Լրահոս
Օրվա լրահոսը

Վատ տրամադրությունը դեռ դեպրեսիա չէ․ դեպրեսիայի տեսակներն ու բուժման հնարավորությունները

Մարտ 27,2024 09:40

Դեպրեսիան տրամադրության լուրջ խանգարում է, որն ազդում է մարդու հոգեկան ու ֆիզիկական վիճակի վրա՝ խաթարելով նրա առօրյա կենսագործունեությունը, կյանքի որակը։

Դեպրեսիայի մի քանի տեսակներ կան, որոնց զարգացմանը կարող են նպաստել նաև կենսական մի շարք հանգամանքները։

Մեծ դեպրեսիան ներառում է դեպրեսիվ տրամադրության, հետաքրքրության կորստի ախտանշանները, որոնք նվազագույնը 2 շաբաթ անհանգստացնում են մարդուն՝ ազդելով նրա առօրյա կենսագործունեության վրա։

Կայուն դեպրեսիվ խանգարման (դիստիմիա) դեպքում ախտանշանները համեմատաբար ավելի թեթև են, սակայն ավելի երկարատև, սովորաբար դրսևորվում են մոտ 2 տարի։

Պերինատալ դեպրեսիա, որն առաջանում է հղիության ընթացքում կամ ծննդաբերությունից հետո․ հղիության ընթացքում զարգացող դեպրեսիան պրենատալ դեպրեսիան է, ծննդաբերությունից հետո սկսվողը՝ հետծննդաբերական դեպրեսիան։

Սեզոնային աֆեկտիվ խանգարումը դեպրեսիայի տեսակ է, որը կապվում է եղանակային փոփոխությունների հետ։

Փսիխոզի ախտանշաններով դեպրեսիան դեպրեսիայի ծանր ձևերից է, որի ժամանակ մարդն ունենում է փսիխոզի ախտանշաններ, ինչպիսիք են զառանցանքները (տագնապալի, ստահոդ, կայուն համոզմունքներ) կամ հալյուցինացիաները։

Երկբևեռ խանգարում (նախկինում հայտնի է եղել որպես մանիակալ-դեպրեսիվ հիվանդություն) ունեցող մարդիկ ևս ունենում են դեպրեսիվ փուլեր, որոնց ընթացքում զգում են տխրություն, անտարբերություն կամ անհուսություն,և այդ ամենը համադրվում է ակտիվության շատ ցածր մակարդակի հետ։ Սակայն երկբևեռ խանգարում ունեցող մարդիկ նաև մանիակալ դրսևորումներ են ունենում կամ անսովոր բարձր տրամադրություն, որի դեպքում իրենց կարող են շատ երջանիկ զգալ, լինել դյուրագրգիռ և շատ ակտիվ։

Դեպրեսիվ խանգարումների այլ տեսակներն են տրամադրության կարգավորման դեստրուկտիվ խանգարումը (ախտորոշվում է երեխաների ու դեռահասների մոտ) և նախադաշտանային դիսֆորիկ խանգարումը, որը նախադաշտանային համախտանիշի ծանր ձևն է։

Դեպրեսիան կարող է պատահել ցանկացած տարիքի, սեռի, ազգային պատկանելիության ու ռասայի ներկայացուցիչների հետ։
Կանանց մոտ դեպրեսիան ավելի հաճախ է ախտորոշվում, քան տղամարդկանց մոտ, սակայն տղամարդիկ նույնպես ունենում են այս խնդիրը, բայց քանի որ ավելի քիչ են տարբերակում կամ խոսում իրենց հուզական խնդիրների մասին, ապա ավելի մեծ է հավանականությունը, որ նրանց մոտ դեպրեսիան չի ախտորոշվի ու պատշաճ բուժում չի ստանա։

Որո՞նք են դեպրեսիայի նախանշաններն ու ախտանշանները

Եթե մարդը նվազագույնը երկու շաբաթվա ընթացքում գրեթե ամեն օր օրվա մեծ մասն ունենում է հետևյալ ախտանշանները, ապա, հնարավոր է, նրա մոտ դեպրեսիա է զարգանում․

  • Մշտական տխուր, տագնապալի տրամադրություն, անտրամադիր վիճակ,
  • հոռետեսություն, անհուսության զգացում,
  • դյուրագրգիռություն, հիասթափություն, անհանգստություն,
  • մեղքի, անպետքության, անօգնականության զգացում,
  • նախասիրությունների, սիրված զբաղմունքների նկատմամբ հետաքրքրության կորուստ,
  • էներգիայի նվազում, հոգնածություն, դանդաղկոտություն,
  • ուշադրության կենտրոնացման, հիշողության և որոշումներ ընդունելու հետ կապված դժվարություններ,
  • քնի խանգարումներ,
  • ախորժակի փոփոխություններ, քաշի չպլանավորված փոփոխություններ,
  • ֆիզիկական ցավեր, գլխացավեր, մարսողական խնդիրներ, որոնք չունեն ֆիզիկական հստակ պատճառ կամ չեն անցնում բուժման դեպքում,
  • մահվան, ինքնասպանության հետ կապված մտքեր կամ փորձեր։

Դեպրեսիա ունեցող մարդկանց մոտ պարտադիր չէ, որ դրսևորվեն այս բոլոր ախտանշանները․ դրանք կարող են տարբեր մարդկանց մոտ տարբեր լինել իրենց տևողությամբ ու ծանրության աստիճանով։

Դեպրեսիան նաև կարող է վարքագծային փոփոխություններ առաջացնել՝ ազդելով մարդու առօրյա կենսագործունեության վրա․ դեպրեսիա ունեցող մարդկանց բնորոշ են՝

