Լրահոս
Օրվա լրահոսը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը միջազգային դերակատարներից պահանջում է գործուն քայլեր կատարել ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հակահայկական քարոզչության և ատելության խոսքի քննության և դատապարտման ուղղությամբ

Մարտ 27,2024 11:32

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությանը, որն անընդունելի էր համարել ադրբեջանական լրատվամիջոցներով հնչող սպառնալիքները Հայաստանի հասցեին.

«Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անընդունելի է համարել ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները։ Խոսքի անազատության և կամարտահայտման արգելման հարցում առաջատար այդ երկրում լրատվամիջոցների պետական պատվերային հակահայկական խոսույթը և շանտաժային սպառնալիքներն ամենևին նորույթ չեն։ Ադրբեջանի ղեկավարության մշտական անհիմն պահանջներին «ձայնակցում է» նաև ադրբեջանական մեդիան՝ մեկ սպառնական արտահայտությունը բազմապատկելով և «իրավապատմական» հիմք ապահովելով։ Նման կերպ Ադրբեջանը մի կողմից արհեստականորեն խոչընդոտում է տարածաշրջանային կարգավորման գործընթացը, մյուս կողմից այդ խոչընդոտման «մեղավորությունը» տարածում Հայաստանի վրա։

Սա ադրբեջանական ապակառուցողականության ցուցիչներից մեկն է, սակայն ոչ վերջինը, որի վրա անհրաժեշտ ենք համարում հրավիրել Եվրոպական Միության ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ուշադրությունը։ Միայն սպառնալիքներ չեն, որ գեներացնում է ադրբեջանական մեդիան, այլ հստակ և անշեղ հայաֆոբիան, որը արդեն մի քանի տասնամյակ է, ինչ տալիս է իր դառը պտուղները։ Ադրբեջանական հանրությունը՝ մանկապարտեզից մինչև կրթության և դաստիարակության տարբեր օղակներ, կերակրվում է Հայաստանի և հայի դեմ անչափելի ատելությամբ, որն արտահայտվում է ի դեմս ռամիլսաֆարովական և քամիլզեյնալիական հակամարդկային դրսևորումների և հանրության լայն շերտերում դրա հերոսացման և պաշտամունքի։

Ադրբեջանական լրատվական դաշտը համառորեն լռում է 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի և այլ հայկական ու հայաբնակ վայրերում Ադրբեջանի իրականացրած ջարդերի ու վայրագությունների, Ջուղայի հայկական գերեզմանատան և հայկական հոգևոր-ազգային ժառանգության ամբողջական ոչնչացման և դրանց՝ մարդկության դեմ հանցավոր ակտ լինելու մասին և փառաբանում է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքի քանդումը, իբրև «հանցագործությունների» պլանավորման վայր, մինչդեռ քանդման և պարսավանքի են ենթակա ադրբեջանական բոլոր պետական գերատեսչությունների շենքերը, որոնցում տարբեր ժամանակներում պլանավորվել են հայության դեմ բոլոր պատերազմական հանցանքները։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը պահանջում է միջազգային դերակատարներին գործուն քայլեր կատարել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հակահայկական քարոզչության և Հայաստանի ու հայության դեմ ատելության ու թշնամանքի խոսքի քննության և դատապարտման ուղղությամբ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031