Լրահոս
Օրվա լրահոսը

«200 դրամանոց սուրճը դարձրեցիր 5000 դրամ, վաղը քո բիզնեսն է փակվելու»․ Դավիթ Առուշանյանը՝ զբոսաշրջային Գյումրիում թանկացումների մասին

Մարտ 26,2024 22:55

Aravot.am-ն Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանին հարցրեց՝ նկատե՞լ է, որ Գյումրին դառնում է թանկ քաղաքներից մեկը, շատերը դժգոհում են, թե ռեստորանի, սրճարանի ու հյուրանոցների գներն արհեստական են բարձրացրել՝ օգտվելով առիթից, որ կոլորիտ ունեցող այս վայրը հավակնում է դառնալ ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը։

Պատգամավորը, որը մեծ փորձ ունի զբոսաշրջային ոլորտում, ասաց․ «Ուզում եմ ձեզ հիշեցնել այն հարցազրույցները, որը տվել եմ ձեր լրատվամիջոցին՝ փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ։ Հիշո՞ւմ եք իմ խոսքերը, երբ ասում էի՝ այն բումը, որ կա Գյումրու զբոսաշրջային ոլորտում, մի մեծ խարույկ է, որի մեջ միշտ փայտ պիտի գցվի։ Եթե այդ փայտը չեն գցում, խարույկը մարելու է․ հնարավոր չէ Երևանից եկած զբոսաշրջիկին ամեն անգամ տանել Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան։ Այդ մարդիկ հոգնելու են նույն բանը տեսնելուց։

Քաղաքային իշխանությունները պարտավոր են քաղաքում նոր հետաքրքրություններ ապահովել։ Եվ քանի որ քաղաքային իշխանության համար պետական հետարքրքություն ապահովելը շատ բարդ է, իմ պատկերացմամբ՝ քաղաքային իշխանությունն այս դեպքում պիտի ստեղծի այնպիսի միջավայր, որպեսզի ներդրողները հնարավորինս արագ կարողանան իրենց գործն անել՝ նոր բիզնեսներ հիմնելով, որոնք հետաքրքրություն են բերելու։

Չեմ ուզում անուններ հնչեցնել, որ գովազդ չդիտարկվի, բայց բերեմ մի օրինակ, թե ինչպես Գյումրիում բացվեց շատ հետաքրքիր մի բաղնիք, և Երևանում բնակվող իմ ընկերներն ասում են՝ շատ հետաքրքիր վայր է բացվել ձեր քաղաքում, գնանք, մի օր մնանք Գյումրիում՝ գիշերակացով, գնանք այդ բաղնիքը, հաջորդ օրը հետ գանք։ Այսինքն մասնավորի կողմից ստեղծված բաղնիքը զբոսաշրջիկ է բերում Գյումրի, ապահովում է նաև հյուրանոցում գիշերակաց, ռեստորաններում՝ սնունդ։

Բայց դա քաղաքապետարանի կողմից չէր կազմակերպված, մասնավորի կողմից է, հիշում եմ նաև, որ այդ մասնավորը շատ երկար չարչարվում էր ամեն մի մանրուքի համար, որպեսզի այդ բաղնիքը կառուցվեր։ Ամեն մի մանր հարցի համար երկար ժամանակ գնում-գալիս էին քաղաքապետարան»։

Պատգամավորը նշում է, որ Գյումրիում պիտի ավելանա հյուրանոցների թիվը, այդ միջոցով հնարավոր կլինի Թբիլիսիում Ամանոր նշողներին ուղղորդել գողտրիկ այս քաղաք։

«Հաջորդ մասը, որը դարձյալ շատ կարևոր է, հյուրանոցներն են։ Տեսեք՝ 2023-24 թվականի Ամանորին բոլորս հիշում ենք, Թբիլիսի գնալու համար մաքսատներում կիլոմետրերով հերթեր էին։

Եվ այդ ժամանակ Գյումրու ոչ մի հյուրանոցում ոչ մի ազատ տեղ չկար։ Եթե լինեին էլ ավելի հյուրանոցներ Գյումրիում, հետարքրքություն կար Գյումրու հանդեպ, այդ մարդկանց մի մասը կգային Գյումրի, մարդիկ և՛ Թբիլիսի էին գնում Ամանոր նշելու և՛ եկել էին Գյումրիում նշելու։ Վստահ եմ, որ Գյումրիում շատ ավելի հյուրանոցային համարներ ունենայինք, այդ մարդկանց մի մասը հաստատ Գյումրի էր գալու։

Քաղաքային իշխանության՝ զբոսաշրջությունը խթանելու առաջին խնդիրներից է՝ այն տնտեսվարողները, որոնք ներդրումներ են անում զբոսաշրջության ոլորտում, նրանց գործերը հնարավորինս արագ փորձեն կարգավորել ՝ և ոչ միայն Գյումրու քաղաքապետարանի հետ կապված, այլ մյուս պետական կառույցների։ Ամեն մի հյուրանոցային համարը Գյումրիում ամենաքիչը ևս հարյուր դոլար բերելու է Գյումրի։ Ու խոսքը ոչ միայն հյուրանոցի մասին է , այդ գումարը ծախսվելու է ռեստորանում, օգտվելու է նաև տաքսի ծառայությունը։ Այդքան փող են թողնելու քաղաքին։