  • զայրույթը, դյուրագրգիռությունը,
  • անհանգստությունը,
  • ռիսկային գործողություններ կատարելու հանդեպ հետաքրքրությունը,
  • ոգելից խմիչքի, թմրանյութերի օգտագործման ցանկությունը,
  • մեկուսացումն ընտանիքից, ընկերներից,
  • սեռական ցանկության հետ կապված խնդիրները,
  • աշխատունակության կորուստը և այլն։

Ինչպես նշվեց, հոգեկան առողջության խնդիրները երբեմն ֆիզիկական դրսևորումներ են ստանում՝ առաջացնելով, օրինակ, հաճախասրտություն, լարվածություն կրծքավանդակում, տևական գլխացավեր կամ մարսողական խնդիրներ։ Տղամարդիկ ավելի հաճախ են դիմում բժշկին այս դեպքերում՝ ուշադրություն դարձնելով խնդրի ոչ թե հուզական, այլ ֆիզիկական կողմին։

Դեպրեսիան ախտորոշվում է հոգեկան առողջության մասնագետի կողմից և ախտորոշման համար վատ տրամադրությունից զատ պետք է առկա լինեն նաև մի քանի կայուն ախտանշաններ։

Դեպրեսիայի զարգացման ռիսկի գործոնները

Հետազոտությունները ցույց են տալիս, որ դեպրեսիայի զարգացման մեջ դեր ունեն գենետիկ, կենսաբանական, էկոլոգիական ու հոգեբանական գործոնները։
Այն կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն ավելի հաճախ զարգանում է մեծահասակների մոտ։ Դեպրեսիան հանդիպում է նաև երեխաների ու դեռահասների շրջանում՝ ավելի շատ դրսևորվելով դյուրագրգիռությամբ, քան տխրությամբ։ Մեծահասակների մոտ շատ դեպքերում տրամադրության քրոնիկ խանգարումների, տագնապային խանգարումների հիմքում մանկության շրջանում տագնապի բարձր մակարդակն է։

Տարեց մարդկանց շրջանում դեպրեսիան կարող է զարգանալ այլ լուրջ հիվանդություններին զուգահեռ, ինչպիսիք են դիաբետը, քաղցկեղը, Պարկինսոնի հիվանդությունը և այլն։

Երբեմն առողջական խնդիրները, ինչպիսիք են վահանաձև գեղձի հիվանդությունները և որոշ դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները կարող են նպաստել դեպրեսիայի զարգացմանը։

Ռիսկի այլ գործոններն են ընտանեկան պատմությունն ու կյանքում տեղի ունեցող բացասական փոփոխությունները, տրավմաները, սթրեսը և այլն։

Դեպրեսիայի բուժումը

Անգամ ամենածանր դեպրեսիան ենթակա է բուժման և որքան շուտ սկսվի բուժումը, այնքան արդյունավետ կլինի։ Դեպրեսիան բուժվում է դեղորայքի, հոգեթերապիայի օգնությամբ։

Եթե այդ երկու միջոցները չեն օգնում, ապա կարող են կիրառվել այլ ընթացակարգեր, ինչպիսին գլխուղեղի խթանման թերապիան է:

Կարևոր է իմանալ, որ դեպրեսիան տարբեր մարդկանց մոտ տարբեր դրսևորումներ ունի, ուստի չկա ունիվերսալ բուժում։

Դեղորայքային բուժումը ներառում է հակադեպրեսանտները, որոնց ազդեցության համար ժամանակ է հարկավոր՝ սովորաբար 4-8 շաբաթ։ Սկզբում բարելավվում են քնի, ախորժակի, ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրները, այնուհետև բարձրանում է տրամադրությունը, և այդ ընթացքում կարևոր է համբերությամբ զինվելն ու դեղորայքին ազդելու հնարավորություն տալը։

Եթե սկսում եք հակադեպրեսանտներ ընդունել, ապա մի դադարեցրեք դրանց ընդունումն առանց բժշկի հետ խորհրդակցելու։ Երբեմն մարդիկ, հակադեպրեսանտների դրական ազդեցությունը զգալուց հետո ինքնուրույն դադարեցնում են դեղորայքի ընդունումը, և դեպրեսիայի ախտանշանները վերադառնում են կամ սրվում։ Ուստի անհրաժեշտ է բժշկի հետ խորհրդակցել դեղորայքի դեղաչափն անվնաս նվազեցնելու, այնուհետև դեղորայքի օգտագործումը դադարեցնելու վերաբերյալ։

Որոշ դեպքերում երեխաների, դեռահասների ու երիտասարդների շրջանում հակադեպրեսանտների ընդունման առաջին շրջանում կարող է նկատվել սուիցիդալ մտքերի ակտիվացում, ուստի խորհուրդ է տրվում հատկապես առաջին շաբաթներին ուշադիր լինել հակադեպրեսանտներ ընդունող մարդկանց նկատմամբ։

Եթե դեղամիջոցներն ու հոգեթերապիան չեն օգնում, կարող է դիտարկվել գլխուղեղի խթանման թերապիան, որի դեպքում կիրառվում են էլեկտրական հոսանքներ, որոնք, անցնելով գլխուղեղով, ազդում են գլխուղեղի նյարդային հաղորդիչների գործունեության և ազդեցության վրա։

Սեզոնային աֆեկտիվ խանգարում ունեցող մարդկանց կարող է օգնել ամենօրյա առավոտյան լուսաբուժությունը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ ԱՄՆ հոգեկան առողջության ազգային ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031