Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկության միասնականության» մասին հեքիաթը

Մարտ 27,2024 14:00

Պատերազմները միշտ էլ ուղեկցվել են երեսպաշտ քարոզչությամբ

«We are the world, We are the children», – այդպիսի երգ էին երգում ամերիկացի աստղերը 1985 թվականին՝ Աֆրիկայում բարեգործական ծրագրերին սատարելու համար: Այդ երգի տարածումը մեզ համար համընկավ գորբաչովյան վերակառուցման հետ, եւ ձեռք բերեց այլ՝ ավելի համընդհանուր իմաստ: Այն ստացել էր համարյա Շիլլերի խոսքերով Բեթհովենի «Ցնծության ձոնի» ժամանակակից տարբերակի կարգավիճակ: Եկել է, կարծում էինք մենք, «սառը պատերազմի» եւ ընդհանրապես պատերազմների վերջը, այլեւս ոչ մի «երկաթյա վարագույր», ոչ մի հակադրություն, ամբողջ մարդկությունն ապրելու է ազատության եւ հումանիզմի դրոշի տակ:

Ավելին ասեմ՝ երբ 1992 թվականին սկսվեց Արցախյան առաջին պատերազմը, մեզ (համենայնդեպս՝ ինձ) թվում էր, որ դա «պայծառ ուղուց» ժամանակավոր շեղում է, որ հարեւանների հետ խնդիրը կկարգավորվի, իսկ մեր երեխաները կողք կողքի ապրելու են ինչպես ֆրանսիացիները եւ գերմանացիները: Հայաստանի ներկայիս իշխանությունները նույնպես նման բան են ասում, բայց չի կարող պատահել, որ նրանք իսկապես այդպես մտածեն՝ դա արդեն մաքուր փարիսեցիություն է: Թե՛ նրանք, թե՛ մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ նման բան պատմական տեսանելի ապագայում տեղի չի ունենա: Աշխարհն ապրել է եւ ապրելու է պերմանենտ պատերազմների պայմաններում ինչպես այս, այնպես էլ մնացած տարածաշրջաններում:

Փարիսեցիությունն, այո, ուղեկցելու է բոլոր պատերազմները: Ռուսաստանը չի ասում, որ նա պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ այդ երկիրը նվաճելու համար: Դա մատուցվում է որպես «հատուկ ռազմական օպերացիա», որը նպատակ ունի ապազգայնականացնել եւ ապառազմականացնել Ուկրաինան: Եվ Ռուսաստանն, իբր, պաշտպանվում է, թե չէ Ուկրաինան կամ ՆԱՏՕ-ն իր վրա հարձակվելու էր:

Ալիեւը չի ասում, որ միշտ նպատակ է ունեցել հայերին արտաքսելու Արցախից եւ դա արել է երկու փուլով՝ 2020 եւ 2023 թվականներին: Նա պնդում է, որ «միջազգային իրավունքի համաձայն՝ վերականգնել է երկրի տարածքային ամբողջականությունը»:

Միացյալ Նահանգներն ու արեւմտյան կոալիցիան չէին ասում, որ Իրաքում կամ Աֆղանստանում ցանկանում էին իրենց ձեռնտու ռեժիմներ հաստատել. նրանք իբր պայքարում էին այդ երկրներում ժողովրդավարություն հաստատելու համար, իսկ Բելգրադը ռմբակոծում էին՝ էթնիկ զտումներ թույլ չտալու համար: Նույն տրամաբանությամբ՝ պետք է ռմբակոծեին Բաքուն:

Բայց պատերազմների քարոզչական ապահովման համար արտասանվող բառերը, եթե անգամ առավել միամիտներին համոզիչ են թվում, իրողությունը չի փոխվում՝ պատերազմն աշխարհի տարբեր անկյուններում շարունակվում է, եւ մոտակա տարիների ու տասնամյակների ընթացքում չի դադարելու:

Այդ վիճակը շարունակվելու է այնքան ժամանակ, որքան մարդկության մեծամասնությունը հավատում է, որ իր կյանքի իմաստը նյութական կարիքների բավարարումն է, որ կյանքը գոյատեւելու պայքար է՝ եթե դու այս կամ այն պատճառով չես կարողանում քո «կարկանդակները թխես», ապա խնդիր չկա՝ ուրիշինը կխլես: Կամ քեզնից կխլեն:

Իսկ «մարդկության միավորման» մասին խոսակցություններն այդ դառը իրականության երեսպաշտ նվագակցությունն են: Խելացի մարդիկ միշտ էլ հասկանում էին, որ այս՝ պահանջները բավարարելու հիմունքով աշխարհը չի «գլոբալանա»:

Ահա թե ինչ է ասում «Կարամազով եղբայրներ» վեպում հայր Զոսիման, որի շուրթերի մեջ Դոստոեւսկին, ըստ ամենայնի, ներդրել է իր սեփական մտքերը. «Հավատացնում են, որ աշխարհն ավելի ու ավելի կմիավորվի հետզհետե, կսերտանան եղբայրական փոխհարաբերական կապերը, որովհետեւ տարածությունները կրճատվում են, օդի միջոցով մտքեր են հաղորդվում: Ավա՜ղ, մի՛ հավատաք մարդկանց այդպիսի միավորման: Ազատությունը հասկանալով որպես պահանջարկների բազմացում, մարդիկ աղավաղում են իրենց սեփական բնությունը»:

«Տարածությունների կրճատումը» եւ «մտքերն օդով փոխանցելը» դարձել է այսօր ավելի քան իրական: Բայց արդյո՞ք դա նպաստել է մարդկության միասնությանը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aha says:

    Another, much simpler, way of seeing this through the philosophical and mystical prism: think of the Yin Yang symbol as well as of the duality of angels/demons, paradise/hell, good/evil. All different ways of saying that humans are doomed to suffer and the only way they can attenuate it is to improve themselves: reincarnations in Buddhism, Nirvana in Hinduism, compassion and forgiveness in Christianity, etc.

    In other words, both at the individual and collective scales, one must work on himself/herself and that is a long and difficult process … compared to simply blaming all on Sashik’s 50, Robik’s 4, the Tushonkas, or Tovmasyan’s pen 😉

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031