Քաղաքային իշխանության՝ զբոսաշրջային քաղաքը ճիշտ կառավարելը դա է, ես չեմ ասում քաղաքային իշխանությունը միայն ինքն իրենով փորձի հետաքրքրություն մտցնել, ֆինանսական միջոցները կարող են այդքան էլ չբավարարել, բայց օրինակ՝ այգիների կառուցման պարագայում քաղաքային իշխանությունը պետք է դա անի, որովհետև զբոսաշրջիկին դա շատ հետաքրքիր կլինի։ Նոր հետարքրքություն է պետք Գյումրիի համար, չենք կարող մենք փոքր Հայաստանի մեջ այնպես անել, որ ամբողջ Հայաստանի բնակչությունը միշտ լինի Գյումրիում»։

Ըստ պատգամավորի, Գյումրիում հիմնականում զարգացել է ներքին տուրիզմը, այցելում են Երևանից և Հայաստանի այլ վայրերից։

Դավիթ Առուշանյանի ասելով, որոշ օտարերկրացիների համար Գյումրին տրանզիտ քաղաք է, գալիս, Գյումրու օդանավակայան են իջնում ու շարունակում են ճամփան։ Ըստ նրա՝ արդյո՞ք մենք կարողացել ենք օդանավակայանում այնպես կազմակերպել, որ զբոսաշրջիկը հասկանա՝ կարելի է մի օր էլ մնալ Գյումրիում։

Ըստ նրա, կազմակերպչական նման խնդիրները պետք է լուծվեն, որպեսզի զբոսաշրջության մակարդակն այս քաղաքում չիջնի։

Պատգամավորը գներն արհեստական թանկացնելու հետ կապված ասում է՝ տնտեսվարողները իրենք են գնային քաղաքականությունը վարում, եթե պահանջարկը չլինի, առաջարկը կփոխվի։

«Գների չմտածված թանկացումը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում առաջին հերթին տնտեսվարողին։ Օրինակ՝ եթե սուրճը դարձրեցին 5000 դրամ, իրենք գործ չեն ունենալու, եթե 200 դրամանոց սուրճն են դարձնում 1000, հնարավորինս հասկանալի է։

Ես հաճախ էի կատակում, թե Երևանում ինչքան որ թեյավճար ենք թողնում, Գյումրիում էդքան հաշիվ ենք փակում։ Եթե հիմա դա այն թանկացումն է, որ հասել է գագաթնակետին, վստահ եղեք՝ տնտեսվարողներն անմտածված թանկացում արեցին, վաղը բիզնեսը փրկելու համար են իջեցնելու գները։ Այնպես որ բիզնեսը ինչ-որ չափով կարողանում է ինքն իրեն կառավարել։

Այստեղ չկա մրցակցության խնդիր, որպես խառնվի տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը, որովհետև մենաշնորհային դիրք գոյություն չունի, մեկի մոտ մատչելի է, մյուսի մոտ թանկ է, բիզնեսն ինքն իրեն կկարգավորի։ Բայց, էլի եմ ասում, քաղաքային իշխանությունները որոշակի պարտավորություն ունեն։

Տեսեք իմ համար քաղաքային իշխանությունը չի սահմանափակվում բուն քաղաքապետի պաշտոնի անձնագրի գործողություններով։ Իմ պատկերացմամբ՝ քաղաքապետը յուրաքանչյուր գյումրեցու ունեցած խնդրի հետևից հետևողականորեն գնացողն է։

Իմ համար էական չէ, թե քաղաքապետարանի գործառույթի մեջ չի մտնում օրինակ՝ անձնագրային բաժնի խնդիրները։ Անձնագրային բաժինը, կադաստրը, սոցապը իրեն չեն ենթարկվում, նրանց գործառույթների մեջ խառնվելու լիազորություն չունի, բայց քաղաքապետը հո պարտավորություն ունի՞ իր քաղաքացու համար, եթե իր քաղաքացին է անձնագրայինում, սոցապում խնդիրների առաջ կանգնում, իմ պատկերացմամբ, գուցե իմ պատկերացումը որևէ տեղ օրենքով գրված չէ, քաղաքապետը պարտավոր է յուրաքանչյուր քաղաքացու շահերն ապահովել գոնե պետական կառույցներում։

Նույն էլ հյուրանոցների գների անբնական աճին եթե վերադառնանք, չի կարող քաղաքապետն ազդել տնտեսավորողների վրա, բայց կարող է չէ՞ տնտեսվարողների հետ խոսել, եթե կառավարությունը, քաղաքապետարանն անում է գործողություններ, որ զբոսաշրջիկը գա, դուք՝ տնտեսվարողներ, ձեր գործողություներով փոշիացնում եք մեր աշխատանքը, կառավարեք ձեր գործողությունները։

Քաղաքապետն օրենքով իրավունք չունի միջամտելու, բայց գոնե պարտավոր է էդ ուղղությամբ աշխատանք տանելու։ Քաղաքապետը իմ պատկերացմամբ՝ այն մարդն է, որն ամբողջությամբ տիրապետում է քաղաքի ամեն ինչին։ Քաղաքապետը պիտի լինի յուրաքանչյուր գյումրեցու քաղաքապետը»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031