մյուս գլուխգործոցում` «Ռիգոլետտոյում» մեռնում է Ջիլդան` օպերան կրկին ավարտվում է des-moll-ում: Եվ միայն «Արշակի» ստեղծումից երեք տարի անց, 1871-ին գրած «Աիդայում» Վերդին հանգում է Չուխաճյանի մոտեցմանը. օպերայի 4-րդ գործողության մեջ գլխավոր հերոսների` Աիդայի եւ Ռադամեսի մահառաջի զուգերգը շարադրվում է Ges-dur-ում. Ges-dur-ում էլ ավարտվում է օպերան:
Չուխաճյանի սույն մոտեցման հիմքում, անտարակույս, նրա՝ հայ ժողովրդի ազգային խառնվածքից բխող լավատեսական աշխարհընկալումն է: «Սասունցի Դավիթ» էպոսում լավատեսութան հետ մեկտեղ արտահայտվում է ժողովրդի անխախտ հավատն իր արդար գործի վերջնական հաղթանակի նկատմամբ: Մհերը չի մեռնում, այլ կենդանի փակվում է ժայռի մեջ, որպեսզի, երբ հնչի չարիքով ու նախանձով լեցուն հին աշխարհի վերջին ժամը, երբ «աշխարհ ավերվի, մեկ էլ շինվի», պատռի ժայռը, դուրս գա լույս աշխարհ, անցնի «քառսուն օրվա ճամփա» մեկ ժամում եւ աշխարհի երեսին սփռի համընդհանուր ուրախություն ու երջանկություն:
Չուխաճյանը կանխագուշակում է իր հանճարեղ հայրենակցին` Կոմիտասին, որը հետագայում պիտի հայտարարեր, որ հայ երգերը մեղկ ու լալկան չեն, այլ համակ ուժ են ներկայացնում եւ որ «հայ երաժշտութեան տիրող քառեակը մաժոր քառեակն է…»:
Իր օպերայում Չուխաճյանը հենվում է հայ ժողովրդի ազգային մտածողության եւ ժողովրդական երաժշտության լադային մտածողության ամուր արմատների վրա:
Այսօր՝ մարտի 27-ին, Թատրոնի միջազգային օրը, Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Հայաստանի թատերական գործիչների միության ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որն այս անգամ նվիրված է Արմեն Ջիգարխանյանին:
Փափագս է, որ ճիշտ մեկ տարի անց՝ 2025 թվականի մարտի 27-ին «Արշակ Բ» օպերան նույնպես արժանանա Հայաստանում թատերական արվեստի միակ մրցանակին՝ «Արտավազդին», քանի որ այն իսկապես երեւույթ է հայաստանյան, համահայկական ու համաշխարհային երաժշտության պատմության մեջ:
Լիահույս եմ, որ երեւանյան բեմադրությունից հետո վերջապես «Արշակ Բ» օպերան ճանաչելի կդառնա աշխարհում, կբեմադրվի աշխարհի լավագույն օպերային թատրոններում ու հաստատուն տեղ կգտնի աշխարհահռչակ արտիստների խաղացանկերում:
Վստահ եմ, որ վերջապես հայ երաժշտության հանճար Տիգրան Չուխաճյանն իր արժանի տեղը կգրավի համաշխարհային օպերային արվեստի տիտանների շարքում:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.03.2024