Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանական» եւ «քոչարյանական» պղպջակները

Մարտ 27,2024 10:00

Մեր հասարակության պառակտվածության պատճառներից մեկը վերջերս ինձ հուշեց մի ընթերցող: Բանն այն է, որ Հայաստանի այն քաղաքացիները, որոնց վստահության վարկանիշային ցուցակը գլխավորում է Փաշինյանը, որպես հակառեյթինգի առաջնորդ դիտարկում են Ռոբերտ Քոչարյանին: Եվ հակառակը՝ նրանք, ովքեր ամենաշատը վստահում են Քոչարյանին, ամենաանընդունելի կերպար են համարում ներկայիս վարչապետին:

Այլ կերպ ասած՝ քաղաքացիների մի հսկայական խումբ վստահ է, որ իրենց հերոսը (Փաշինյանը) գլխավոր պատնեշն է, որ իրենց հակահերոսը (Քոչարյանը) իշխանության չվերադառնա: Մեկ այլ՝ ավելի փոքր, բայց դարձյալ շոշափելի խումբ համոզված է, որ իրենց հերոսը՝ Քոչարյանը, միակ մարդն է, որը կարող է իշխանությունից հեռացնել իրենց հակահերոսին՝ Փաշինյանին:

Այս իրավիճակը միանգամայն ձեռնտու է իշխանությանը երկու պատճառով: Նախ՝ որովհետեւ զգալի փոքրամասնություն կազմող մարդիկ (ինձ նման), որոնց համար հավասարապես անընդունելի են երկուսն էլ, իրենց տեսակետն արտահայտելու պարագայում հանդիպում են երկու կողմերի կոշտ դիմադրությանը: Երկրորդ՝ իշխանությունը հնարավորություն ունի մարդկանց «վախեցնելու Քոչարյանով». հիմնական ճամբարներից դուրս գտնվող մարդկանցից շատերը մտածում են՝ «դե, եթե միայն այդ երկուսն են, ի՞նչ տարբերություն, թե որ մեկն է լինելու»:

Այսպիսով, ձեւավորվել են երկու մեծ «տեղեկատվական պղպջակներ» (bubbles), որոնց ներսում մարդիկ իրար «ջան են ասում, ջան լսում» եւ «ֆշշացնում են» մյուս «պղպջակի» հասցեին:

Իշխանություններին հաջողվել է հասարակությանը պառակտել նաեւ մեկ այլ գծով՝ «ռուսամետներ»-«արեւմտամետներ», որը շատ առումներով համատեղվում է վերը նշված երկու «պղպջակների» հետ: Հմուտ քարոզչությամբ իշխանությունը կարողացել է համոզել հասարակության զգալի մասին, որ Ռուսաստանը ցանկանում է պաշտոնանկ անել Փաշինյանին՝ մի թեզ, որը որեւէ լուրջ փաստարկով չի հիմնավորվում: Մի կողմից՝ դա անհիմն ոգեւորություն է առաջացնում ընդդիմության մի հատվածի մեջ, մյուս կողմից՝ հնարավորություն է բացվում իշխանության բոլոր ընդդիմախոսների «բերանները ծեփել»՝ ասելով, որ նրանք «5-րդ շարասյուն» են:

Հասարակական կյանքում որոշակի շարժ կնկատվի այն ժամանակ, երբ քաղաքական գործիչները (այդ թվում՝ ՔՊ-ական, դաշնակցական, հանրապետական եւ այլ), քաղաքական այլ ուժերը սկսեն ընկալվել այդ երկու «պղպջակներից» դուրս: Ինձ թվում է, իրադարձությունների զարգացման աղետալի ընթացքը ստիպելու է մեր քաղաքացիներին կիրառել այլ՝ ավելի իրատեսական, ողբալի իրավիճակից բխող չափանիշներ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ժողովրդին ծուղակը գցելու համար մի կողմից դրոշակներ են անցկացնում նախկինների հոտով, մյուս կողմից՝ ներկաների հոտով, ժողովուրդը մի մարմին է, նա մեկ ներկաներից է հուշտ լինում ու նետվում հակառակ կողմը, որտեղ նախկիններն են, սրանցից էլ է հուշտ լինում եւ նետվում ներկաների կողմը եւ ժողովրդի մտքով չի անցնում, որ կարելի է հեշտությամբ ցատկել այդ ներկա նախկին դրոշակներից եւ հայտնվել ազատության մեջ: Մտավորականությունը դրոշակներից դուրս ցատկելու ճանապարհը ցույց է տալիս, բայց ժողովուրդն իր մտավորականությանը չի լսում եւ իր հետ ծուղակն է տանում նաեւ հասկացող մտավորականությանը: Ժողովո՛ւրդ, լսեք ձեր մտավորականությանը, ՝՝որոնց համար հավասարապես անընդունելի են երկուսն էլ՝՝, ժողովրդով միասնական մոտեցեք որեւէ դրոշակին եւ ցատկեք այդ դրոշակի վրայով եւ ուղղորվող դեպի թակարդը ժողովրդից կդառնանք սուբյեկտ ինքնիշխան ազատ ու երջանիկ ժողովրդի: Այն ժողովուրդը, ով ունակ է լսելու եւ ենթարկվելու իր մտավորականությանը, նա էլ կփրկվի ծուղակից, իսկ ով կմնա ներկա նախկին դիլեմայի արանքում, նա կհայտնվի ծուղակում կամ թակարդում: Այս տեխնոլոգիան գլոբալ այլասերվածը բոլոր ժողովուրդների վրա է կիրառում, մենք եւ մեր նման ժողովուրդները կփրկվենք մեր մտավորականության առաջնորդությամբ:

  2. Ruben says:

    Ճապոնացիներն ունեն Բուշիդո (մարտնչողի ճանապարհ, սամուրայի բարոյական կոդեքս): Ի՞նչ կա իրենց հայ կոչողների մեջ՝ հայրենասիրությու՞ն, բարոյականությու՞ն…
    Աստծո արարածները մեղք են գործում և ներողություն չեն խնդրում: Մարդկանց մեծամասնության համար էգոիզմը («եսասիրությունը») դարձել է գոյության ծայրահեղ սահման: Տարածված է վախի վիրուս մահի առջեւ: Իշխանությունը բոլորի համար հարստանալու միջոց է։
    Հայրենիքը և ծննդավայրը (Родина) միայն թղթի վրա է կամ երրորդ բաժակից հետո:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031